կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-23 18:07
Քաղաքական

Դա ջեբկիրություն է. ըստ Գալուստ Սահակյանի` Փոստանջյանին գժանոց է պետք

Դա ջեբկիրություն է. ըստ Գալուստ Սահակյանի` Փոստանջյանին գժանոց է պետք

Քվորում եղել է. համոզված է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, ըստ նրա, պետք է խոսել ոչ թե այդ քվեարկության, այլ հերթական խուլիգանության մասին, որովհետև պատգամավորներից որևէ մեկը իրավունք չունի խոչընդոտելու այլ պատգամավորի քվեարկելուն: «Այ սրա վրա ուշադրություն դարձրեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով «գազային» համաձայնագրերի քվեարկությունից առաջ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀԿ-ական պատգամավորների գրանցման քարտերը հավաքելու փաստին: Գալուստ Սահակյանը դա որակեց «խուլիգանություն»:

 

Նրա խոսքով` էլի հասկանալի է, որ որոշ պատգամավորներ ամբիոնի մոտ աղաղակում են, ճվճվում, որովհետև ամբիցիաներ ունեն, բայց պատգամավորին վերաբերող փաստաթուղթը ոչ ոք իրավունք չունի վերցնելու: «Դա ջեբկիրություն է»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

Հարցին` չե՞ն պատրաստվում, արդյոք, ՀՀԿ-ականները դիմել էթիկայի հանձնաժողով ու բողոքել Զարուհի Փոստանջյանի դեմ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Էթիկայի հանձնաժողովը նրանց ի՞նչ անի, նրանց գժանոց է պետք, որ իրենց ուսումնասիրեն, հետազոտեն»:

 

Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Գալուստ Սահակյանի որակումները, ասաց. «Գալուստ Սահակյանը ներկայացնում է մի իշխանություն, որն ավելի քան 10 տարի զբաղված է ջեբկիրությամբ` մտել է մարդկանց գրպանները ու չի ուզում դուրս գալ: Ով խոսի ջեբկիրության մասին, բայց Գալուստ Սահակյանը չպետք է խոսի»: