Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում թե' մամուլում, թե' իշխանական կուլիսներում շատ է խոսվում այն մասին, թե կառավարությունը հակված է չեղյալ համարել «Որոտանի ՀԷԿՀ»-ը ամերիկյան «Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու գործարքը: Թե' ԱԺ ոչ իշխանական քառյակը, թե' երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թե' հասարակական-քաղաքական ամենատարբեր շրջանակներ, լրագրողներ, այդ թվում` նաև Yerkir.am-ը, բազմիցս են անդրադարձել այդ գործարքին, դրանում բազմաթիվ ակնբախ ու թաքնված խախտումներին և հայտնել իրենց մտահոգությունները: Այդ մտահոգությունները, սակայն, նախկին կառավարության կողմից անտեսվում էին:
Ինչևիցե, «Որոտանի կասկադի» վաճառքի գործարքի վերաբերյալ վերոհիշյալ խոսակցությունների շրջանառումից հետո ուշագրավ հայտարարություններով ու ակնարկներով հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ով, հիշեցնենք, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ներկա էր այս գործարքի կնքման արարողությանը եւ բազմիցս է իր կարծիքն է հայտել գործարքի վերաբերյալ, նաեւ համարվում է այս գործարքի «կնքահայրը»:
««Որոտան» ՀԷԿՀ-ն ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը վաճառելու մասին համաձայնությունը ստորագրվեց հունվարին, սակայն դա դեռ վերջնական չէ, որովհետև դեռ որոշ քայլեր պիտի կատարվեն, սակայն մենք ակնկալում ենք, որ համաձայնագիրն այնպես, ինչպես ստորագրվել է, կիրականացվի, և դա ևս մեկ ազդանշան կլինի: Եթե այդ համաձայնագրի հետ ինչ-որ բան չստացվի, դա շատ լուրջ ազդանշան կլինի արևմտյան ներդրողների համար, որը կխոսի նման խոշոր համաձայնագրեր իրականացնելու հարցում Հայաստանի հնարավորությունների, կարողությունների մասին»,- մասնավորապես հայտարարել էր Հեֆֆերնը:
Սա անմիջապես հայ վերլուծական հանրույթի կողմից մեկնաբանվեց որպես ԱՄՆ դեսպանի կողմից հնչող սպառնալիք հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման ու Հայաստանում ԱՄՆ-ի կողմից հետագա ներդրումների վերաբերյալ: Գործարքը չեղարկելու խոսակցությունների հետևում տեսան անգամ «Ռուսաստանի ականջները»:
Այս առումով ուշագրավ էր, անկասկած, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հարցազրույցը «Ազատություն» ռ/կ-ին, որում նախարարը, մասնավորապես, նշում է. «Բանն այն է, որ, գործարքի հետ կապված, կան որոշակի խնդիրները, բայց դա ամենևին չի նշանակում, որ կառավարությունը մտադիր է հրաժարվել գործարքից: Մենք ուղղակի մի շարք հարցադրումներ ենք բարձրացրել մեր գործընկերների առջև, որոնք պահանջում են լուծումներ, և եթե լուծումները գտնվեն' փոխադարձ ընդունելի, ապա, բնականաբար, որևէ հարցական լինել չի կարող: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր սկզբունքին, որ ուզում ենք, այո, Որոտանի կասկադի գույքը վաճառել հենց այդ ընկերությանը, բայց ունենք որոշակի պայմաններ»:
