կարևոր
1042 դիտում, 7 ժամ առաջ - 2025-05-09 10:48
Քաղաքական

Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ․ վերադարձն անխուսափելի է, համախմբվել եւ պայքարել, սա է օրվա հրամայականը

Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ․ վերադարձն անխուսափելի է, համախմբվել եւ պայքարել, սա է օրվա հրամայականը

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատագրումով հայակական կողմը ամրագրեց իր հաղթանակը։ 2020-ին, Շուշիի հանձնումով՝ իր պարտադրված պարտությունը։

Ինչպես Շուշիի ազատագրումով արձանագրվեցին մեր հետագա հաղթանակները, նրա կորուստով էլ արձանագրվեցին մեր հետագա պարտությունները։ Հայաթափված Արցախ, անորոշության եւ աշխարհաքաղաքական խաղերի ճիրաններում հայտնված ժողովրդի իրավունք։ Բաքվի բանտերում գտնվող ռազմական եւ քաղաքական ղեկավարություն, խեղված ճակատագրեր, անիրավատեր եւ ապազգային իշխանություն։

Շուշիի հաղթանակը համահայկական զարթոնքի ու հաղթարշավի մեկնարկ էր։ Տարիներ շարունակ Հայրենիքում, Սփյուռքում կորուսյալ հայրենիքի ցավով տառապող սերունդների հպարտության գրավականը։ Այդ հերոսական էջով են հերոսացել նոր սերունդները՝ վահան դառնալով քաղաքական խարդավանքների, իրենց վրա կրելով արյունալի հարվածները։ Ժամանակը կտա ճիշտ գնահատականը՝ Շուշիի կորուստի ու պարտության մասին։

Պետք է փաստենք, որ այսօրվա փոփոխվող աշխարհում ժողովուրդների ճակատագիրը որոշվում է ուժի եւ դիրքի դիտանկյունից։ Տարածաշրջանում ոտատեղ փնտրող շահերի մեջ կորչում է մարդու իրավունքներն ու ժողովուրդների իրենց հայրենիքում ազատ ապրելու իրավունքը, մանավանդ, երբ սեփական երկիրդ չունի պայքարի առաջնորդ։ 1992-ին հայությունը կարողացավ միավորվել, միավորվել՝  հաղթանակի շուրջ, այսօր եւս պարտավոր ենք միավորվել պարտության շուրջ՝ վերազարթոնքի ու նոր թափով պայքար մղելու շուրջ։

Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը ազգային համախմբման և ազգի գոյաբանական փիլիսոփայության մեջ ստեղծել են արժեքներ, որոնք պետք է առաջնորդող փարոսը դառնան ոչ միայն մեր օրերի, այլ նաև ապագա սերունդների համար: Այդ առումով Հայաստանում տարվող քաղաքականությունը, աղետաբեր է: Իսկ նոր աղետի դեմ պայքարը ոչ միայն անհրաժեշտություն է, այլ նաև պարտականություն:

Իրավունք չունենք լռելու, երբ երկիրդ գերեվարված է, երբ զավակներդ պատանդառված են, երբ ազգային շահը նահանջում է։ Իրավունք չունենք թաղել հայ ժողովրդի հերոսական հաղթանակը, Հայրենիքի նվիրյալների արյունն Արցախի հողում է, իրավունք չունենք ուրանալու։

Վերադարձն անխուսափելի է, համախմբվել եւ պայքարել, սա է օրվա հրամայականը։

 

«Ապառաժ»-ի խմբագրական

09 մայիսի, 2025թ.