կարևոր
844 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-05 09:25
Քաղաքական

ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»

ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպե՞ս են դատական համակարգի հետ կապ չունեցող անձինք միանգամից հայտնվում համակարգի բարձր ատյաններում. երբեւէ դատավոր չաշխատած անձը ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակվել:

ՀՀ Սահմանադրական դատարանի փոխնախագահ Աշոտ Խաչատրյանի որդին՝ Հայկ Խաչատրյանը, դատական համակարգի հետ կապ չունենալով, 2023 թ. մայիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով (միանգամից) նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

Ուսումնասիրելով նրա կենսագրությունը` նկատեցինք, որ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարն է եղել, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի վարիչ է եղել, բայց զրո առնչություն` դատական համակարգի մասով:

Եվ ահա, 2018 թվականի հեղափոխութունից հետո նա ՄԻՊ-ից կտրուկ «թռիչք» է կատարում դատական համակարգ ու 2023թ. մայիսի 15-ին նշանակվում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

Դատական համակարգում տպավորություն կա, որ Հայկ Խաչատրյանի կարիերայի այդ կտրուկ թռիչքը կապված է այն հանգամանքի հետ, թե քաղաքական իշխանությանը ինչ «ծառայություններ» է մատուցել նրա հայրը՝ ՍԴ փոխնախագահ Աշոտ Խաչատրյանը:

Նա ՍԴ-ում իշխանափոխություն արած գործիչն է՝ որպես ավագ դատավոր: Հենց նրա ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանի համար անցանկալի դատավորները ազատվեցին ՍԴ իրենց աշխատանքից, որպեսզի հեշտությամբ բոլոր խնդրահարույց հարցերը սահմանադրական ճանաչվեն»։