Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը, ով գրեթե ամեն օր լինում է Տավուշում և մոտիկից ծանոթանում անվտանգային խնդիրներին, «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց այն հիմնական խնդիրներն ու անդառնալի հետևանքները, որոնք կարող են առաջանալ Տավուշից տաարածքներ հանձնելուն դեպքում։ Նրա խոսքով՝ 1990-ականներին ձևավորված պաշտպանական գիծը կկազմաքանդվի։
«ՀՀ հյուսիս-արևելյան հատվածում, 30 տարուց ավելի, այդ պաշտպանական գիծը պահել է սահմանը՝ թույլ չտալով թշնամու որևէ առաջխաղացում։ Այդ ամբողջ պաշտպանական գիծը հայտնվելու է թշնամու թիկունքում։ Հաջորդը՝ ՌԴ-ից եկող և Հայաստան մտնող գազամուղն անցնում է այդ տարածքով։ Այսինքն, այս պարագայում ևս, Ադրբեջանը Հայաստանի էներգետիկ ռեսուրսների վրա վերահսկողություն է սահմանելու։ Ճանապարհի հինգ հատվածում տեղակայվելու են ադրբեջանական հատուկ նշանակության՝ «Յաշմա» և «Կոմանդո» ջոկատները․ դրանք հայտնվելու են Ոսկեպարում, Բաղանիսում եւ Կիրանցի կամրջի վրա՝ վերահսկելով Հայաստանից-Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Մանկապարտեզներից, դպրոցներից, պետական հաստատություններից 50 մետր հեռավորության վրա՝ տեղակայվելու են Ադրբեջանի ռազմական բազաները՝ անտանելի դարձնելով տեղի բնակչության կյանքը։ Լոռու մարզը դառնալու է սահմանապահ, որովհետեւ այդ տարածքներից մի քանի հարյուր մետր այն կողմ՝ սկսվում են Տավուշի մարզի անտառները»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորի խոսքով՝ այդ գյուղերի հանձնման դեպքում, Տավուշի մարզն է դառնալու մի յուրահատուկ անկլավ։ Հաջորդիվ էլ Ադրբեջանը փորձելու է ստանալ Տավուշի մարզի մյուս գյուղախումբը և Տիգրանաշենը՝ երկու կողմից աքցանի մեջ առնելով Հայաստանը։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանն ԻԻՀ-ին կապող մայրուղին էլ անցնում է Տիգրանաշենով։
«Այս իշխանությունները պատրաստ չեն պաշտպանելու ՀՀ շահերը, հայ ազգի շահերը»,- ասաց Գառնիկ Դանիելյանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանին հանձնվելիք Ներքին Ոսկեպարի հատվածում, 9-10 դարերի եկեղեցի է վեր խոյանում, այդտեղ ամեն մի քար ու թուփ հիշեցնում է հայկական պատկանելության մասին, ուստի աբսուրդ է ասել, թե այդ տարածքը Հայաստանին չի պատկանել։
«Եթե այս իշխանությունը շարունակի մնալ իշխանության ղեկին, սահմանազատման և սահմանագծման գործընթացը Երևանում էլ կավարտվի»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։