կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-31 23:10
Մշակույթ

Իմ Արամը

Իմ Արամը

Շատ առումներով ուրիշներից տարբերվում էր Արամը։ Մենք առաջին անգամ հանդիպեցինք վաղուց, շա՜տ վաղուց։ Ինքը 10-11 տարեկան էր, ես՝ 14-15։ Երկուսս էլ Թեհրանի Հայ մշակութային Արարատ կազմակերպության Սկաուտական միության անդամներ էինք, որը մեր ու էլի շատ ուրիշների կյանքում, մանավանդ' որպես մարդ ձևավորվելու գործում, անգնահատելի դեր ունեցավ։

 

Ես արդեն մեկուկես-երկու տարվա անցյալ ունեցող սկաուտ էի, ինքը, սկաուտ դառնալու տարիքին հասած լինելով, յոթ-ութ տարեկիցների հետ միասին «Գայլիկների ոհմակ» կոչվող կրտսեր սկաուտների շարքերից փոխանցվել էր սկաուտների մեր խումբը։ Մեր խմբապետի որոշումով նրանցից կազմվեց մի առանձին, նոր խմբակ, ու ես նշանակվեցի' սկզբում խմբակի պատասխանատուի օգնական, ապա պատասխանատու։ Ու այսպես, մեկս մյուսի կյանքում տեղ գտավ։

 

Դեռ այդ տարիքից հանդարտաբարո էր, խելացի, կարգապահ, լավ պահվածքի տեր։ Մեկ անգամ ընդմիշտ սիրեցի իրեն ու հոգեպես ամուր կապվեցի իրեն։ Թեև կյանքի այդ տարիների համար մեր տարիքային տարբերությունը մեծ էր, բայց ժամանակի ընթացքում մեր հարաբերությունները պաշտոնականից հետզհետե ընկերականի վերածվեցին։

 

Սկաուտական միության մեջ՝ դեռահասներին իրենց ունակությունները դրսևորելու հնարավորություն ընձեռող այդ առողջ միջավայրում, Արամն ի հայտ բերեց կազմակերպչական ձիրք ու ղեկավարման շնորք, ինչով հետագայում միշտ էլ աչքի ընկավ։ Մի քանի տարի հետո, երբ երաժշտական ուսում առնելու նպատակով Ամերիկա էր մեկնում, Սկաուտական միության մեջ նա արդեն սկաուտական խմբի ղեկավար էր։

 

Ես իրենից երկու տարի առաջ էի ուսումնառության նպատակով Անգլիա մեկնել։ Մոտ հինգ տարի իրար չէինք հանդիպել։ 1976 թվականի ամռանը երկուսս էլ Թեհրանում էինք: Հանդիպեցինք տարբեր առիթներով ու շատ անգամներ, ընկերական համախմբումներում ու երկուսով առանձին։

 

Այդ անգամ իրենց տանն էինք։ Շենքի երկրորդ հարկում գտնվող իր հորաքրոջ հարկաբաժնին կից իր առանձնասենյակում։ Խանդավառությամբ ինձ պատմում էր երաժշտության մասին։ Փորձում էր իր աշխարհը բացել նաև իմ առաջ։ Նվագարկիչով հնչեցրեց Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան' «Պաթետիկը», և հնթացս մեկնաբանեց այն։ Ու հաջողեց ինձ գերել ու իր աշխարհը մտցնել։ Դասական երաժշտության հանդեպ իմ սերը, ավելի ճիշտ, իմ մեջ այդ սիրո արթնացումը ես պարտական եմ իմ Արամին։

 

Այդ ամռանը Արարատ կազմակերպության Արվեստից միության «Թիվ երկու» թատերախումբը պատրաստվում էր բեմադրել Հ. Վարդանյանի «Կիբոսա» թատերգությունը։ Արամին առաջարկել էին բեմադրության համար հատուկ երաժշտություն հորինել, ու նա ընդունել էր։ Ես սկզբից այդ մասին չգիտեի, հետո իմացա։ Միասին ճամբորդում էինք։ Իր ծնողներն այդ օրերին հանգստի համար Կասպից լճի հարավային ափեզրի Դարյաքենար կոչվող հանգստյան գոտու իրենց առանձնատանն էին գտնվում։ Երկու օրով նրանց մոտ էինք գնում։ Ինքնաշարժն ինքն էր վարում։ Ճամփին ծարավներս հագեցնելու և մի քիչ հանգստանալու համար ինչ-որ սննդավաճառի մոտ կանգ առանք։ Երկուսս էլ ինքնաշարժից դուրս եկանք, մի քիչ խոսեցինք, ու հետո մի քանի րոպե լռություն տիրեց։ Հետո ինչ-որ բաներ քթի տակ հմհմացրեց և ինձ դառնալով ու ցուցամատը օդում ճոճելով' բացականչեց «գտա՛»։ Կիբոսայի երաժշտության մեղեդիներից մեկն էր գլխում հասունացրել։

 

«Կիբոսայի» բեմադրության ժամանակ ոչ մեկս Թեհրանում չէինք։ Հետագայում նվագարանների փոքր համույթով կատարված իր այդ ստեղծագործության ձայնագրության կրիչն ինձ տվեց։ Երևի դա պատվերով հորինված իր առաջին ստեղծագործությունն էր։ Շատ անգամներ եմ լսել վեց-յոթ առանձին մասերից բաղկացած այդ ստեղծագործությունն ու ամեն անգամ միևնույն բանի վրա եմ զարմացել' ժամանակի ինչպիսի՜ շունչ ու դրամատիզմ կա այդ ստեղծագործության մեջ, նվագարանների ինչպիսի՜ խելամիտ ընտրություն...

 

Նույն ամռանը հարմարվեց, և ես ու ինքը վեց ուրիշ ընկերների հետ Իրանի հյուսիս-արևմտյան ծայրամասում գտնվող Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքն այցելեցինք։ Կարճ, ընդամենը 3 րոպե տևող շարժանկար ունեմ այդտեղ նկարահանված պահերից։ Արամն այդտեղ էլ, նկարահանումից անտեղյակ, ինչ-որ բաներ է հմհմացնում։ Չեմ կասկածում, որ իր գլխում բյուրեղացող «Կիբոսայի» մի հատվածն է...

 

Հետո, որքան հիշում եմ, մի ամռան էլ Իրանում հանդիպեցինք ու այնուհետ երկար ժամանակ միմյանցից կտրվեցինք։

 

Մանկության, պատանեկության տարիներում ձևավորված ընկերությունների մեջ կախարդական, անհասկանալի, բայց գեղեցիկ մի բան կա, որ ուրիշ ծանոթությունների ու կապակցությունների դեպքում չի լինում։ Որքան ժամանակ էլ որ այդ տարիների ընկերներիդ չես հանդիպում, մի տարի, հինգ տարի, տասը տարի, քսան տարի հետո էլ հանդիպելիս կարծես ժամանակն այդքան տարի մի տեսակ կանգնած է եղել։ Այսօրվա ու տարիներ առաջ տեղի ունեցած վերջին հանդիպման միջև անցած-գնացած ոչինչ չկա։ Մանկական ու պատանեկան անեղծ զգացումներով միմյանց կապված նույն մարդիկ, հոգեպարար նույն ընկերությունը, որ հաճախ ավելի խոր է ու ավելի սերտ, քան հետագայում ձևավորված «նոր» ընկերությունները։

 

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանում, որտեղ արդեն մի քանի տարի էր, որ ես հաստատվել էի։ 1994 թվականն էր։ Առաջին անգամվա համար եկել էր ղեկավարելու Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Մինչև ելույթը միմյանց չէինք հանդիպել։ Համերգի ավարտից հետո, իրեն հանդիպելու նպատակով համերգասրահի կողքում գտնվող սենյակն անցա: Շատ մարդ կար։ Շատերն էին եկել իրենց գոհությունն ու հիացմունքն արտահայտելու։ Որոշեցի սպասել։ Իրենից քիչ հեռու կանգնած կարոտով դիտում էի նրան։ Իմ Արամն էր. բարեհամբույր, արժանապատիվ, սիրելի-սիրելի՜։ Իր հետ ու իր ներկայությամբ եղած ու անցած կյանքիս դրվագները, մե՛ր' իմ ու իր կյանքի դրվագները, շարժանկարի պես աչքերիս առջևով անցան, ու երբ ամենավերջին երկու-երեք անձինք էին իրենց սրտի խոսքն ասում, ես մոտեցա։ Ինձ տեսավ ու քարացավ։ Արցունքները խեղդում էին ինձ։ «Արամ...», և ուրիշ ոչ մի խոսք արտաբերել չկարողացա։ «Նորիկ»,- իրեն հատուկ շեշտադրումով բացականչեց նա, և ուրիշ ոչ մի խոսք... Գգվանքով գրկախառնվեցինք։ Արցունքները երբեմն ավելին են ասում, քան բառերը։

 

Հետո, երբ արդեն Հայաստանում հանգրվանեց, շատ անգամներ իրար հանդիպեցինք։ Մեր յուրաքանչյուր հանդիպումը վայելք էր ինձ համար, ուզում եմ կարծել՝ նաև իր համար։ Ամեն ինչի մասին զրուցում էինք' անցյալի, ներկայի, ապագայի, հատկապես' իր աշխատանքի ու ծրագրերի մասին։ Երկուսս էլ խանդավառ էինք Հայաստանի անկախությամբ, որի երազը փայփայողներից էինք։ Դեռ վաղուց երդվել էինք «հավատարիմ մնալ Աստծուս, ազգիս և հայրենիքիս...»։ Մեր պատվով էինք երդվել։ Ես վկաներից մեկն եմ, որ մինչև վերջ տերը մնաց իր երդման։

 

Խոր ցավ եմ ապրում այն բանի համար, որ իր ազգին ու հայրենիքին անմնացորդ նվիրված արժանավոր այս հայը, գերազանցապես բարոյական ու ազնիվ այս մարդը, շնորհալի արվեստագետը, իմ Արամը, Հայաստանում իր ազգին ծառայելու, նրա հոգևոր վերելքի ճամբին իր լուման ներդնելու գործում ավելին անելու հնարավորությունը չունեցավ։ Փոքրոգի մարդիկ նենգ արարքներով իր մեծ հոգին խռովքի մատնեցին։ Խարդավանքներին դեմ-հանդիման նա մնաց ներողության իր բարձունքներում, ինքն իրեն հավատարիմ. մաքուր, վսեմ, արժանապատիվ։

 

Կյանքի հեգնանք էր, որ նա իր ստեղծագործական կյանքը շարունակելու համար վերահաստատվեց Ամերիկայում, թեկուզև ժամանակավորապես։ Ինքը տուժեց այնքանով, որ նյութեղեն հայրենիքի տևական ներշնչանքից զրկվեց։ Մնաց հոգևոր հայրենիքը, որ միշտ էլ իր հետ էր եղել։ Իսկ մե՞նք։ Մենք շատ տուժեցինք։ Զրկվեցինք արվեստի ճամբով ներշնչանքի իր բաշխումից։ Գեղեցիկն ու կատարյալն ըմբոշխնելու վայելքից, որ իր համար նույնանիշ էին։

 

Որպես ստեղծագործող, արարող մարդ' հիմա նա չկա։ Իր նվաճած իմացական ու մասնագիտական բարձունքից իր գործով ու արվեստով ուրիշներին բարձրացնելու անհոգնում մղումն ու սերն այլևս թանձրացյալ մարմին չունի։ Այս փաստի հետ հաշտվելը ծանր է, շա՜տ ծանր։ Մենք աղքատացանք։

 

Բայց կա մխիթարանք' կյանքի ընթացքում այն ամենն, ինչ նա մեզ տվեց, մեզ նվիրեց, մնաց մեզ, կմնա՛ մերը. անկորչելի, որքան որ ապրենք։ Իրմով մենք հարստացանք։

 

Ազնիվ, գաղափարական մարդու հմայիչ իր կերպարով, կյանքն արժեցնելու վարակիչ իր օրինակով նա մնայուն տեղ գրավեց իմ և իրեն ճանաչողներից շատերի ներաշխարհում, որտեղ կապրի քանի դեռ կանք. աննման Արամը, ի՛մ Արամը։

 

Նորայր Մելքոմ Մելքոմյան