կարևոր
1210 դիտում, 7 ժամ առաջ - 2025-05-09 09:58
Հասարակություն

ՄԱՊ-ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է․«Հրապարակ»

ՄԱՊ-ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է․«Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանին (ՄԱՊ-ի Ալիկ) պատկանող «ՄԱՊ» ընկերությունում որոշ ժամանակ առաջ ազատումներ են եղել։ Ազատված աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ ընկերությունում կրճատումներ է արել ղեկավարությունը՝ թողնելով միայն երիտասարդների եւ միջին տարիքի մարդկանց, կրճատվել են 50-ից բարձր տարիք ունեցող աշխատակիցները։ Մեր զրուցակիցը պատճառների մասին ոչինչ չգիտեր, ասաց՝ ասել են, որ կրճատումներ են, եւ ուղարկել տուն։

Մենք փորձեցինք կապ հաստատել Ալեքսան Պետրոսյանի հետ, նա մեր զանգերին չպատասխանեց, որդին՝ Մակար Պետրոսյանը, հաստատեց տեղեկությունը․ «Կրճատումները ես եմ կատարել, բոլոր բաժիններից ենք կրճատել, այնպես չէ, որ 50+, շատ ավելի բարձր տարիքային աշխատողներ ունենք։ Տարբեր բաժիններից առաջարկել ենք կրճատումներ անել․ խնդիրներ են եղել Լարսի հետ կապված, ընկերությունը ֆինանսական ծանր դրության մեջ էր հայտնվել, որպեսզի նորից իրեն առողջացնենք, ծախսերի կրճատում եմ ես անում։ Բայց աշնանը մենք կվերականգնենք, էլի․ հարցն այս միջանկյալ շրջանում ծախսերի շրջանում տնտեսում անելն էր, առավել եւս, որ վաճառքներն ընկած են հիմա եւ շարունակում են ընկած մնալ»։

Նշենք, որ նախկին պաշտոնյա Ալեքսան Պետրոսյանը ներգրավված է քրեական եւ քաղաքացիական գործերով, նրա եկամուտները դատարանն ապօրինի էր համարել եւ դիմել դատարան՝ բռնագանձելու պահանջով, սակայն դատարանն այն մոտ մեկ ամիս առաջ կարճել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։