Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի` էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին ուղղված հարցին` ի՞նչ մեխանիզմներով է ձեւավորվել «Որոտան» ՀԷԿՀ-ի վաճառքի գինը, նախարարությունից պատասխանել են` համալիրի վաճառքի գինը սահմանվել է տնտեսական այն բանաձևով, որը գնորդին հնարավորություն է տալիս իր ունեցած հասույթի հաշվին վերադարձնել գույքի գնման գինը` համապատասխան շահաբաժնով, ինչպես նաեւ անվտանգ ու անխափան շահագործել կայանը:
««Որոտան» ՀԷԿ-երի համալիրի վաճառքի գործարքն իրականացնելիս մրցույթ չի հայտարարվել, այն իրականացվել է բանակցային գործընթացով»,- հայտնում են նախարարությունից:
Իսկ թե ինչո՞ւ մրցույթ չի իրականացվել, կամ ԱԺ-ում վաճառքի հարցը չի քննարկվել, պատասխանում են` իրավական անհրաժեշտություն չի եղել, քանի որ այն իրականացվել է ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածին եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Այսինքն` «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն վաճառել է իր գույքը` նախապես ստանալով ՀՀ կառավարության` համալիրի բաժնետոմսերի սեփականատիրոջ համաձայնությունը: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացով վաճառքին, ապա դրա մասին խոսք կարող էր լինել, եթե մնացած բոլոր հնարավորությունները համարվեին աննպատակահարմար: Բայց կառավարությունը չի ներկայացնում որեւէ հիմնավորում, թե ինչո՞ւ է աննպատակահարմար համարվել, օրինակ, բորսայում ընկերության բաժնետոմսերի գնանշումը, որպեսզի հնարավոր լիներ պարզել ամբողջ փաթեթի արժեքը:
Մյուս կողմից` նման կայանների գործունեությունը, որպես կանոն, դիտարկվում է անժամկետ գործունեության սկզբունքով ձևավորված գների մակարդակում: Այս առումով` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշում է. «Իմ խորին համոզմամբ` առնվազն 2,5 անգամ ավելի էժան է իրացվել համալիրը»:
Ներկայումս, օրինակ, 1 ՄՎտ հզորությամբ փոքր ՀԷԿ կառուցելու համար պահանջվում է միջինը 1-1.2 միլիոն ԱՄՆ դոլար: Որոտանի կասկադը բաղկացած է Տաթեւի, Շամբի եւ Սպանդարյանի ՀԷԿ-երից` 404.2 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Այսինքն` այդքան հզորություն կառուցելու համար կառաջանա մոտ 400 միլիոն դոլար ներդրման անհրաժեշտություն` առանց ներառելու հավելյալ գույքը, օրինակ` ջրամբարները, թունելները եւ այլն:
«Որոտանի ՀԷԿՀ»-ի գինը մի քանի եղանակներով կարելի էր որոշել: Դրանցից մեկը դրա ակտիվների շուկայական գնահատումն է: Ըստ ընկերության ֆինանսական վիճակի մասին վերջին հաշվետվության` ակնհայտ է, որ ընկերության սեփական կապիտալի մնացորդը, 2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել է 110 միլիարդ 897 միլիոն 66 հազար 586 դրամ, կամ մոտ 271 միլիոն 806 հազար 500 դոլար, եթե ընդունենք, որ այդ ժամանակ դոլարի փոխարժեքը եղել է 408 դրամ` 1 դոլարի դիմաց: Այսինքն` նույնիսկ ընկերության ներկայացրած հաշվետվությունից երեւում է, որ ընկերության ունեցած կապիտալը մոտ 90 միլիոն դոլարով ավելի շատ է, քան այն գինը` 180 միլիոն դոլարը, որով ընկերությունը վաճառվեց ամերիկացիներին:
Գնի որոշման հարցում պատգամավոր Միքայել Մելքումյանը մի հետաքրքիր եղանակ էլ հուշեց` դիտարկել, թե համալիրը տարեկան որքա՞ն էլեկտրաէներգիա է արտադրում, հասույթից հանելով հարկեր-տուրքերն ու մնացած բոլոր ծախսերը` պարզել, թե զուտ 1 կՎտ/ժ.-ից շահույթն ինչքա՞ն է, հետեւաբար` տարեկան շահույթն ինչքան է:
«Օրինակ` 1 կՎտ/ժ.-ի համար շահույթը, ենթադրենք, կկազմի 1 դրամ, հետևաբար` մեկ ամսում այն կլինի 1 միլիարդ, մեկ տարում` 12 միլիարդ, 10 տարում` 120 միլիարդ: Այդ թիվը կհամեմատեմ այն թվի հետ, որ վճարել եմ համալիրը ձեռք բերելու համար»,- պարզաբանեց Միքայել Մելքումյանը:
Այս առումով` դիտարկենք «Որոտանի ՀԷԿՀ»-ի նախագծային արտադրանքը: Ըստ ընկերության կայքի տվյալների` տարեկան արտադրվում է 1 միլիարդ 160 միլիոն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Երբ ասում են, թե Հայաստանի հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության ամբողջ ծավալում «Որոտանի ՀԷԿՀ»-ն ամենացածր սակագնով էլեկտրաէներգիան է արտադրում, ու համալիրում արտադրված 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի համար նշում են 4 կամ 4,6 դրամ սակագինը, դա չի համապատասխանում իրականությանը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2013 թվականի հունիսի 7-ի №191Ա որոշման համաձայն` «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի համար երկդրույք սակագնային համակարգում որոշվել է առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը սահմանել 6.834 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի եւ 8.201 դրամ/կՎտժ, ներառյալ` ավելացված արժեքի հարկը:
Միայն 2012 թվականին ընկերությունը արտադրանքի իրացումից, ըստ իր իսկ հրապարակած ֆինանսական հաշվետվության, ստացել է մոտ 6 միլիարդ 318 միլիոն 908 հազար դրամ հասույթ: Բայց դա, ուշադրություն դարձնենք, նշվում է ընկերության հաշվետվությունում, ինչի կապակցությամբ Միքայել Մելքումյանը ասում է. «Որպես կանոն` Հայաստանում պետական ինչ-որ գույքի մասնավորեցումից կամ օտարումից առաջ շահութաբերությունը գցում են` ծախսերը շատացնում են, որ գինը իջնի»:
Այդ շահույթն էլ գրանցվել է մինչեւ համալիրի կողմից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Կա նաեւ «բալանսային գնահատում» հասկացությունը. եթե կասկադը բալանսային է գնահատվել, ապա 0-ից ցածր թիվ կլիներ գինը, ու դրա մեջ տեղ կգտնեին միայն ներդրումները, որովհետև 40 տարվա շահագործմամբ` ամորտիզացիայի հաշվին, ՀԷԿՀ-ի գինը 0-ի հավասարված կլիներ: Ըստ էության` հենց դա էլ նշում են կառավարության ու իշխանական թեւի ներկայացուցիչները կասկադի գինը հիմնավորելիս: Ջրամբարներն էլ պետք էր հաշվել Բայց Որոտանի կասկադի գինը այս «փոքրիկ» գումարներով չի սահմանափակվում:
2013 թվականի նոյեմբերի 21-ին, երբ կառավարությունը գաղտնի որոշեց «Որոտանի ՀԷԿՀ»-ին գույքը վաճառելու թույլտվություն տալ, նույն օրը մեկ այլ` «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» որոշմամբ (օրակարգային 45-րդ հարցը) կառավարությունը 89 միլիոն 349 հազար 826 դրամի լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացրեց «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը` ընկերությանը հանձնելով Սպանդարյանի (257 մլն խմ ջրատարողությամբ), Անգեղակոթի (3,4 մլն խմ), Տոլորսի (96 միլիոն խմ) եւ Շամբի (13.6 միլիոն խմ) ջրամբարները:
Ի դեպ` հանրապետության ջրային անվտանգության հարցերի լուծման համար գոյություն ունի «Ջրի ազգային ծրագիր» կոչվող փաստաթուղթը: Ավելին` կա նաև առանձին` «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքը: Այս իրավական փաստաթղթերով ջրամբարները համարվում են ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնք գտնվում են հատուկ պահպանության տակ: Իսկ «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում նշվում է, որ այդ ծրագրով սահմանված պետական համակարգերը պետական սեփականություն են եւ ենթակա չեն մասնավորեցման: Ավելին` նույն փաստաթղթում թվարկվում են նաեւ պետական հատուկ նշանակության 30 ջրային համակարգերը, որոնց թվում են նաեւ Սպանդարյանի եւ Տոլորսի ջրամբարները:
Վերոհիշյալ 4 ջրային ավազաններն իրար հետ կապվում են 54.4 կիլոմետր ընդհանուր երկարությամբ թունելներով, 1885 մետր տուրբինային ջրատարներով, տարբեր երկարության առբերիչ ջրանցքներով եւ այլն:
Կասկադի սխեման |
Ակնհայտ է, թե ինչ ահռելի համալիրի հետ գործ ունենք: Հատկապես եթե հաշվի առնենք, որ ամբողջ համալիրի շինարարությունը, նախագծման աշխատանքներից մինչեւ ավարտ, սկսվել է 1954 եւ ավարտվել 1989 թվականներին` տեւելով 35 տարի:
Շարունակությունը` ստորեւ բերված ժամանակացույցից եւ որոշ տեխնիկական տվյալներից հետո.
Բայց ավելի պատկերավոր լինելու համար օրինակներ բերենք: Մի քանի տարի առաջ մեկնարկեց Եղվարդի` 228 միլիոն խորանարդ մետր ջրատարողությամբ ջրամբարի շինարարության ` դեռևս խորհրդային տարիներից կիսատ մնացած նախագիծը: Հատկանշական է, որ որոշվել էր մասնավոր ու պետական հատվածների համագործակցության արդյունքում ներդնել մոտ 300-400 միլիոն դոլար եւ միաժամանակ կառուցել հանգստի ու սպորտային համալիրներ, հյուրանոցներ: Ընդ որում` զգալի ծավալով աշխատանքներ կատարվել էին դեռեւս խորհրդային տարիներին: Այսինքն` առանց հանգստի ու զվարճանքի գոտիների, բուն ջրամբարի կառուցմանը պետք է ուղղվեր մոտ 100-150 միլիոն դոլար:
Իր ջրատարողությամբ Եղվարդի ջրամբարի հետ համեմատելի է Սպանդարյանի ջրամբարը` 257 միլիոն խմ: Այսինքն` ներկայումս այսպիսի ծավալով ջրային ավազան կառուցելու համար 150-200 միլիոն դոլարի ներդրումներ կպահանջվեն: Ի դեպ, Սպանդարյանի ջրամբարն իր գոյությամբ մեծ սպառնալիք է Որոտանի եզերքին գտնվող բնակավայրերի համար, քանի որ ջրամբարի ամբարտակների վթարի դեպքում տասնյակ բնակավայրեր կմնան ջրի տակ, ընդ որում` նման վտանգ մի քանի անգամ եղել է:
Բացի դրանից` Որոտան-Արփա-Սեւան թունելը նույնպես սկիզբ է առնում Սպանդարյանի ջրամբարից: Եթե այդ ջրամբարը եւս, որպես «Որոտանի ՀԷԿՀ»-ի գույք, վաճառվել է ամերիկացիներին, ապա ինչպե՞ս են կարգավորվելու Սեւանի հարցը: Այդ 4 ջրամբարները ոռոգման, միկրոկլիմայի, գյուղատնտեսական ու տնտեսական մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի համար, այդ հարցե՞րն ինչպես են կարգավորվելու: Այս ամենով, թերեւս, լավ էլ «հաջողացրել են սաղացնել» Որոտանի կասկադը «միամիտ» ամերիկացիների վրա, ովքեր 70 միլիոն էլ պետք է 6 տարում ներդնեն` համալիրի արդիականացման համար, ինչի դեպքում համալիրից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինն էլ կբարձրանա, եթե արդեն չի բարձրացել: Այս մասին` այլ հոդվածով:
Գեւորգ Ավչյան