Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած «Գյուղացիական կոոպերացիաների մասին» օրենքի ընդունումը: Նախագծի ընդունումից և կիրառումից ակնկալվում են հետևյալ արդյունքները` կբարելավվեն գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման օրենսդրական հիմքերը, կհստակեցվեն գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, կխթանվի գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը,կբարձրանան գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը, տնտեսվարողների մրցունակությունը, երկրի պարենային անվտանգության մակարդակը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ գյուղացիական կոոպերացիաների ստեղծումը վաղուց սպասված էր, իսկ օրենսդրական նախաձեռնությունը՝ շատ անհրաժեշտ: Պատգամավորը միաժամանակ կարծիք հայտնեց, որ այսօր գյուղացիները պատրաստ չեն կոլեկտիվ բիզնես անելուն:
«Արդյո՞ք միայն օրենքը բավարար է, որ երկրում կայանան կոոպերացիաները, կոլեկտիվ կառավարումը բավական բարդ երևույթ է, կրկին վստահություն է պետք, որ գյուղացիական կոոպերացիաները կայանան, այնինչ վստահություն այսօր չկա: Այստեղ նախագծում գրված է՝ էլ ապահովագրություն, էլ մատչելի գյուղացիական վարկեր, կարողանալո՞ւ ենք այդ ամենը իրականություն դարձնել, կա՞ն պայմաններ, մեխանիզմներ իրականություն դարձնելու համար»,- հարցրեց Միքայել Մելքումյանը:
Հիմնական զեկուցող գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ բնականաբար, երկրում հեշտությամբ չեն կայանա գյուղացիական կոոպերացիաները, որովհետև կան թե հաջողված, թե չհաջողված փորձեր: Սակայն կան խորհրդատվական, ուսուցողական ծրագրեր, որոնք նպատակ են ունենալու աջակցել գյուղացիներին այդ հարցում:
«Մենք չենք հավակնում նրան, որ մեկ-երկու տարում բոլորը պետք է ներգրավված լինեն գյուղացիական կոոպերացիաներում, կոոպերացիաները հնարավորություն են տալիս մոբիլիզացնել ռեսուրսները և խնայողաբար օգտագործել այդ ռեսուրսները»,- ասաց Ռոբերտ Մակարյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարցրեց, թե արդյո՞ք գյուղացիների կողմից կար պահանջ, որ ստեղծվեն գյուղացիական կոոպերացիաներ, և արդյո՞ք կա բարենպաստ համակարգ, որում հաջողությամբ կաշխատեն կոոպերացիաները:Եվ եթե գյուղացիների մեծ մասը գտնվում է վարկերի տակ, ապա ինչպե՞ս են նրանք ներգրավվելու այդ կոոպերացիաներում: Թևան Պողոսյանի խոսքով, ինքը մինչև հիմա չի տեսել որևէ հաղորդում, որևէ նյութ հաջող գյուղացիական կոոպերացիայի մասին:
«Իհարկե, գաղափարը դրական է, բայց եկեք այնպես անենք, որ հերթական օրենքը թղթի կտոր չդառնա և հաջողությամբ կյանքի կոչվի, որ գյուղացին ջիգյարով աշխատի ու ձևավորի գյուղացիական կոոպերատիվներ»,- ասաց Թևան Պողոսյանը: