Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհում բոլոր տիպի բարեփոխումները, որոնք նպաստել են հասարակական զարգացմանը, շատ դժվարությամբ են ընկալվել ժողովրդի կողմից, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է նստենք ու սպասենք ևս 10, 20 տարի և ունենանք թոշակառուների մի սոցիալական խավ, որոնք վատ են ապրում: Դա միանգամից խանգարում է պետության, հասարակության առողջացման ծրագրերին` քաղաքական իմաստով: Այս կարծիքը հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, երբ նրանից Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իշխանությունը հաշվի չի առնում հասարակական պահանջը և չի դադարեցնում կենսաթոշակային ռեֆորմի իրագործումը, մանավանդ` ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահը խոստովանեց, որ քաղաքացիների 80 տոկոսը դեմ է այդ ռեֆորմին:
Գալուստ Սահակյանի խոսքով` որևէ մեկը երբևէ հարց չի տալիս` է, կարող է էս կառավարությունը չգնար դրան, չէ՞ որ 30 տարի հետո կառավարությունը փոխվելու էր, ուրեմն թող չաներ այդ բարեփոխումը, նման հոգսի տակ էլ չէր ընկնի: «Դրա համար եմ ասում, որ լուրջ քաղաքական թիմերը ռիսկային մեծ պատասխանատվություն վերցնող թիմերն են: Հիմա բոլորն իրենց աշխատավարձից եկամտահարկ են վճարում, չէ՞, բա ուրեմն այդ ժամանակ էլ թող ասեն, որ ոտնահարվում է իրենց սեփականության իրավունքը: Տրադիցիոն ինչ եկել է, դրանով քարշ տալով` պետություն չեն կառուցում, այլ պետք է ռիսկերի դիմել»,- ասաց Գալուստ Սահակյանը` հավելելով, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ներդրումն ունենա պետության կառուցման գործում, և կուտակային կենսաթոշակային ռեֆորմով քաղաքացին հենց իր ներդրումն է ապահովում պետության կառուցման գործում:
Գալուստ Սահակյանը վստահ է, որ կուտակային կենսաթոշակային ռեֆորմը կլինի, արդյունքները տեսանելի կլինեն, և սերունդներն էլ գոհ կլինեն: Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը և դրան հետևած իրավական գործընթացների խառնաշփոթին, Գալուստ Սահակյանի կարծիքով` ՍԴ-ն ընդամենը ասել է, որ տույժեր, տուգանքներ չեն լինի, բայց, միևնույն ժամանակ, ՍԴ-ն պարտադրում է հիմնարկի ղեկավարին հավաքել այդ գումարները: Նրա խոսքով` աշխարհն աստիճանաբար անցել է պարտադիր կուտակային ռեֆորմին:
Իսկ թե ինչո՞ւ է պարտավորեցնում գործատուին, եթե տույժ ու տուգանք չի լինելու, պատգամավորը կարծում է, որ հիմնական փողը պետք է հավաքվի, իսկ եթե որոշ հիմնարկներ պահումներ չեն արել, արդեն ՍԴ որոշումից հետո բավական վատ վիճակ կստեղծվի նրանց համար: «Մտածիր քո այն տարիքի համար, որը նշանակում է` թոշակ, էնպես որ` աշխարհն էլ է գնացել այդ ճանապարհով»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Հարցին` չի՞ անհանգստանում իշխանությունը, որ կլինի սոցիալական բունտ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Վախկոտ իշխանությունը լավ բան չէ: Մենք շատ վճռական ենք, սոցիալական բունտ էլ չի բարձրանա: Թող բողոքեն, ոչինչ, բայց մեր հասարակությունը պետք է գնա առողջացման ճանապարհով»: