կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-05 15:25
Քաղաքական

Նման այցի մասին խոսք դեռ չի գնում. ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը` Պուտինի` Հայաստան այցի մասին

Նման այցի մասին խոսք դեռ չի գնում. ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը` Պուտինի` Հայաստան այցի մասին

Տեւական ժամանակ է` հայաստանյան ԶԼՄ-ները գրում են, թե ուր որ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: Արդեն քանի տարի է` Պուտինը գալիս-գալիս ու տեղ չի հասնում: Հիմա էլ ասում են, թե Պուտինը դեկտեմբերին է ժամանելու: «Հրապարակ» օրաթերթն էլ այսօր, դեռ Պուտինի այցը պաշտոնապես չհաստատված, գրել է, թե դեկտեմբերին Պուտինից առաջ, Արա Աբրահամյանի գլխավորությամբ, մոտ 5 հարյուր գործարար է ժամանելու Հայաստան: Թերթի տեղեկություններով` արդեն Հայաստանում է Պուտինի անվտանգության աշխատակիցների առաջին խումբը, մյուսները կգան ավելի ուշ` «լյուկերը փակելու»:

 

Yerkir.am-ը փորձեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանից պարզել` ի վերջո, Պուտինի այց Հայաստան նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե` այո, ապա` երբ: Սովորության համաձայն` Սաղաթելյանը հեռախոսազանգերին չէր պատասխանում` ինչպես միշտ, խորհրդակցության էր: Ստիպված եղանք զանգահարել ՌԴ նախագահի մամուլի ծառայություն` հարցի պատասխանը ստանալու:

 

«Նման այցի մասին դեռ խոսք չի գնում, և որևէ հստակ տեղեկություն դեռ չկա: Դժվար է ասել՝ ինչ կլինի դեկտեմբերին, առջևում դեռ նոյեմբեր կա (խմբ.-հավանաբար` նկատի ունեն նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովը)»,- մեր հարցին ի պատասխան, սիրալիր պատասխանեցին ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից:

 

Մեր դիտարկմանը, թե ընդհանրապես նման այց Հայաստան պլանավորվո՞ւմ է, ասացին, որ երբ պաշտոնական տեղեկություն լինի, այն անպայման կհրապարակվի, իսկ մինչ այդ իրենք իրավասու չեն որևէ տեղեկություն տրամադրել: