կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-03 15:23
Տնտեսական

Որոտանի կասկադի վաճառքի առումով բաց հարցեր շատ կան. Թաթուլ Մանասերյան

Որոտանի կասկադի վաճառքի առումով բաց հարցեր շատ կան. Թաթուլ Մանասերյան

«Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի» վաճառքի պես գործարքներ նախկինում շատ են եղել: Պարզապես այս պարագայում գործարքի միակ հիշարժան մասը կարելի է համարել այն, որ, օտարերկրյա ներդրումները դիվերսիֆիկացնելով, ամերիկացիներին հնարավորություն ընձեռվեց Հայաստանում ներդրումներ կատարել. Yerkir.am-ին այսօր ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով Որոտանի կասկադի վաճառքին:

 

Տնտեսագետը կարծիք հայտնեց, որ նման համալիր ձեռք բերել ցանկացողներ քիչ չէին լինի, քանի որ այն շահութաբեր օբյեկտ է, եւ այդ տեսանկյունից, բնականաբար, ներդրողները կարող էին լինել ե’ւ դրսից, ե’ւ ներսից: Ինչ վերաբերում է կասկադն 180 միլիոն դոլարով վաճառելու հանգամանքին, ապա Թաթուլ Մանասերյանը նշեց, թե ամեն ինչ հարաբերական է, հարցին պետք է նայել ենթակառույցների տեսանկյունից:

 

«Ինքը` օբյեկտը, շատ կարեւոր նշանակություն ունի: Եվ էներգետիկ ենթակառույցի իմաստով, կարեւոր է, թե որքանով է դա ծառայում տնտեսությանը, որքանով է ինտեգրված մարզի, համայնքի եւ երկրի տնտեսություններին: Այս պարագայում նոր կարելի է գնահատականներ տալ, ընդ որում` ոչ միայն այսօրվա դրությամբ, այլեւ հեռանկարի առումով, թե հեռանկարում ինչ կարող է դա տալ Հայաստանին, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ օտարերկրյա ներդրումները` ամերիկյան ներդրումները, կավելանան, թե՞ ոչ, որքանո՞վ դա շահավետ կլինի, որքանո՞վ դա կառավարելի կլինի ընդհանուր էներգահամակարգում եւ այլն: Հարցերը բազմաթիվ են»,- նշեց տնտեսագետը` չցանկանալով միանգամից` առանց խոր մասնագիտական վերլուծության, գնահատական տալ գործարքին:

 

Yerkir.am-ի հարցին` «Որոտանի կասկադի» 507 ՄՎտ էներգետիկ հզորություններն ու համալիրի կողմից ստեղծվող արդյունքը հաշվի առնելով` արդյո՞ք 180 միլիոն դոլարն այն գինն էր, որով պետք է վաճառվեր այդ կառույցը, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց, թե ինքը նման հաշվարկներ չի կատարել, բայց այստեղ գործ ունենք բազմագործոն երեւույթի հետ, եւ պետք է անպայման ծանրութեթեւ անել առնչվող բոլոր հարցերը: «Միայն թե ինչ ինքնարժեքով է ստացվում էլեկտրաէներգիան ու ինչքանով վաճառվում, դա բավարար չէ: Պետք է անպայման դիտարկել, թե որքանով է արդարացված վաճառքը` հեռանկարի առումով, պետք է վերլուծել ծրագրերի տեսանկյունից: Ու քանի որ դեռ հայտնի չէ, թե դրանք ինչ ծրագրեր են, բնականաբար, չենք կարող հստակ վերլուծել: Շտապ գնահատականներ, միգուցե, քաղաքագետները կարող են տալ: Ես տնտեսագետ եմ ու կնախընտրեմ մի քիչ ավելի լուրջ վերլուծություններ կատարել ու նոր ասել` արդյոք դա թերագնահատվա՞ծ էր, թե՞ գերագնահատված, կամ ճիշտ արժեքն էր»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:

 

Ինչ վերաբերում է հարցին, որ Որոտանի կասկադը ձեռք բերող ընկերությունն ընդամենը 5-6 տարվա պատմություն ունեցող եւ մոտ 3500 ՄՎտ էներգետիկ հզորություններ տնօրինող ընկերություն է, հետեւաբար` կարո՞ղ է արդյոք Հայաստանի համար հեռանկարային` ռազմավարական ներդրող հանդիսանալ, տնտեսագետը հիշեցրեց, որ մեր տնտեսության մեջ պարադոքսները քիչ չեն: Մասնավորապես` Թաթուլ Մանասերյանն օրինակ բերեց «Հայաստանի բաշխիչ ցանցերի» մասնավորեցման գործարքը, որի ժամանակ կառավարության եւ ՀԲ-ի կողմից կազմակերպված մրցույթում ձեռք բերող ընկերությունը խախտել էր միաժամանակ մի քանի պայմաններ` պետք է այդ ասպարեզում փորձ ունենար, որը չուներ, պետք է ունենար թափանցիկ հաշվետվություն, որը եւս չէր ներկայացրել: Սրանց գումարած նաեւ այն, որ այդ ընկերությունը օֆշորային գոտում գրանցված ընկերություն էր: Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ` այս պարագայում շատ ավելի նախընտրելի գործընկեր ունենք, քան այն, ինչ ունեցել ենք: Սակայն դա, ինչպես նշեց Մանասերյանը, դեռ ոչինչ նշանակում, որովհետեւ պետք է խոր վերլուծություն անել:

 

«Ուստի այս գործարքի հարցերում տեղեկատվությունը ցանկալի էր մի քիչ ավելի շուտ տնտեսագետներին մատուցվեր, որպեսզի դա քննարկվեր, եթե, իհարկե, դա կառավարությանը հետաքրքիր էր, կողմ եւ դեմ կողմերը վեր հանվեին. Եթե, իհարկե, կար այլընտրանք, կային այլ ներդրողներ, որը եւս հայտնի չէ` եղե՞լ են արդյոք գործարքի այլ մասնակիցներ, թե՞ ոչ: Այնպես որ` այստեղ դատողություններ անելը տնտեսագետի համար շատ ավելի դժվար է, որովհետեւ բաց հարցեր շատ կան»,- վերջում ասաց Թաթուլ Մանասերյանը: