Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Մեծ Արամի մահվան տարելիցն է: Մեծ՝ իր գործով, թողած անքննելի արժեքներով ու անբեկանելի գաղափարներով: Շատ դրական բնութագրումներ կարելի է տալ նրան, բայց դրանից ոչ մեկի պետքը չունի նա: Ասենք՝ ի՞նչ բնութագիր կարող է տալ հայրենիքը կորցրած ու կիսանկախ պետություն ունեցողը Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրին՝ հայության հազարամյա երազանքն իրականացրած մարդուն: Ի՞նչ երեսով ու խղճով խոսենք մենք այսօր Արամի հետ՝ մեկի, ում կատարածը հեքիաթի էր նման, ում գործը խորտակեց հայի՝ պետականություն չունենալու դատապարտված ազգ լինելու մասին բոլոր միֆերն ու դարավոր տառապանքից հետո մոխիրների վրա ստեղծեց մերը փոքր, աղքատ, բայց մերը: Չլիներ Արամի ջանքերի դրոշմն իր վրա կրող առաջին հանրապետությունը, չէին լինի ո՛չ երկրորդը, ո՛չ երրորդը:
Ուստի նրան բնութագիր հարկավոր չէ, նրա բնութագիրն անկախությունն է, որն այսօր կորցնում ենք: Նրան մատուցվելիք լավագույն հարգանքի տուրքը պետականության պատին մեկ քար ավելացնելն է՝ հարյուրավոր ծաղիկների ու ծաղկեպսակների, կենացների փոխարեն: Արամն է մեր վճռական ճակատամարտի զորավարն ու առաջին փամփուշտն արձակողը, Արամն է մեր անկախ պետության հիմքը փորողն ու առաջին քարը դնողը: Եվ մենք պարտավոր ենք մեր յուրաքանչյուր քայլի համար պատասխանատու լինել նրան: Հայն Արամին վերարժևորելու և վերաիմաստավորելու կենսական կարիք ունի: Գարեգին Նժդեհն ասում էր. «Իր ընտիր մեռելների պաշտամունք չունեցող ժողովուրդը անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճյունից է բարձրանում»:
Այո, մենք չունեցանք մեր ընտիր մեռելներից մեկի՝ Արամ Մանուկյանի հիշատակի ու գործի պաշտամունքը, դրա պատճառով էլ այսօր կանգնած ենք պետության կորստի շեմին: Պիտի դադարենք Արամին հիշել միայն ծննդյան ու մահվան օրերին, Արամը բոլորիս մեջ պիտի ապրի՝ որպես մոխրից հառնելու և հաղթության` համազգային երազանքների իրականացման խորհրդանիշ:
Արամով պիտի մտածենք, ապրենք ու գործենք:
Արամով Հայաստանը պիտի հառնի...