կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-30 17:15
Առանց Կատեգորիա

Ի՞նչ է թաքնված Որոտանի կասկադի վաճառքի հետեւում

Ի՞նչ է թաքնված Որոտանի կասկադի վաճառքի հետեւում

Երեկ կառավարությունում հանդիսավոր պայմաններում ստորագրվեց «Որոտան հիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ-ի գույքը ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու մասին քառակողմ պայմանագիրը: Ըստ կառավարության տարածած հաղորդագրության` Որոտանի կասկադը վաճառվել է 180 մլն դոլարով: Ամերիկյան ընկերությունը պարտավորվել է առաջիկա վեց տարիներին համալիրի արդիականացման և վերանորոգման համար ներդնել 70 մլն դոլար, որի համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) դեռ պետք է ներկայացնի կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագիր: Կառավարության հաղորդագրության համաձայն` ՀԾԿՀ-ն հաստատել է նաև սակագնային պլան, որի համաձայն` ընկերությունը կապահովի մոտակա 25 տարիների ընթացքում Որոտանի համալիրի անխափան շահագործումը:

 

Այսպիսով` կառավարությունն օտարեց իր հարյուրտոկոսանոց սեփականությունը հանդիսացող, ստրատեգիական նշանակություն ունեցող էներգետիկ այս օբյեկտը, որի արտադրական հզորությունը կազմում էր Մեծամորի ատոմակայանի հզորության մոտ կեսը, և որտեղ արտադրվում էր Հայաստանում ամենաէժան էլեկտրաէներգիան: Արդեն նախորդ տարվա կեսերից պարզ էր, որ կառավարությունը կանգ է առել ամերիկյան այս ընկերության վրա, ինչը ներկայացվեց որպես երկրի էներգետիկ համակարգը դիվերսիֆիկացնելու` քաղաքական որոշման արդյունք: Թերևս հենց դա է պատճառը, որ այս խոշոր գործարքը համարժեք հանրային արձագանքի չարժանացավ: Մինչդեռ իրականում այն պակաս ուշագրավ չէ, քան «Հայռուսգազարդը» ռուսական «Գազպրոմ»-ին հանձնելու աղմկահարույց գործարքը:

 

Դա պայմանավորված է մի քանի հանգամանքով: Նախ` Որոտանի ՀԷԿՀ-ն ընդգրկված չի եղել պետական գույքի մասնավորեցման ցանկում և վաճառվել է ընդամենը ՀԾԿՀ-ի` նախորդ տարվա նոյեմբերի 27-ի որոշման հիման վրա, որն էլ, իր հերթին, կայացվել է` հիմնվելով ոչ թե պետական գույքի մասնավորեցման օրենսդրության, այլ «Էներգետիկայի մասին» օրենքի վրա: Ակնհայտ է, որ կառավարությունը խուսափել է կասկադը պետական գույքի մասնավորեցման ընթացակարգով անցկացնելուց, որի համար անհրաժեշտ էր նախ կառավարության համապատասխան որոշումը, հետո նաև ԱԺ-ի համաձայնությունը: Սրա միակ օբյեկտիվ բացատրությունը կարող լինել այն, որ գործադիրը խուսափել է օբյեկտը վաճառելու համար մրցույթ հայտարարելուց, ինչն ուղղակի կնշանակեր կասկադը լուռումունջ դարձնել ռուսական ընկերություններից որևէ մեկի սեփականությունը: Եթե այս կերպ վարվելու պատճառը դա չէ, սա առնվազն նշանակում է, որ կառավարությունը հերթական գաղտագողի գործարքն է իրականացնում խորհրդարանի և հասարակության թիկունքում:

 

Երկրորդ` դեռևս նախորդ տարվա կեսերին, երբ արդեն հայտնի էր Որոտանի կասկադի հիմնական գնորդը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, թե հիդրոկայանների համալիրը մոտ 200 մլն դոլարի ներդրումներ է պահանջում: Մինչդեռ կառավարության հաղորդագրության մեջ նշված է, որ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ը ստանձնել է ոչ թե 200 մլն, այլ ընդամենը 70 մլն դոլարի ներդրում կատարելու պարտավորություն: Ստացվում է, որ կա'մ նախարարը չի տիրապետում իրավիճակին ու տեղեկություն չունի անմիջապես իր ղեկավարած գերատեսչության հաշվեկշռում գտնվող օբյեկտից, կա'մ պարզապես հերթական ապատեղեկատվությունն է տարածել` ուռճացնելով պահանջվող ներդրումների չափը: Այս տարբերությունը առաջ է բերում նաև այլ հարց` ովքե՞ր, ի՞նչ մեխանիզմով ու չափորոշիչներով են գնահատել կասկադի տեխնիկական ու աշխատանքային վիճակը, ինչպե՞ս է որոշվել, որ ոչ թե 200, այլ 70 մլն դոլարի ներդրման կարիք կա:

