կարևոր
949 դիտում, 7 ժամ առաջ - 2025-05-09 09:52
Քաղաքական

Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը. «Ժողովուրդ»

Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն այս օրերին լծված է նաև սեպտեմբերի վերջին սպասվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր անդամներ փնտրտուքի գործին:

Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ՔՊ վարչությունը վերից վար փոխելու, ու դա է պատճառը, որ այսօրվանից զտում է ՔՊ-ականներին ու ամենավստահելիներին է պատրաստվում վարչություն բերել: Իհարկե, նա խիստ գաղտնի է պահում այն անձանց անունները, ում հետ նպատակ ունի աշխատելու, ու ՔՊ-ականներն այս օրերին թեժ քննարկումների մեջ են այդ հարցերի կապակցությամբ: Շատերը մասնավոր զրույցներում նշում են, թե հստակ է, որ Փաշինյանն իր վարչությունում կպահի Վահագն Ալեքսանյանին, Ռուբեն Ռուբինյանին, Արուսյակ Մանավազյանին (կներառի) եւ Գևորգ Պապոյանին: Վարչության մնացած անդամների ապագան իշխող թիմի վերնախավում այս պահին հարցականի տակ է: Հիշեցնենք, որ ՔՊ վարչության վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2022 թվականի նոյեմեբերի 4-ին, որը սկանդալային ավարտ ունեցավ, քանի որ ՔՊ-ն իր ներսում կեղծել էր վարչության ընտրությունները։

Հիշեցնենք, թե ինչպես էր ամեն բան տեղի ունեցել։

ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, որ ի սկզբանե վարչության անդամությունում չէր հայտնվել, կուսակցության անդամներից մեկի համակարգչի վրա նկատել էր այն շրջանառվող ցուցակը, որտեղ գրված է եղել՝ ով պետք է անցնի վարչություն, ով՝ ոչ: Նա լուսանկարել էր շրջանառվող այդ ցուցակն ու վերահաշվարկ պահանջել: Արդյունքում՝ ինքն ու Փամբուխչյանը մտան վարչություն, իսկ Հայկ Կոնջորյանը դուրս մնաց»։