կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-06 17:59
Մշակույթ

″Անպետք″ խոսակցություններ` ″պետքական″ ֆիլմի շուրջ

″Անպետք″ խոսակցություններ` ″պետքական″ ֆիլմի շուրջ

Փետրվարի 19-24 կայանալիք «Զում զբլիժենիա» լեհական կարճամետրաժ ոչ կոմերցիոն անկախ ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչները հրավիրել են Հայաստանը ներկայացնող Արշակ Զաքարյանի «Անպետքը» ֆիլմի ստեղծագործական խմբից 4 հոգու մասնակցելու փառատոնի եզրափակիչ մրցանակային փուլին:

 

Այս առթիվ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը դիմել էր ՀՀ մշակույթի նախարարություն, որպեսզի վերջինս հոգա ստեղծագործական կազմի ճանապարհածախսը: Արշակ Զաքարյանը տեղեկացրել էր, որ մշակույթի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել միայն 1 մասնակցի ճանապարհածասխը, լավագույն դեպքում կհոգա նաեւ երկրորդ մասնակցի ճանապարհածախսի գումարի կեսը:

 

«Մենք պետք է խնդրենք մեր հովանավորներին եւ երկրպագուներին հնարավորության դեպքում հանգանակել գոնե մեկ մասնակցի ճանապարհածախսը, որ կազմում է 500 եվրոյին համարժեք դրամ: Իմ ճանապարհածախսը կհոգամ ինքս»,-ասել էր կինոռեժիսորը:

 

Զաքարյանը խնդրել էր ֆիլմի հովանավորներին հնարավորության դեպքում հոգալ եւս մեկ մասնակցի ճանապարհածախսը:

 

Լուրը, սակայն, այլ կերպ էր մատուցվել, որի հետեւանքով ստացվել էր այնպես, որ նախարարությունը չի ցանկանում ֆինանսավորել առհասարակ, որից էլ դժգոհ է կինոռեժիսորը: Զաքարյանը ստիպված էր երկորրդ մեկնաբանությունը գրել` ասելով, որ նախարարությունը ոչ թե մերժել է իրենց ստեղծագործական խմբի` փառատոնի մեկնելու ճանապարհածախսը վճարել, այլ` բոլորի ծախսերը հոգալ.«Հիմա, իրենց տարեկան ծախսերի մեջ ֆիլմի հետ կապված ոչ մի հատկացում չունենալով հանդերձ` նրանք, հաշվի առնելով ֆիլմի հաջողությունները, իրենց հնարավորության սահմանում աջակցում են: Ես ըդհամենը նշել եմ, որ դա բավարար չէ, որպեսզի լեհական կողմից հրավիրված 4 մասնակիցն էլ մեկնեն փառատոնին: Որպես կանոն` նախարարությունը հովանավորում է ամեն ֆիլմից մեկ մասնակցի, իսկ մեր դեպքում` փորձում են նույնիսկ հովանավորել երկրորդին»:

 

Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, սովորաբար, նախարարությունն, այո, ֆինանսավորում է 1-2 մասնակցի ճանապարհածախսը:

 

«4 հոգի երբեք մենք չենք ուղարկում, միայն պետական կարեւորության մեծ միջոցառումների ժամանակ կարող ենք 1-ից ավել մարդկանց գործուղել, քանի որ մենք ունենք X գումար, որ պետք է բաշխենք բոլոր ճյուղերի մեջ: Նորմալ, շնորհալի տղաներ են իրենք, եւ հարցն իրենք չեն, ուղղակի մեր ձեւաչափն է այդպիսին»,-ասաց Գրիգորյանը:

 

Հարցին, թե ինչպես է նախարարությունը որոշում` որ հայտը բավարարել եւ մասնակցի ֆինանսավորումն իր վրա վերցնել, իսկ որի դեպքում `մերժել, Գեղամյանը պատասխանեց, որ նախարարությունն ունի հատուկ մասնագիտական հանձնաժողով` յուրաքանչյուր ճյուղի համար, որտեղ լսումներ են կազմակերպվում, որի արդյունքում էլ որոշվում է` տրամադրել գումար, թե՞` ոչ:

 

«Նախ ուսումնասիրում ենք իրենց հայտում նշված փառատոնի կարեւորությունը, քանի որ հիմա փառատոնների քանակը շատ է ավելացել, բայց բոլորը չէ, որ ուշարժան են: Գնալով դաշտն ակտիվանում է, եւ միայն հունվար ամսին կինոյի ոլորտում արդեն 10 հայտ ենք ստացել` չհաշված այն, որ երաժշտարվեստն ավելի ակտիվ է: Օրինակ, 2013-ին 24 կինոփառատոնի մասնակցություն ենք ֆինանսավորել, այդ թվում` Արշակ Զաքարյանի «Կինը»` կրկին մեկ անձի համար»,-ասաց Գեղամյանը` հավելելով, որ իրենք փորձում են ֆինանսները բաշխել բոլոր ճյուղերում հավասարաչափ: