Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՍԴ որոշումը դեռ ոչինչ չի նշանակում, այն ընդամենը երկու ամսով է ընդունվել, ահա` ինչու զարմանալի է այն ուրախությունը, որ այդ որոշման արդյունքում առաջացել է ոմանց մոտ. այսօր լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ խոսելով պարտադիր կուտակային ռեֆորմի վերաբերյալ ՍԴ որոշման մասին:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի՝ վերջերս արած այն հայտարարությանը, թե այս օրենքն ընդունելու դեպքում տարիներ անց այն կկոչեն պատմական, Անահիտ Բախշյանը նշեց. «Գուցե նախագահը ուզել է ասել, որ պատմական է լինելու, բայց վա՞տ իմաստով, որ պետք է զգո՞ւյշ մնանք»:Անահիտ Բախշյանի խոսքով՝ այս օրենքով «ատկատը» դրվելու է տնտեսական հարաբերությունների հիմքում: Ըստ նրա` նախագահին համոզել են, որ դա շատ շահավետ գործարք է, և հիմա կառավարությունն ուզում է նաև հասարակությանը համոզել, որ դա շահավետ է, բայց հասարակությունը կառավարությանն այլևս չի վստահում: «Կամավորի դեպքում ոչ մի մուծում չարեցին անգամ բարձր պաշտոնյաների ընտանիքի անդամները, հետևաբար` իրենք էլ չունեն այդ վստահությունը: Կառավարությունը լուրջ հաշվարկներ ունի` այդ կուտակված գումարների ապագայի հետ կապված: Ահա` ինչու ՍԴ-ն դժվար թե կասեցնի կամ հակասահմանադրական ճանաչի այդ օրենքը, որովհետև դրանով կտանի կառավարության ոտքի տակի` առանց այդ էլ չեղած հողը»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Նա նաև նշեց, որ հասարակությունն էլ՝ պայքարի իմաստով, հուսահատված է, շատերն են տեսնում, որ պայքարելու դեպքում հայտնվում են բանտում: Դրա վառ օրինակը ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն է, ով համարձակորեն խնդիրներ բարձրացրեց, անուններ թվեց, բայց հիմա հայտնվել է բանտում: Անահիտ Բախշյանի խոսքով` մյուս կողմից, իշխանությունների ճնշումները նպաստում են քաղաքացիական նորանոր խմբերի ձևավորմանը: «Դեմ եմ» շարժումը պետք է ավելի ազդեցիկ լինի, ինչը կախված է այն մարդկանցից, ովքեր այդ շարժմանը գաղափարներ կտան, իսկ որ այդպիսի մարդիկ կան ու կլինեն, ես չեմ կասկածում»,- ասաց Անահիտ Բախշյանը: