Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավելի քան մեկ դար է, որ Արամ Մանուկյան ասելով հասկանում ենք Հանրապետության հիմնադիր, պատմակերտ գործիչ, Արարատյան աշխարհի փրկիչ, Վանի հերոս։ 1879 թ. մարտի 19-ին պատմական Հայաստանի Արցախ աշխարհի Շուշի քաղաքում ծնված Արամ Մանուկյանն (ծննդյան անվամբ՝ Սարգիս Հարությունի Հովհաննիսյան) աշակերտական տարիներին անդամագրվեց թուրքական բռնապետության դեմ ծավալվող հայ ազգային-ազատագրական պայքարի առաջատար ուժ ՀՅ Դաշնակցությանը։ Այդուհետ նրա կյանքի յուրաքանչյուր օրն անմնացորդ, անվերապահ նվիրում էր իր ժողովրդին՝ նրա ազատության, անվտանգության և բարօրության կարևորագույն գործին։ Իր կարճ՝ ընդամենը 40 տարի, բայց և չափազանց գերհագեցած կյանքի ընթացքում Արամն առնվազն երկու անգամ վճռորոշ հետք է թողել հայ ժողովրդի կյանքում։
Առաջինը Վանում էր։ 1905 թ. Արևմտյան Հայաստանի Վանի նահանգում հաստատված Արամ Մանուկյանը, որը հավասարակշիռ, կազմակերպված գործունեության շնորհիվ նահանգում ձեռք էր բերել մեծ հեղինակություն, 1915 թ. կազմակերպեց և իր իսկ առաջարկությամբ ստեղծված բազմակուսակցական Հայ Ինքնապաշտպանության Զինվորական Մարմնի հետ ղեկավարեց Վանի 1915 թ. ապրիլյան հաղթական ինքնապաշտպանությունը։ Ինքնապաշտպանության շնորհիվ ավելի քան 150 հազար վասպուրականցիներ փրկվեցին Թուրքիայի կողմից կազմակերպված ու իրագործված Մեծ եղեռնից, որին ցավալիորեն զոհ գնաց արևմտահայության մեծ մասը՝ ավելի քան 1,5 մլն հայ:
Ինքնապաշտպանության հաղթանակից հետո նշանակվելով Վանի նահանգապետ՝ Արամ Մանուկյանը, ցուցաբերելով ազգային-պետական մտածելակերպ ու վերկուսակցական ոգի, գլխավորեց Վան-Վասպուրականի հայության խաղաղ-ստեղծագործ աշխատանքը:
Երկրորդ անգամ Արևելյան Հայաստանում էր, Երևանում։ 1917 թ. վերջին թուրքական զորքերը, օգտվելով ռուսական Կովկասյան ռազմաճակատի քայքայումից, պատրաստվում էին ներխուժել Հայաստան և ավարտին հասցնել հայոց ցեղասպանությունը։ Այդ բախտորոշ ժամանակաշրջանում Թիֆլիսի Հայոց Կենտրոնական Ազգային և Հայ զինվորական խորհուրդների կողմից Երևանի նահանգ գործուղված Արամը հայտարարեց, որ հայ ժողովուրդը թուրքական ոչնչացնող պետական մեքենայի դեմ կանգնած է մեն-մենակ և կոչ արեց հույս չդնել արտաքին օգնության հետ ու թուրք զավթիչներին հակահարված տալու համար հենվել սեփական ուժերի վրա. «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի… Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրւում, շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»: Համոզված կարելի է ասել, որ Արամի այս խոսքերն արդիական են նաև մեր օրերում։
Արամը հետևողական, նպատակասլաց ու անզիջում աշխատանք տարավ Երևանի նահանգում ամուր իշխանություն և կանոնավոր զորք ստեղծելու, կարգուկանոն և համաժողովրդական միասնություն հաստատելու ուղղությամբ և արձանագրեց անհավանական թվացող հաջողություններ, որոնց թագն ու պսակը, իհարկե, Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումն էր։
1918 թ. մայիսին, երբ արյունարբու թշնամին ներխուժել էր Արարատյան դաշտ՝ վստահ լինելով, որ առանց լուրջ դժվարության տիրանալու է նաև հայոց հայրենիքի վերջին կտորին, երբ հայ քաղաքական շրջանակների, զորահրամանատարության ու բնակչության մի զգալի մասը մատնված էր հուսալքության, Արամը ցուցաբերեց թշնամուն հակահարված հասցնելու անկոտրում կամք և Վարդանանց վայել քաջություն: Նա վճռականորեն հայտարարեց՝ «… ոչ մի նահանջ ոչ մի գծի վրա: Նահանջել Երևանից՝ կնշանակի խաչ քաշել մեր ամբողջ գործունեության եւ մեր ապագա քաղաքական երազանքների վրա, պետք է պայքարել մինչև վերջին մարդը, մինչև արյան վերջին կաթիլը»: Ժամանակակիցների վկայությամբ Արամը ոգի էր ու եռանդ: Նա իր կեցվածքով գործողության էր մղում բոլորին, ոչ ոք, կամա թե ակամա, ոչինչ չէր խնայում հայրենիքի փրկության համար:
Արդյունքն եղավ այն, որ 1918 թ. մայիսին Սարդարապատում, Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական կանոնավոր զորքն ու աշխարհազորը թուրք զավթիչներին մատնեցին ջախջախիչ պարտության: Մայիսյան փառահեղ հաղթանակները հայ ժողովրդին փրկեցին վերջնական բնաջնջումից, Արևելյան Հայաստանն ամբողջական օկուպացումից և հնարավոր դարձրին անկախ պետականության վերականգնումը` ի դեմս Հայաստանի Առաջին Հանրապետության:
Նորանկախ Հայաստանի անդրանիկ կառավարության մեջ, որը գլխավորում էր Հ. Քաջազնունին, Արամ Մանուկյանը ստանձնեց Ներքին գործերի, Կրթության, Հաղորդակցության, Պարենավորման և Խնամատարության նախարարությունները և մինչև կյանքի վերջը, բառի բուն և ամբողջական իմաստով, շարունակեց ծառայել իր ժողովրդին: Նա մշտապես հանդես եկավ նախաձեռնողի և ուղղորդողի դերում։ Նրա կազմակերպչական ձիրքի, հետևողական ու հավասարակշիռ քայլերի շնորհիվ շոշափելի ձեռքբերումներ արձանագրվեցին հանրապետությունում ամուր իշխանություն, կարգուկանոն և օրինականություն հաստատելու, թուրք-թաթարական հակապետական խռովությունները ճնշելու, պարենային ճգնաժամը մեղմելու, պաշտոնական գրագրությունները հայացնելու, հարյուր հազարավոր արևմտահայ փախստականների ծանր դրությունը մեղմելու, տասնյակ հազարավոր որբերի խնամքը կազմակերպելու և այլ ուղղություններով: ՀՀ ստեղծման և պետականաշինության գործում ունեցած առաջնակարգ, ծանրակշիռ և արդյունավետ մասնակցության համար Արամ Մանուկյանը պատմության մեջ հավերժացավ որպես Հանրապետության հիմնադիր։
Մերօրյա իրադարձությունների համապատկերում, կապված հատկապես մշուշապատ համաշխարհային համաճարակի ծագման ու նրանով պայմանավորված տնտեսական ու քաղաքական մարտահրավերների հետ, մեր համոզմամբ, չափազանց կարևոր է Արամին բնութագրող գծերից մի քանիսի մատնանշումը։
Արամը ազգային-պետական գործչի կատարյալ մարմնավորում էր: Դա փաստող ամենագլխավոր որակը, թերևս, իշխանության մասին Արամի պատկերացումն էր: Նրա համար իշխանությունը ոչ թե առավելություն էր կամ փառամոլության բավարարություն, այլ ժողովրդի վերքերը բուժելու, սեփական ժողովրդին առավելագույնս ծառայելու, նրա ամենօրյա շահերը պաշտպանելու, ազգային ձգտումերն ու հեռանկարային խնդիրները գործնականացնելու միջոց:
Արամի արարքները զերծ էին անձնական շահախնդրությունից: Ունենալով ֆինանսական միջոցներից օգտվելու լայն հնարավորություններ՝ նա մինչև իր կյանքի վերջին վայրկյանն ապրեց համեստ կյանքով, հասարակ երևանցու նման, կրեց նրան բաժին ընկած բոլոր զրկանքները: 1918թ. մարտի 24-ին ժողովրդի, Երևանի Հայոց Ազգային խորհրդի ու զորքի կողմից Երևանի նահանգի դիկտատոր ընտրված և բացարձակ լիազորություններով օժտված, 1918 թ. հուլիսին նորանկախ ՀՀ ներքին գործերի նախարար նշանակված և փաստացիորեն երկրի ներքին կյանքի կազմակերպումը տնօրինող Արամը միշտ մնաց ժողովրդի սիրելին ու նվիրյալը՝ իր անսահմանափակ իշխանությունը մինչև վերջ օգտագործելով բացառապես հօգուտ ազգային շահերի:
Ժողովրդի շահերի պաշտպանության և հայոց պետականության կայացման ճանապարհին Արամի համար չկային արտոնյալներ կամ արգելքներ: Նա պահանջկոտ ու խիստ էր բոլորի, հատկապես պատասխանատու դիրք զբաղեցնող պաշտոնյաների, նույնիսկ կուսակիցների նկատմամբ: Օրինակներն շատ են ու խոսուն։
Ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ ունեցած բարձր պատասխանատվությունը, նվիրում, արդարամտությունն ու ազնվությունը նրան ապահովում էին բարձր հեղինակություն: Ասվածի մասին է վկայում Ղարաքիլիսայից (այժմ՝ Վանաձոր) թուրքական զորքերի հեռացումից հետո՝ 1918 թ. հոկտեմբերի 20-ին գեներալ Մ. Սիլիկյանին և Արամ Մանուկյանին ուղղած տեղի բնակչության հեռագիրը, որում ասվում էր. «Ուրախ ենք, որ Հայկական զօրքի և երկրի ներքին գործերի կառավարութեան գլուխ կանգնած էք դուք, որ հայկական կեանքի ամենածանր շրջանում չլքեցիք ձեր ժողովրդին և ցաւակից եղաք նրան: Հաւատում ենք, որ ձեր աշխատութեամբ և եռանդի շնորհիւ կը կազմւի ուժեղ բանակ և հաստատուն իշխանութիւն, որը վերջ կը դնի մեր ժողովրդի տանջանքներին»:
Արամին բնութագրող չափազանց կարևոր գծերից մեկն էլ այն է, որ նա չէր բավարարվում իրադարձություններին հետևելով ու նրանց հետևանքները վերացնելով կամ մեղմելով, այլ ջանում էր ազդել իրադարձությունների ընթացքի վրա, հնարավորինս առաջ ընկնել նրանցից և ընթացք տալ նրանց։ Վկան են թե´ Վանը 1905-1915 թթ., թե´ Երևանը 1917-1918 թթ.։
Արամին բնութագրող և մեր ժողովրդին պատմական հաղթանակներ ապահոված այս գծերը մեր օրերում առավել քան արդիական ու պահանջված են, քանզի համաշխարհային ու տարածաշրջանային զարգացումների բարդ ժամանակաշրջանում մեր ժողովրդի առջև ծառացած են իր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու, Արցախը պաշտպանելու և Մայր հայրենիքին վերամիավորելու, արժանապատիվ ապրելու, մեծ ու հզոր պետություն կերտելու հրամայականները։
Արմեն Ասրյան
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