Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ փետրվարի 7-ից եթեր է հեռարձակվելու նոր՝ «Պապայի աղջիկները» հեռուստասերիալը, որի սցենարիստ Արսեն Սարգսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իր հեղինակած հեռուստասերիալի հիմքում սերն է՝ իր բոլոր ճյուղավորումներով: «Այս հեռուստասերիալն առանձնանալու է նրանով, որ ֆիլմի հիմքում երեխաների պաշտպանության խնդիրն է, որը բախել է բոլորի դռները»,- ներկայացրեց սցենարիստը՝ շարունակելով. «Ֆիլմի հերոսուհին՝ 12-ամյա Մարիամը, մեծացել է ծնողներից առանձին, զուրկ է եղել ծնողների քնքշանքից: Նրան ստիպել են, որ ողորմություն խնդրի»:
Ըստ Արսեն Սարգսյանի՝ հեռուստասերիալում անդրադարձը սոցիալական խնդրին գլոբալ է, պարզապես մեկ օրինակով է ցույց տրվում: «Որքան էլ շատ լինեն սոցիալական դժվարությունները, պայմանները ծանր լինեն, անտանելի լինեն, պետք չէ այդ ամբողջը բարդել երեխաների վրա, որովհետև երեխաները պատասխանատու չեն դրա համար: Ֆիլմով ուզում ենք վեր հանել նաև այն խնդիրը, որ եթե երեխաները չեն էլ կարողանում վայելել իրենց մանկությունը, գոնե պատասխանատվություն չկրեն իրենց ծնողների սխալների կամ անհաջողությունների համար»,- ասաց նա՝ հավելելով, որ «Պապայի աղջիկները» ընտանեկան դրամայի ժանրում է:
«Գլխավոր հերոսը Մարիամն է, ով դպրոցում գերազանց է սովորում. ունենալու ենք դպրոցի տեսարաններ: Մարիամն առանձնանում է իր գիտելիքներով, ունակություններով ու օրինակ է մնացած աշակերտների համար՝ ինչպես կարելի է ծանր պայմաններում այդքան լավ սովորել»,- ներկայացրեց Արսեն Սարգսյանը, ապա շարունակեց. «Ֆիլմում անդրադարձ է լինելու նաև Արցախյան ազատամարտին: Սա մեր ցավն է, և չանդրադառնալ պարզապես չենք կարող. Մարիամի հայրը՝ Դավիթը, Արցախյան ազատամարտի հերոս է, ու փոքրիկ անդրադարձ է լինելու դրան»:
Սցենարիստի խոսքով՝ հեռուստասերիալը սոցիալական խնդիրներ է վերհանում, որոնց բախվում են երեխաները, որովհետև ստիպում են նրանց՝ տարբեր պատճառներով:
«Ֆիլմի գլխավոր խոսքն է` մի’ բարդեք ձեր խնդիրները ձեր երեխաների վրա: Այս ֆիլմն առանձնանալու է մյուս սերիալներից նրանով, որ այստեղ սեր կա ավելի շատ, սեր՝ իր բոլոր ճյուղերով ՝ ընտանիքի, երեխայի, հայրենիքի, կողակցի հանդեպ: Հենց սերն է ամենամաքուր բանը, որ պակասում է ոչ միայն մեր կյանքում, այլ նաև մյուս սերիալներում»,- նշեց Արսեն Սարգսյանը: