Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք մեր մասնակցությունն ենք ցուցաբերել պարտադիր կուտակային շարժման դեմ, որովհետև քիչ, թե շատ հայտնի մարդիկ, երբ միանում են որևէ նախաձեռնության կամ պայքարի, անտարբեր մարդիկ էլ սկսում են հետաքրքրվել խնդրով»,- այսօր լրագրողներին ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ խոսելով պարտադիր կուտակային համակարգի դեմ մղվող պայքարին միանալու մասին:
Նա նշեց, որ «Դեմ եմ պարտադիրին» շարժմանն աջակցելու, միանալու և անգամ այդ համատեքստում լուսանկարվելու համար հայտնի մարդկանց խիստ քննադատեցին ու տարբեր պիտակներով որակավորեցին, բայց կարևորը շարժման լայն թափն է: Խոսելով այն մասին, որ քաղաքացիական պայքարը երբեմն կուսակցականացվում է, Լուսինե Բադալյանն ասաց. «Անկեղծ ասած, ես հեռանում եմ հանրահավաքից այն պահից, երբ սկսեցում են հնչել քաղաքական կարգախոսներ: Բայց ցանկացած հավաք միանգամից կուսակցականացվում է, ու հավաքը տապալվում է: Ես դրա մեջ չկամ: Հաճախ քաղաքացիներին կուսակցությունները օգտագործում են»,- ասաց նա՝ հավելելով, որ թեև աշխատում է «Կենտրոն» հեռուստաընկերությունում, բայց որևէ կուսակցական կողմնորոշում չունի:
Լուսինե Բադալյանի խոսքով՝ ակնհայտ է, որ շարժումը թափ է հավաքում, բայց դա նրանից է, որ բոլորի համբերության բաժակը լցվել է: Նա նշեց, որ ոչ թե օրենքին է դեմ, այլ խիստ կասկածում է, որ այսքան խնդիրների մեջ որոշեցին բարեփոխում իրականացնել: «Որոշակի օղակների հենց էս վայրկյանին գումար է պետք, նրանք ուզում են իրենց խնդիրները լուծել: Կանցնի մի քանի տարի, կասեն, որ օրենքն իրեն չի արդարացրել: Իրեն չարդարացրած կառավարությունն ուղղակի իրավունք չունի նման ռեֆորմ անցկացնելու»,- ասաց Լուսինե Բադալյանը:
Նա կարծիք հայտնեց, որ այսօրվա կառավարությունը իներտ է ու անհաղորդ ժողովրդի խնդիրներին, կառավարության համար միևնույն է, թե ինչպես է պայքարում ժողովուրդը: Լուսինե Բադալյանի համոզմամբ՝ քաղաքացիական շարժումն արդեն ձևավորվել է, և այն դուրս է եկել «պարտադիր կուտակային»-ի սահմաններից, չի կանգնելու այլևս ու չի նահանջելու: «Եթե ամբողջ ժողովուրդը կանգներ, իհարկե, ինչ-որ բան կփոխվի, բայց հասարակության մի մասը ստրկացած մտածելակերպ ունի, ցավոք, դուրս չի գալիս պայքարի: Ես պայքարում իմ խղճի համար, որ թույլ չտան մեզ ստրկացնել»,- ասաց հաղորդավարուհին: