Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ քաղխորհրդի անդամ Զոյա Թադեւոսյանը` անձամբ, Դավութօղլուից որեւէ պահանջ չունի: «Եթե ունեմ էլ, ապա ունեմ իմ իշխանություններից դժգոհություն: Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչ անհամաձայնություն պետք է ցույց տալ Դավութօղլուին կամ ինչ բողոքի ակցիա անել: Նրանք այսօր մեր հանդեպ չեն արել այնպիսի մի գործողություն, որի դեմ ես բողոքեմ»,- Yerkir.am-ին այսօր ասաց նա` անդրադառնալով Սեւծովյան տնտեսական համագործակցության համաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Հայաստան սպասվող այցին:
Ըստ Զոյա Թադեւոսյանի` ինչ արվել է, արվել է մեր իշխանությունների կողմից: «Ես կարող եմ բողոքել իմ իշխանության դեմ: Եթե դա վերաբերում է Մադրիդյան համաձայնագրի դրույթներին կամ արտաքին քաղաքականության մեջ մեր պարտությանը, ապա դրա համար ես պահանջ կամ հաշվետվություն ունեմ ակնկալելու իմ իշխանություններից: Եթե իմ գործողություններում ինչ-որ սխալ կա, ես իմ մեջ պետք է փնտրեմ: Քանի դեռ ես չեմ գտնում, որ ես եմ սխալ, ես դա չեմ շտկի»,- նշեց նա:
Թադեւոսյանը իր անձնական վերաբերմունքը ներկայացրեց Yerkir.am-ին` ոչ կուսակցական, ոչ քաղաքացիական, այլ` մտավորականի, եւ նշեց, որ հարեւանների հետ պետք է համերաշխ ապրել:
«Ես դա միշտ ասում եմ, գուցե դա ոմանց դուր չգա, ովքեր Հայ Դատի խնդիրներն անընդհատ բարձրացնում են, բայց չի բարձրացվում տեղին ու ժամանակին: Որպեսզի դա լինի տեղին ու ժամանակին, մենք պետք է ունենանք բավականին հզոր դիրք, գոնե` տարածաշրջանում, եւ այդ հզոր դիքրը կախված է թե' քաղաքական հզորությունից, թե' տնտեսական եւ, ընդհանրապես, երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակից, որպեսզի կարողանանք հարեւաններից եթե ոչ ամենահզորի, այլ գոնե մեր մակարդակի երկրի, օրինակ` Ադրբեջանի հետ որեւէ հարց լուծել»,- իր անձնական դիրքորոշումը ներկայացրեց Զոյա Թադեւոսյանը' հավելելով, որ երբ երկիրը հետամնաց է, երբ երկրից փախչում են նրա զավակները, այդ երկիրը պահանջատեր լինել չի կարող:
Նա նշեց նաեւ, որ հարևեւանների հետ պետք է ապրել այն տրամաբանության համաձայն, որ պետք է օգտվես հարեւանի հզորությունից` ինքդ էլ հզորանալով, եւ եթե չես կարող հանդես գալ որպես ռեսուրս արտահանող երկիր, ապ գոնե լինես համաշխարհային գիտական մտքի, տեխնոլոգիական շուկայի այնպիսի մասնագետ, որի հետ հարեւանը հաշվի կնստի: