կարևոր
23683 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-28 20:52
Հասարակություն Տնտեսական

Խոսքը մեր տնտեսության հիմնական ճյուղի մասին է, այն կարող է ունենալ մուլտիպլիկատիվ էֆեկտ ու վերցնել ողջ տնտեսությունը․ տնտեսագետը՝ «Գեոպրոմայնինգ»-ի պատժամիջոցների մասին

Խոսքը մեր տնտեսության հիմնական ճյուղի մասին է, այն կարող է ունենալ մուլտիպլիկատիվ էֆեկտ ու վերցնել ողջ տնտեսությունը․ տնտեսագետը՝ «Գեոպրոմայնինգ»-ի պատժամիջոցների մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հետքը գրել էր, որ  2024 թվականի փետրվարի 23-ին Վաշինգտոնը հայտարարել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին։ Փաթեթում ներառված են ավելի քան 500 ֆիզիկական և իրավաբանական անձինք։  Պատժամիջոցների այս նոր փաթեթում է ներառվել նաև ռուսական հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն, որի  հայկական ակտիվներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ՓԲԸ-ն, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։

Tert.am-ը թեմայի շուրջ զրուցել է տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ` հասկանալու, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի տնտեսության վրա պատժամիջոցները և հնարավոր է ինչ-որ կերպ խուսափել այս պատժամիջոցներից։

«Ընդհանուր առմամբ շատ մտահոգիչ է, որ այս աշխարհաքաղաքական սուր հակամարտությունը արդեն ունի նաև տնտեսական դրսևորումներ։ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ և ունի Ռուսաստանի հետ հատուկ առևտրային ռեժիմ։ Պատժամիջոցների տակ ընկնելը օբյեկտիվ խնդիր է ու մեծ զգուշավորություն է անհրաժեշտ, որովհետև ցանկացած դեպքում այդ պատժամիջոցները շղթայական կարող են լինել։

Ինչքան այս իշխանությւոնները փորձում են մխրճվել այս գործընթացների մեջ, այնքան հարցը ավելի ռիսկային եմ դարձնում։ Ի սկզբանե, ոգևորվեցին վերարտահանումով ու դրանից քաղաքական դիվիդենտներ վերցրին՝ ասելով՝ տեսեք՝ բարձր տնտեսական աճ կա և այլն։ Չէին մտածում հնարավոր ռիսկերի մասին։ Հիմա էլ կոշտ աշխարհաքաղաքակaն վայրիվերումներ են անում ու բնական է, որ սա ունենալու էր իր արձագանքը»,- ասաց տնտեսագետը։

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ կանխարգելիչ գործիքակազմը լիարժեք չի գործադրվում, ուստի լրացուցիչ ջանքեր են պետք, որ ՀՀ  տնտեսությունը նոր հավածներ չստանա։

«Իշխանությունները հույս ունեն, որ իրենց մանյովրներով կկարողանան դուրս գալ իրավիճակից։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է մեր տնտեսության հիմնական ճյուղ հանդիսացող  արդյունաբերությանը, որը կարող է ունենալ մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Դժվար է ասել՝ հետոն ինչ կլինի, այնուամենայնիվ Հայաստանը չպետք է դարձվի կռվախնձոր, դա մեր շահերից չի բխում»,- ասաց Ավետիսյանը։

Հարցին՝ պատժամիջոցները շրջանցելու որևէ տարբերակ ունի՞ ՀՀ-ն, տնտեսագետը պատասխանեց, որ այո, եթե իրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ։

«Արժե՞ արդյոք նախապես չկանխարգելելով՝ հետո ավելի մեծ վնասներ ունենալ։ Պետք են հաշվարկներ, սա լուրջ խնդիր է ու դրանով հանդերձ ունի իր լուծումները։ Մեկ-երկու կազմակերպության պատժամիջոցները արդեն մտագոհիչ են, որովհետև այսպիսի պատժամիջոցները 1-2 կազմակերպությունները կարող են դարձնել 10-20, մի ճյուղը է կդառնա մի քանի ու վերցնի ողջ տնտեսությունը, մտահոգվելու առիթ իսկապես կա, դրանք փոքր խնդիներ չեն ու կառավարման բազմակողմանի անհարժեշտություն ունեն»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։  

Աղբյուրը՝ Tert.am