 

Երրորդ` ո'չ կառավարությունը և ո'չ էլ ՀԷԿ-երի համալիրը ձեռք բերած ընկերությունը որևէ խոսք չասացին արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխության մասին: Ինքնին այն փաստը, որ այնտեղ ներդրումներ են արվելու, վկայում է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը լինելու է անխուսափելի, քանի որ դրանք ինքնարժեքում են ներառվելու: Եթե ընդունենք, որ իսկապես կասկադում ոչ թե 200, այլ 70 մլն դոլարի ներդրումներ են պահանջվում, նշանակում է` օբյեկտի մաշվածությունն այնպիսի կատաստրոֆիկ վիճակում չէր, որ դրա փրկության միակ հնարավոր ճանապարհը լիներ հրատապ վաճառքը: Մինչդեռ այս գործարքով կառավարությունը պարզապես ինքնակամ հրաժարվում է էժան էլեկտրաէներգիայից:

 

Այս ամենին զուգահեռ` կասկադի վաճառքը ավելորդ անգամ քողազերծեց նաև հայ-ռուսական գազային պայմանագրերի խայտառակ, կապիտուլյացիոն բնույթը, ինչպես նաև դրանք արդարացնելու` իշխանության փորձերի սնանկությունը: Տարեվերջյան ասուլիսում վարչապետ Տիգրան Սարգսյանը «Գազպրոմին» Հայաստանում 30 տարով գործունեության և հարկային գերարտոնություններ տրամադրելու իրողությունը բացատրեց հետևյալ կերպ. «Ընդհանրապես, կարգավորվող ոլորտներում ներդրողների հետ խոսակցությունը վարվում է 30-35 տարվա կտրվածքով, որովհետև այդ ընկերությունների շահութաբերության մակարդակը պայմանավորված է լինելու ՀՀ իշխանությունների գործելակերպով. ինչպիսին կլինի շահութահարկը, գույքահարկը 10, 20, 30 տարի հետո, ինչպիսի բնապահպանական նոր նորմեր 30 տարիների ընթացքում մենք կարող ենք սահմանել և այլն: Նմանատիպ բանակցություններ մենք իրականացրել ենք և ավարտել ենք ամերիկյան ընկերության՝ «Կոնտուր Գլոբալի» հետ, որը ցանկություն ունի գնելու Որոտանի համալիրը: Նույն բանակցություններն են, նույն տրամաբանությամբ: Առնվազն 30 տարվա կտրվածքով մարդիկ ուզում են պատկերացնել, թե իրենց ներդրումները, եթե կատարեցին այդ կարգավորվող դաշտում, իրենց եկամտաբերությունը երաշխավորված ունենալու են, թե` ոչ»: Բայց Որոտանի կասկադի դեպքում խոսքը ոչ թե 30, այլ 25 տարվա մասին է, ընդ որում` այն դեպքում, երբ գույքը ամերիկյան ընկերությանը վաճառելիս չեն սահմանվել այնպիսի արտոնյալ ռեժիմներ, որոնք կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը տվեցին «Գազպրոմ»-ին և որոնք սահմանափակում են նույնիսկ էներգետիկ ոլորտում Հայաստանի ինքնիշխան օրենսդիր իրավունքները: Եթե դրանք լինեին, ապա պարտադիր կլիներ պայմանագրի վավերացումը ԱԺ-ի կողմից: Բացի այդ` ամերիկյան ընկերության պարագայում հստակ է, որ Հայաստանը` ի դեմս ՀԾԿՀ-ի, ուղղակի և անմիջական մասնակցություն է ունենալու կասկադի արտադրած էներգիայի գնագոյացման պրոցեսին և դրա վրա ազդելու լծակներ է ունենալու: Մինչդեռ «Գազպրոմ»-ի պարագայում այն ամբողջությամբ թողնված է միայն այդ ընկերության հայեցողությանը: Այնպես որ` այս երկու գործարքները ոչ մի ընդհանրություն չունեն, և վարչապետը պարզապես հերթական փափուկ բարձն է դնում հանրության գլխի տակ:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