Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծավալուն ելույթ ունեցավ, որում խոսվում է նաև կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի կարևորության մասին:
Այսօր լրագրողների հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պաասխանելով հարցին, թե արդյո՞ք կառավարության համար գաղտնիք է, թե ովքեր են մենաշնորհել տնտեսությունը, ովքեր են թաղված կոռուպցիայի մեջ, և ինչո՞ւ հենց այս փուլում վարչապետը հանդես եկավ նման ելույթով, պատասխանեց, որ ցանկացած ժամանակահատվածում ու փուլում, եթե որևէ մեկը անդրադարձ կատարեր նման հարցի, կհնչեր նույն հարցը` ինչո՞ւ՝ հիմա:
Նախարարի խոսքով՝ այդ ելույթը հնչեց այս փուլում, որովհետև կան որոշակի մտքեր, թե ինչ ճանապարհով պետք է այդ հարցերը լուծել: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք գաղտնիք է, թե ովքեր են մենաշնորհել տնտեսությունը, նա նշեց. «Եթե խոսքը վերաբերում է փողոցի մակարդակով կամ, այսպես ասենք, սպառողական մակարդակով հարցին, ապա գուցե ձեզ համար ոչ մի բան գաղտնիք չէ: Իսկ մենք կարծում ենք, որ նման պարագայում պետք է անպայման ուսումնասիրություն կատարվի, թե որ դեպքում ինչը կարող է կոնկրետ վնաս հասցնել պետությանը, տնտեսությանը: Սա լուրջ տնտեսագիտական հաշվարկ է, որովհետև մենք որոշակի ապրանքներ ունենք, որոնց առումով մեր երկիրն ունի շատ փոքր սպառման ծավալ: Այդ ոլորտում կարո՞ղ ենք այդ ապրանքները վերանայել, թե՞ ոչ, եթե մենաշնորհը վերանա: Կարող է՝ մենաշնորհը միակ արդյունավետ միջոցն է որոշակի ապրանքների հարցում: Սա տեսական հարցադրում էր, բայց այդ ամենը պետք է ուսումնասիրել: Բնականաբար, լայն սպառման ապրանքների մենաշնորհների պարագայում պետք է գտնել լրիվ այլ եղանակներ:Պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է այդ մենաշնորհը առաջացել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ մաքսային մարմինների վերաբերյալ կան բազում խոսակցություններ, որ մաքսային մարմիններն են հիմնական խոչընդոտը, որ երկրում ստեղծվում են մենաշնորհներ: Եվ կառավարությունը հատուկ հանձնարարական է տվել մաքսային մարմիններին, կատարվել է ուսումնասիրություն, և ակնհայտորեն երաշխավորված են հավասար պայմաններ, դրա մասին հանրությունը պետք է իրազեկվի:
«Տալ հանձնարարական մաքսային մարմնին մի բան է, իսկ հասարակությանը դա հասցնելը, երաշխավորելը մեկ այլ բան: Դրանով են պայմանավորված վարչապետի երեկվա ելույթում հնչած հանձնարարականները»,- ասաց Դավիթ Հարությունյանը: