կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-19 15:23
Քաղաքական

Ֆինանսների նախարարության պարզաբանումը «ճոխ» օճառամանի բարձր արժեքի վերաբերյալ

Ֆինանսների նախարարության պարզաբանումը «ճոխ»  օճառամանի բարձր արժեքի վերաբերյալ

Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը ներկայացրեց որոշում ՀՀ  2015 թվականի պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2014 թ. մի որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ֆինանսների նախարարության գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին: Առաջարկվում է ֆինանսների նախարարության արտաբյուջետային միջոցների վերաբաշխում կատարել, մասնավորապես` Դիլիջանի ուսումնական կենտրոնի հետ կապված. դեպի ուսումնական կենտրոն տանող ճանապարհի կառուցման աշխատանքների ժամկետը առաջարկվում է տեղափոխել 2016թ. սեպտեմբեր, քանի որ ֆինանսների նախարարության արտաբյուջետային միջոցները չեն բավականացնում`  ներմուծումների նվազման հետ կապված մաքսային միջոցների նվազման պատճառով:

Վարչապետը Արմեն Ալավերդյանից հարցրեց, թե ի՞նչ մամուլի հրապարակումներ են` Դիլիջանում կառուցվող այդ ուսումնական կենտրոնի հետ կապված: Նշենք, որ մամուլի հրապարակումները բացահայտում են, որ Դիլիջանի ուսումնական կենտրոնի կառուցման նպատակով կատարվել են անտրամաբանական, ճոխ ծախսեր: Օրինակ` մեկ օճառամանի վրա ծախսվել է ավելի քան 40 հազար դրամ:

Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ այդ հրապարակումներին ֆինանսների նախարարությունն արձագանքել է` պարզաբանում տեղադրելով նախարարության պաշտոնական կայքէջում: «Ֆինանսների նախարարությունը հերքել է այն լուրերը, թե անիրատեսական գնումներ են կատարվել, որովհետև ապրանքները, որոնց մասին մամուլում գրվել է, ճիշտ չեն ներկայացվել: Բերեմ օրինակ` օճառաման: Նկատի են ունեցել այն ապրանքը, որը եվրոպական արտադրության է, նախատեսված է ոչ թե մեկ անգամվա օգտագործման, այլ` բազմակի: Այդ ապրանքները ձեռք են բերվել «Իդեալ համակարգ» խանութից, և այդ ապրանքները, իրենց որակի հետ կապված, համապատասխանում են իրենց արժեքին: Մնացած հրապարակումներին նույնպես պարզաբանումներ կտանք: Մենք գնումներն իրականացնում ենք բացառապես օրենքի շրջանակներում»,- ասաց փոխնախարարը:

Վարչապետը հավելեց, որ անպայման պետք է մանրամասն պարզաբանում տալ` մամուլի այդ հրապարակումների հետ կապված: