կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-05 16:16
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանն ակնհայտորեն չափն անցնում է, Արցախը դժվար թե վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ. Կոնստանտին Զատուլին

Ադրբեջանի քաղաքական էլիտայի ներքին նյարդային վիճակի դրսևորում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում այսպես բնորոշեց  Արցախի բարեկամների համաժողովին իր մասնակցության դեմ Ադրբեջանում բարձրացած աղմուկը ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ Նա հավելեց, որ Ադրբեջանը, չգիտես՝ ինչու, ցանկանում է ամբողջ աշխարհին արգելել ճանաչել իրականությունը, որ Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ ապրում է ինքնուրույն և դժվար թե վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ։

— Պարո՛ն Զատուլին, Արցախի բարեկամների համաժողովին մասնակցելուց հետո Ձեր դեմ Ադրբեջանը հիստերիա սկսեց․ ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

— Ինչպես տեսնում եք, ամեն ինչ նորմալ է, դժբախտի ու նեղացածի տպավորություն չեմ թողնում։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից հնչող կարծիքներին, ես Ադրբեջանին հարգանքով եմ վերաբերվում, ինչը չի նշանակում, որ համաձայն եմ այն ամենի հետ, ինչն Ադրբեջանը փորձում է փաթաթել մեր վզին։ Շատ տարօրինակ ձևով ադրբեջանական կողմը փորձում է ինձ և մեզ՝ բոլորիս, սովորեցնել՝ որը պետք է լինի մեր պաշտոնական դիրքորոշումը, ինչ պետք է անեն և ինչ պետք է չանեն պատգամավորները և հատկապես՝ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավորները։

Դա ակնհայտորեն չափն անցնելու դրսևորում է, ամեն մեկը պատասխանատու է իր գործողությունների համար, և ես՝ այդ թվում, հնարավոր չեմ համարում մերժել Արցախի ղեկավարության հրավերները։ Ես Արցախում բազմիցս մասնակցել եմ ընտրությունների դիտարկմանը՝ նախագահական, խորհրդարանական, և դրական եմ համարում, որ մարդիկ այնտեղ ապրում են լիարժեք կյանքով, աշխատում են քաղաքական ինստիտուտները, կա իշխանությունների փոփոխելիություն. գիտենք, որ շուտով՝ մարտին, էլի խորհրդարանական, նախագահական ընտրություններ կլինեն։ Գիտեք, դա ավելի լավ է, քան իշխանությունը ժառանգաբար փոխանցելը, համենայն դեպս՝ դա ավելի համոզիչ է։   

Ինչ վերաբերում է մնացածին՝ բայց չէ՞ որ ես զենքի առևտրով չեմ զբաղվում, զենք չեմ ներմուծում Լեռնային Ղարաբաղ, ես գնում եմ այնտեղ, որպեսզի մոնիթորինգ անցկացնեմ, ի վերջո, մեր պարտականությունն է իմանալ՝ ինչ է տեղի ունենում հակամարտության գոտում, արդյո՞ք հեռանկարներ կան խաղաղ կարգավորման համար, արդյո՞ք նոր ռազմական հակամարտության վտանգ կամ սպառնալիք կա։ Ես բոլորովին վերջերս Վալդայյան ակումբում էի, որտեղ Ադրբեջանի նախագահ Ալիևը ելույթ էր ունենում: Դրանից մեկ օր առաջ մեր արտգործնախարարին հարց էի տվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի մասին, լսել նրա հայտարարությունը: Ես պետք է ստուգեի՝ արդյո՞ք  իրոք այդպես է, որևէ սխալ չկա՞։

Ես ափսոսանքով եմ նշում, որ քաղաքական գործիչների, խորհրդարանականների ցանկացած այց այդպիսի կոշտ հակազդեցություն է գտնում Ադրբեջանում։

Եթե չեմ սխալվում, Լազարյան ակումբի կայքում հրապարակված է Արցախ այցելողների ցուցակը, այդ թվում՝ խորհրդարանականների՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԵՄ-ից. ինչ-որ չեմ լսում այդ առիթով որոտ-կայծակ Ադրբեջանից, չգիտես՝ ինչու, նրանք ձգտում են դեպի ՌԴ Պետդումայի պատգամավորները՝ հավանաբար համարելով, որ այստեղ իրենց համար ավելի հեշտ կլինի հասնել իրենց ուզածին։

