կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-20 17:13
Իրավական

Ուշագրավ բացահայտումներ 28-ամյա երիտասարդի առեղծվածային ինքնասպանության վերաբերյալ

Ուշագրավ բացահայտումներ 28-ամյա երիտասարդի առեղծվածային ինքնասպանության վերաբերյալ

Yerkir.am-ի ուշադրության կենտրոնում է տարիներ առաջ տեղի ունեցած առեղծվածային մահվան մի դեպք: 2013-ի օգոստոսի 13-ին Կոտայքի մարզի Գետարգել գյուղի իր տան ավտոտնակում կախված էին հայտնաբերել 28-ամյա Արայիկ Ավետյանին: Մահվանից առաջ երիտասարդը նաև գրություն էր թողել՝ եղբորը խնդրելով «որոշ մարդկանց» արգելել մասնակցել հուղարկավորությանը:

 

Հայհոյախառն գրությունից պարզ է դառնում, որ տղամարդը գտնվել է հոգեկան ծանր հուզմունքի վիճակում: Նախնական վարկածով՝ նա ինքնասպան էր եղել:

 

Մահացած երիտասարդի մայրը՝ Ազնիվ Հարությունյանը, yerkir.am-ի հետ զրույցում, որդու մահվան դեպքը համեմատելով կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության հետ, ուշագրավ մանրամասներ պատմեց:

 

Արայիկը ձմռանը Ծաղկաձորում որպես հրահանգիչ էր աշխատում, իսկ տարվա մյուս ամիսներին եղբայրների հետ մեկնում արտագնա աշխատանքի՝ շինարարությունում աշխատում: Մոր խոսքով՝ դեպքից երկու տարի առաջ որդին ընկերոջ հորդորով  մեկնել էր ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Երկու ամիս հետո վերադառնալով, ըստ նրա որդու մոտ հալուցինացիաներ են սկսվել: «Իրեն վատ էր զգում՝ տեսիլքներ էր ունենում, ասում էր իբր ինքը հանցավոր աշխարհից է և այլն: Դիմեցինք բժշկի, հետո տեղափոխեցինք Նորքի հոգեբուժարան: Պարզվեց` ՌԴ-ում խմիչքի հետ հոգեմետ դեղեր են տվել և որդուս ներշնչել, որ ինքը հանցագործ աշխարհի մարդ ա, իրավունք չունի բանվոր լինել և նման այլ երևակայական բաներ»,- պատմեց մայրը:

 

Տիկին Ազնիվի խոսքով` որդին երբևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել, երկու տարի ծառայել է բանակում, առնչություն  չի ունեցել հանցավոր աշխարհի հետ, «սուս ու փուս աշխատել է, ոչ մեկին վատություն չի արել»:

 

Մոր խոսքով՝ կարճ ժամանակ անց որդին դուրս է գրվել հիվանդանոցից և սկսել բնականոն հունով ապրել: 2013-ին Ավետյանների ընտանիքը հերթական անգամ մեկնել է ՌԴ, այս անգամ` Վորոնեժ՝ ջերմոցային տնտեսությունում աշխատելու: Որոշ ժամանակ անց Արայիկը կրտսեր եղբոր հետ վերադարձել է Հայաստան՝ անձնագրի հարցերը լուծելու: Կրտսեր որդին աշխատանքի է տեղավորվել Հրազդանում, իսկ Արայիկը մնացել է Գետարգելի` իրենց տանը:

 

Տիկին Ազնիվը պատմում է, որ Արան մշտապես կոնֆլիկտների մեջ է եղել գյուղի մի խումբ տղաների հետ: «Այդ ընթացքում գյուղի տղաներն անընդհատ կանչում էին Արոյին, անտեղի վիճաբանում հետը, տղայիս ծեծում էին: Որդիս ուժեղ էր, բայց հիվանդությունից հետո ֆիզիկապես թուլացել էր»,- ասաց մայրը և պատմեց, որ հետագայում ինքն իմացել է, որ 2013-ի հուլիսի վերջերին որդուն ինչ-որ անձինք դանակահարել են, բացի այդ` Արայիկը սոցիալական ցանցում ՌԴ-ում գտնվող եղբոր հետ խոսելիս պատմել է, որ գյուղի տղաները իրեն առանց պատճառի դարձյալ ծեծել են:

 

«Օգոստոսի 11-ի երեկոյան զանգեցինք, հետը խոսեցինք, ամեն բան կարգին էր, հետո զանգահարեցինք, էլ ինքը չվերցրեց: Երկու օր չէինք գտնում, հեռախոսն անհասանելի էր: Օգոստոսի 13-ին սկեսուրս մեր ավտոտնակի մոտով անցնելիս նկատել էր, որ դուռը կիսաբաց է… Որդուս գտան այնտեղ՝ կախված վիճակում»,- պատմեց մայրը:

 

Տիկին Ազնիվի խոսքով՝ մահվան լուրը լսելուց հետո իրենք անմիջապես վերադարձել են Հայաստան, սակայն այդ օրերին, գտնվելով ծանր ապրումների մեջ, չի գիտակցել կատարվածը: «Երբ ամուսինս գնացել էր դիահերձարան՝ դիակը ճանաչելու, աշխատակիցը հայտնել էր, որ քննիչը թույլ չի տվել և, չնայած պնդումներին, արգելել էր դիակը տեսնել: Քննիչներն արգելել էին նաև մտնել ավտոտնակ, իբր պետք է գային զննության, բայց այդպես էլ չեկան»,- պատմեց նա և հավելեց, որ հետո ոստիկանները եկել, ցելոֆան են խնդրել՝ դիակը փաթաթելու համար` նշելով, որ տղայի դին այն վիճակում չէ, որ կարողանան բաց հուղարկավորել: «Էլի չէի հասկանում` ինչ է կատարվում, քննիչը զանգեց և, չնայած մեր պնդումներին, ասաց, որ դիակը չեն տալու՝ տանենք տուն, և որ դիահերձարանից տանենք միանգամից գերեզմանոց: Դագաղը փակ վիճակում տարանք, հուղարկավորեցինք, բայց մտածում էի` լավ, իմ երեխու դիակն ի՞նչ վիճակում է, որ չթողեցին` տեսնենք, ըտե՞նց դիակներ են Ռուսաստանից 10-15 օր հետո բերել, գրիմ արել…»,- ասաց մայրը:

 

Նշենք, որ Արայիկին կախված են գտել մեքենայի քաշման համար նախատեսված ժապավենով: Նրան իջեցրել են ոստիկանները, իսկ դին շտապօգնության մեքենա են տեղափոխել հարազատները: Ազնիվ Հարությունյանը, ով տեսել է որդու՝ կախված վիճակում լուսանկարները, պնդում է, որ որդու դեմքին հարվածի հետք կար, իսկ մարմինը գտնվում էր փռված վիճակում: Կինը նշում է, որ կախվելուց հետո մարդու մկանները թուլանում են, և անհնար է` ձեռքերն ու ոտքերը նման դիրքով մնային: Բացի այդ, ըստ նրա, ավտոտնակը տակնուվրա է արված եղել, իսկ պարանի վրա արյան հետքեր են եղել:

 

Դատաբժշկական փորձաքննությամբ հիմնավորվել է, որ մահը վրա է հասել խեղդվելու հետևանքով, սակայն, միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ ճլման ակոսը առաջացվել է մահվանից քիչ առաջ ՝ համեմատաբար բութ, կոշտ առարկայի անմիջական ներգործությամբ: Ուշագրավ է, որ դատաբժշկի մեկնաբանմամբ վնասվածքը հնարավոր է առաջացած լինի պարանոցից հանված, մեքենայի քաշման համար նախատեսված ժապավենով: Մայրը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ եթե, փորձաքննության համաձայն, դիակը քայքայված է եղել,  և այդ պատճառով էլ որդուն փակ են հուղարկավորել, ինչպե՞ս է հնարավոր, որ քայքայված դիակից արյուն գար:

 

Կինը պատմեց նաև, որ քառասունքից հետո ստիպված են եղել որդուն այլ տեղ տեղափոխել: Բանն այն է, որ հուղարկավորությունից մեկ շաբաթ անց հարազատները գնացել, տեսել են, որ Արայիկի գերեզմանի չորացած ծաղկեպասկները տարել ու դրել են նոր մահացած` մեկ այլ տղայի գերեզմանին: «Ըստ երևույթին` այդ քայլն արել են, որ նորից կոնֆլիկտ լինի: Բնական է` մահացածի տերը պետք է գար, ասեր` ինչի՞ եք ձեր աղբը գցել մեր գերեզմանի վրա: Շատ ծանր տարա, դին տեղափոխեցինք ու նորից հուղարկավորեցինք Ծաղկաձորում»:

 

Անդրադառնալով բուն գործի քննությանը՝ Ազնիվ Հարությունյանը պատմեց, որ որդու էքահողի օրը քննիչն իրենց կանչել է բաժին` ցուցմունք տալու: Կինը վիրավորված էր, որ հաշվի չեն առել իր վիճակը և տուն չեն եկել` ցուցմունք վերցնելու, այլ կանչել են բաժին, որտեղ ինքը ուշաթափվել է, ինչից հետո հարցաքննությունը կիսատ է մնացել:

 

«Քննիչը թելադրելում էր, ես գրում էի, ինչ-որ բաներ էր ասում որդուս դեմ՝ որոշ մարդկանց թաքցնելու համար»,- ասաց նա և հավելեց, որ 20 օր հետո քննիչին փոխել են: Նոր քննիչը՝ Ա. Համզոյանը, 2013-ի հոկտեմբերի 7-ին ոստիկանության ՀԳՎ Կոտայքի քննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել է ՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Տիկին Ազնիվը պատմեց, որ դեպքից հետո տանից հայտնաբերել է որդու շապիկը՝ պատառոտված և արյան հետքով, ինչպես նաև վարտիքը, որի վրա ոտքի հետքեր են եղել, և որը հետո, անհասկանալի պայմաններում, անհետացել է: «Ըստ երևույթին` գցել էին քացիներով խփել էին տղուս»,- ասաց նա: Մայրը հայտնաբերած իրերի մասին տեղեկացրել է քննիչին, սակայն առ այսօր չեն առգրավվել դրանք և որպես իրեղեն ապացույց չեն ճանաչվել: Փոխարենը մորն են վերադարձրել Արայիկին պատկանող բջջային հեռախոսը, որի քարտի համարները ջնջված են եղել: Նշենք, որ քննիչներն անգամ հեռախոսահամարների վերծանումներ չեն կատարել՝ գոնե ճշտելու, թե մահվանից առաջ ում հետ է խոսել Արայիկը:

 

Ձեռագրաբանական փորձաքննության չի ենթարկվել նաև Արայիկի՝ մահվանից առաջ գրած նամակը: Այսինքն` հայտնի չէ` նամակն ի՞նքն է գրել, թե՞ ոչ,  կամ ի՞նչ վիճակում է գտնվել երիտասարդը նամակը գրելիս (խմբ. ինքնասպան եղածների նամակներն ուսումնասիրելու փորձի և նրբությունների մասին կարող եք ծանոթանալ այստեղ):

 

Նշենք, որ Արայիկը նամակում գրել էր, որ չթողնեն` թաղմանը մասնակցեն «որոշ անձինք»: Ըստ տիկին Ազնիվի՝ խոսքը գյուղի այն տղաների մասին է, որոնց հետ որդին կոնֆլիկտ է ունեցել: Իսկ գյուղի «լավ տղաների» անունները, որոնք իր որդուն մշտապես վատ են վերաբերվել,  որդեկորույս մայրը չի վախենում տալ. «Կասկածներ կան, որ վեց հոգի են որդուս հետ կոնֆլիկտ ունեցել` ոմն Բոյով Գարիկը, Գլուստ Կարենը, Կյաժ Տիկոն, Վլեն, Սասունը և Աբուլը»:

 

Ուշագրավ է, որ գործի քննության ընթացքում այս մականունները երբևէ չեն շոշափվել, և նրանցից որևէ մեկը չի էլ հարցաքննվել: Սա էլ իր բացատրությունն ունի, մայրն ասում է՝  այս անձանցից ոմանք բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորյալներ են:

 

Ազնիվ Հարությունյանը որդու մահվան գործով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ոստիկանապետին՝ խնդրելով հետևողական լինել գործի բացահայտման համար, սակայն փաստը մնում է փաստ՝ գործը տեղից չի շարժվում:

 

«Իրանք էլ ոչ ասում են` սպանություն է, ոչ էլ՝ ինքնասպանություն, էսքան ժամանակ է անցել, ոչ նորմալ քննություն է ընթանում, ոչ էլ կոնկրետ պատասխան են տալիս: Ինձ միայն հետաքրքրում է` ովքեր են որդուս մահվան մեջ մեղավոր, ինչքա՞ն կարող եմ այս անորոշ վիճակում ապրել»,- ասաց նա:

 

Yerkir.am-ն կհետևի գործի ընթացքին և դրա վերաբերյալ  մանրամասներ կներկայացնի:

 

Ստորև ներկայացնում ենք Արայիկ Ավետյանի մոտից հայտնաբերված նամակն ու դեպքի վերաբերյալ նրա մոր՝ Ազնիվ Հարությունյանի պատմածները:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

</ifram