Դավիթ Հարությունյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն էլ է արել' նշելով, թե կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ պայմանագիրը համապատասխանի Հայաստանի օրենսդրությանը՝ մանրամասնելով, որ, օրինակ, 2006թ․ ընդունված «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքով ջրային որոշակի համակարգեր նախատեսված չեն մասնավորեցման և պետք է լինեն պետական սեփականություն: «Որոտան ՓԲԸ-ի բալանսում էին գտնվում նաև այնպիսի հիդրոկառույցներ, ինչպիսին, օրինակ, պատվարը, ճնշումային թունելը և այլն: Ֆորմալ առումով այդտեղ արդեն տեղի ունեցել էր օրենքի խախտում»,- ասում է նա: Երբ «Ազատության» մեր գործընկերը փորձում է մանրամասնել' հարցնելով` նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ապօրինի պայմանագիր է կնքել, Հարությունյանն արձագանքում է. «Ես ձեռնպահ կմնայի նման ձևակերպումից: Իհարկե, գնահատականները կարող են լինել տարբեր: Այնուամենայնիվ, ես այս պահին համարում եմ` ոչ թե այդ պայմանագիրը եղել է ապօրինի, բայց այն որոշ դրույթներով հակասել է ՀՀ օրենքներին: Ես չեմ կարծում, որ այստեղ միտումնավորություն է եղել: Թերևս եղել է որոշ հարցերում անուշադրություն»:
Այդ «անուշադրության» մասին հպանցիկ հիշեցնենք, որ, օրինակ, Yerkir.am-ը դեռեւս այս տարվա փետրվարի 25-ին էր գրել, որ Որոտանի կասկադի վաճառքի մասին կառավարության որոշումն ու Սյունիքի մարզում միանգամից 4 ջրամբարներ, որոնցից երկուսը' Սպանդարյանի ու Տոլորսի ջրամբարները, ի դեպ, ընդգրկված են հենց Դավիթ Հարությունյանի նշած «Ջրի ազգային ծրագրով» նախատեսված օտարման ոչ ենթական օբյեկտների ցանկում, նաեւ առբերիչ ու ջրատար ցանցերը Որոտանի կասկադի կանոնադրական կապիտալի մեջ ընդգրկելու որոշումը կայացվեցին նույն օրը: Իսկ «Ջրի ազգային ծրագրի» դրույթների խախտման մասին էլ բարձրաձայնել էինք դեռևս մարտի 4-ին: Մնացյալ բացահայտումների մասին էլ լռենք...
Այնպես որ` այդ «անուշադրությունը» շտկելու ցանկություն եթե լիներ, այն անպայման կշտկվեր: Ինչևէ, Դավիթ Հարությունյանի խոսքերից պարզ է, որ Որոտանի կասկադի վաճառքի գործարքի հարցում որոշակի խմորումներ, այնուամենայնիվ, կան...
Yerkir.am-ը փորձեց այս թնջուկում որոշակի հստակ պատասխաններ ստանալ Արա Հովսեփյանից, ով, ինչպես նշվում էր ամենասկզբից, համարվում էր «Որոտան ՀԷԿՀ»-ում ամերիկյան «Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադ» ընկերության ներկայացուցիչը, եւ ինչպես բազմիցս գրվեց, ուներ Որոտանի կասկադի տնօրեն դառնալու հավակնություններ, իսկ ավելի հստակ' այս գործարքի «չերևացող ֆիգուրն» էր այդ պաշտոնում տեսնում Հովսեփյանին: Արա Հովսեփյանը, սակայն, այսօր Yerkir.am-ի հետ զրույցում հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի' պատճառաբանելով, թե լիազորված չէ ԶԼՄ ներկայացուցիչներին որեւիցե ինֆորմացիա հաղորդել «Որոտանի ՀԷԿՀ»-ի վաճառքի ու ներկայումս ընթացքող գործընթացների վերաբերյալ' խորհուրդ տալով ուղիղ դիմել ամերիկյան ընկերությանը, որի հետ կապվելու` Yerkir.am-ի երկարատև բոլոր փորձերն, ի դեպ, անհաջողության էին մատնվել:
Քանի որ անգամ Արա Հովսեփյանն է հրաժարվում ինչ-որ մանրամասներ հաղորդել այդ «տխրահռչակ» գործարքի ընթացքի վերաբերյալ, մեզ մնում է միայն եզրակացնել, որ կառավարությունը, իրոք, կա'մ սեփական նախաձեռնությամբ, ինչն այնքան էլ խելքին մոտ չէ, կա'մ ինչ-որ «խորհրդավոր» ուժերի ազդեցությամբ փորձում է չեղարկել Որոտանի կասկադի վաճառքի գործարքը: Դրա մասին հուշում են անգամ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նյարդային ու վերջնագրային ակնարկները: Իսկ եթե նման բան լինի` Արա Հովսեփյանի «երազանքը»' դառնալ «Որոտան ՀԷԿՀ»-ի պես հզոր հիմնարկի տնօրեն, այդպես էլ չի իրականանա, մնացած հետևանքները' դեռ մի կողմ:
Գևորգ Ավչյան