Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չէի ասի, որ մեր Ազգային ժողովը խնդիրները լուծելու համար չի փորձում տարբերակներ գտնել, սակայն փնտրում և գտնում է ամենաանհաջող, ի սկզբանե առ ոչինչ և արդեն իրավիճակից դուրս տարբերակներ. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած գործընթացի մասին այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ տեսակետ հայտնեց «Հելսինկյան ասոցացիա» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ պատասխանելով Yerkir.am-ի դիտարկմանը, որ այս գործընթացը սկսվեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի որոշումից հետո, մինչդեռ ՍԴ-ն նույն կազմով մեկ այլ որոշում կայացրել էր դեռ հունվարին, որին հղում է տվել նաև գլխավոր դատախազությունը:
Իրավապաշտպանի խոսքով՝ ԱԺ-ի կողմից այս որոշումը պիտի կայացվեր, պետք է ապացուցվեր, որ քավոր-սանիկական կապ և շահագրգռվածություն կար, սակայն այս հարցը շատ ավելի շուտ պիտի լուծվեր: Նա, այնուամենայնիվ, չի կարծում, թե այս պահին խորհրդարանը կարող է հեղինակազրկել՝ այն բարձր լեգիտիմություն ունի:
«Բայց եթե նույնքան անբացատրելի, անհետևողական և ի սկզբանե տապալված քայլեր լինեն, կարող ենք ինչ-որ պահի նաև վստահության կորուստ ունենալ: Սակայն մենք դա թույլ տալ չենք կարող: «Իմ քայլը»-ի նախաձեռնությունը չէր կարող ընդունվել Սահմանադրական դատարանի դատավորների կողմից, այսինքն՝ մեզ ի սկզբանե «մեռելային» ինչ-որ բան առաջարկվեց։ Դատավորներին ինչ-որ ուժեր վստահել են «ֆորպոստ», որն անդամները պարտավոր են պահել կյանքի գնով»,- նշեց Կարապետյանցը։
Դատական համակարգը, նրա կարծիքով, բացարձակապես ոչ լեգիտիմ է: Իհարկե, և՛ դատախազությունում, և՛ քննչական մարմիններում, և՛ դատարաններում առանձին մարդիկ միշտ էլ եղել են, որոնք իսկապես ծառայել են՝ ըստ պատշաճի, սակայն առանձին անհատը դեռ համակարգ չէ, հետևաբար՝ ամբողջ համակարգը փոխելու բավականին լուրջ խնդիր ունենք:
«Այս մանր-մունր խաղերն անտրամաբանական են: ԱԺ-ի կողմից առաջարկված լուծումն ավելի պատկերավոր հասկանալու համար պատկերացրեք, թե հիվանդանոց են բերում սրտի հատվածում կտրող–ծակող գործիքով վնասվածք ունեցող մարդու, և վերակենդանացման բաժանմունքում բժիշկներն առաջարկում են վերքի տրամագծով յոդ քսել ու սպասել՝ մինչև կտրող–ծակող գործիքն «ինքնակամ հեռանա», վերքն էլ «ինքնակամ լավանա», մի հատ էլ մեջքին յոդով կլետկա անել։ Իսկ ընդդիմախոսներին էլ համոզում են, որ յոդից վնաս չկա։ Իհարկե, չկա, խոսքը իրավիճակին համարժեք քայլեր կատարելու մասին է, ոչ թե «յոդի» օգտակարության»,- ասաց Կարապետյանցը՝ ընդգծելով, որ ամենաօրինական և օպտիմալ տարբերակն այն էր, որ ԱԺ ներկայացվեին ՍԴ դատավորների թեկնածությունները, ԱԺ-ն էլ քվեարկությամբ համալրեր դատավորների կազմը:
Կարապետյանցն ընդգծեց՝ այն, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվում և դեռ պիտի առաջադրվեն, դրանում մեղքի բաժին ունեն նաև ոչ լեգիտիմ դատավորները, ՍԴ որոշումները:
«ՍԴ այս կազմին պետք է բարեհաջող տուն ճանապարհել, բայց, իմ պատկերացմամբ, զուգահեռաբար, քրեական գործեր պետք է հարուցված լինեն նրանց գործունեության և ապօրինի հարստացումների հետ կապված, թեև ես որևէ ակնկալիք չունեմ այս դատախազությունից, քանի որ ներկայիս գլխավոր դատախազը՝ Արթուր Դավթյանը, այս ամենի մասին շատ վաղուց է իմացել: Նա եղել է այդ հանցավոր ռեժիմի անբաժանելի մասը: Ավելի քան համոզված եմ և բոլոր հիմքերն ունեմ ասելու, որ նա մինչ հիմա կախվածություն ունի հանցավոր ռեժիմից: Եթե նա փողերի լվացման, ապօրինի հարստացումների դեմ, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերի չբացահայտման հետ կապված ժամանակին արձագանքեր և իսկապես իր տեղում լիներ, գոնե դատախազական վերահսկողություն կլիներ: Այս գործերով այնպիսի ծածկադմփոցներ են արվել՝ անձամբ նրա գիտությամբ»,- հայտնեց Նինա Կարապետյանցը:
Նա չի բացառում, որ հնարավոր նոր ընտրությունների դեպքում ՍԴ ներկայիս կազմից ոմանք կարող են վերանշանակվել: «Եթե մենք սպասում են «թավիշով» նրանց ճանապարհելուն, ապա այդպիսի բան չի լինելու: Չափից դուրս ու չարդարացված թավիշը բերում է նրան, որ հանցավոր ռեժիմն իրեն թույլ է տալիս անցնել չափն ու սահմանը»,- ամփոփեց Կարապետյանցը: