կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-25 13:55
Առանց Կատեգորիա

Մնացողների մասին

Մնացողների մասին

Բոլորը գնացողների մասին են խոսում. մնացողները ոչ մեկին չեն հետաքրքրում:

 

Գնացողները հույսով են գնում, հույս` անորոշի հանդեպ, անորոշին հեշտ է ձև տալ, սարքել` ինչ կուզես` դրախտ կամ դժոխք` ընտրությունը քո ձեռքում է, քո պատկերացումներում:

 

Գնացողներն իրենց հետ մնացողների հույսն էլ են տանում:

 

Գնում են ու փորձում նորից սկսել, նորից սկսելու, ինչ-որ բանի սկիզբն է տանում նրանց, իսկ մնացողները… Մնացողները գլուխներն են հեռվից հեռու տմբտմբացնում` մնացողների վիճակն անորոշ չէ` էս է` համակերպվիր կամ պայքարիր, պայքարիր, որ համակերպվես: Մնացողները նորից չեն սկսում` ժամանակ չկա. մնացողները շարունակում են` թեկուզ այսօրվանը, նորը: Ամեն գնացողի հետ ավելանում է մնացողի անելիքը:

 

Մնացողները գնացողների չարածն են անում, մնացողները գնացողի կենացն են խմում` «էհ»-ով, գնացողները` հայրենիքի` հոտնկայս:

 

Մնացողը կարոտում է գնացողին, գնացողը կարոտում է թողածը:

 

Գնացողներն առավոտյան օտարության մեջ քնից զարթնում են թեկուզ և տխուր, բայց` ոգևորությամբ, մնացողները` դատարկությամբ` գնացողի բարձը գրկած:

 

Մնացողները սպասում են գնացողներին, գնացողները փորձում են գնալն իմաստավորել` մնացողներին անցյալում տեղավորելով:

 

Մնացողները փոխվում են տարիքի հետ, մնացողները պատրաստ են ընդունել գնացողին` գնացածի իր հետևանքներով. գնացողի համար գնալով անտանելի է դառնում մնացողի հոգեբանությունը, մնացողի սխալը:

 

Գնացողը մինչ գնալը մտատանջվում է` ճի՞շտ է անում արդյոք, մնացողը գնացողի գնալուց հետո էլ է մտատանջվում` ճի՞շտ արեց, ճի՞շտ է անում…

 

Այդ գնացողի համա՛ր չեն առաջին օրերն անտանելի, գնացողի միտքը զբաղված է նորով, նորի հմայքը կամ դատարկությունն է չափչփում, մնացողի միտքը զբաղված է գնացողով: Գնացողն առաջին օրերին մնացողի մասին չէ մտածում, իսկ մնացողի համար գնացողի գնալուց հետո եկած էդ անտեր օրերը լուսացնել է պետք, գիշերն ապրել է պետք:

 

***

Գնում ես, փախչում. հեռանալու համար, ախր, պետք չի գնալ: Լուսադեմին ես գնում, լույսով ես գնում` իբր թե` տեսեք-տեսեք` չեմ փախչում: Գնում ես` ինքդ քեզ հետ հաշիվներդ պարզելու համար, դրա համար էլ ճանապարհող չունես, ոչ ոք չի հավատում գնալուդ:

 

***

Օդանավակայանի «Մեկնում» բաժնում գիշերն անքուն մնացած մարդիկ են, աչքերի տակը սևացած, դեմքերին չկա ոչ մի զգացմունք, անգամ արցունքոտ աչքերը մի տեսակ սառն են թվում. «Մեկնում» բաժնում մնացողների դեմքերին գնացողի` գնալու լուրը հայտնած պահի դրոշմն է, հանկարծակիությունը` սպասված կամ չսպասված, զգացողությունների` մի պահ շունչ պահելը:

 

***

«Ժամանում» բաժին եմ մտնում` ճանապարհելդ իմացա, նայեմ` ժամանմանը սպասելն ինչ բան է: Փուչիկներ, փափուկ խաղալիքներ, ծաղիկներ ու էլի անքուն մարդիկ` վրաներից տոմլայի ու քուֆթայի թարմ հոտ է փչում. գիշերը չեն քնել` տոլմա են փաթաթել, իսկ ես տոլմա փաթաթել կամ քուֆթային լավ ծեծել չգիտեմ, փուչիկ ու փափուկ խաղալիք, գրողը տանի, չեմ գնի, ծաղիկ էլ, որ գնեմ` ինձ կպահեմ, էնպես որ` քեզ չեմ դիմավորելու… Բարի վերադարձ:

 

Կարինե Հարությունյան