Ես ոչ մի հայտարարություն չլսեցի Արցախի բարեկամներ ֆորումին ԱՄՆ-ից հսկայական պատվիրակության մասնակցության մասին, որուն կար 2 սենատոր, բայց իմ այցի նկատմամբ, չգիտես՝ ինչու, ընդգծված ուշադրություն ցուցաբերեցին։ Ով ցանկանում է, կարող է ծանոթանալ իմ ելույթին, ամենամեծ ցանկության դեպքում անգամ կառչելու ինչ-որ բան գտնել հանրավոր չէ, ես բավականին փորձված մարդ եմ և, որպես կանոն, շատ հստակ ընտրում եմ՝ ինչ ասել, որտեղ ասել և ինչպես ասել։

Այդ տեսանկյունից այն, ինչ տեղի ունեցավ, ինձ թվում է՝ արտացոլում է ոչ այլ ինչ, եթե ոչ Ադրբեջանի քաղաքական էլիտայի առնվազն այն մասի ներքին նյարդային վիճակը, որը ցանկանում է արգելել ամբողջ աշխարհին՝ ճանաչել իրականությունը, որ Լեռնային Ղարաբաղը արդեն երկար տարիներ ապրում է ինքնուրույն և դժվար թե վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ։

Ես, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման կողմնակից եմ, արմատապես դեմ եմ պատերազմին և զենքի ցանկացած սպառնալիքին և այդ իմաստով իմ դիրքորոշումը լիովին տրամաբանական եմ համարում։

— ՀԱՊԿ որոշ անդամներ Ռուսաստանը, Բելառուսը զենք են վաճառում Ադրբեջանին․ Ձեր վերաբերմունքը այս հարցին ո՞րն է։

— Այդ մասին մենք պաշտոնական տեսակետ հայտնել ենք: Ես գիտեմ, որ այդ հարցն անհանգստացնում է հայ հանրությանը, մենք իսկապես ունեինք պայմանագրեր Ադրբեջանին տարբեր զինատեսակներ  մատակարարելու մասին, բայց, ընդհանուր առմամբ, զենք վաճառվում է ամբողջ աշխարհում, եթե մենք չվաճառեինք այդ զենքը, հավանաբար հնարավոր կլիներ այլ տեղերից գնել, Ադրբեջանն, ըստ էության, հենց դա էլ անում է այլ զինատեսակների մասով։

Ես, այո, համաձայն եմ, որ այստեղ՝ ՀԱՊԿ մակարդակով, անհրաժեշտ է քննարկել այդ հարցը, և եթե իսկապես լուրջ ռազմական սպառնալիք կա, այդ դեպքում կարևոր է դա քննարկել ընդլայնված կազմով, իսկ այսօրվա դրությամբ Ռուսաստանը ոչինչ չի խախտում, ինչպես գիտեք՝ Հայաստանին միանգամայն այլ պայմաններով է զենք մատակարարում, հետևում է, որ որոշակի հավասարակշռույուն լինի այստեղ, որ որևէ մեկի մոտ ռազմական ճանապարհով որևէ հարց լուծելու ցանկություն չառաջանա 

Ինչպես գիտեք, օրերս մեր պաշտպանության նախարարն այստեղ էր և հենց այստեղ՝ պաշտպանության նախարարությունում, նոր համաձայնագիր ստորագրեց Գյումրիում ռուսական 102-րդ բազան ամրապնդելու մասին, ես դրան խիստ սատարում եմ։

—Այո, իսկապես 102-րդ ռազմաբազան ամրապնդում է ռուսական կողմը․ ի՞նչ կարող ենք սպասել դրանից, ինչո՞ւ է դա արվում։

—Կարծում եմ՝ դա իսկապես կարևոր է, քանի որ տարածաշրջանում իրադարձություններ են տեղի ունենում, տարածաշրջանը շարժման մեջ է հայտնվել։ Ես գիտեմ Հայաստանում շատերի տեսակետը, որոնք համարում են, որ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի գոյությունը Հայաստանի անվտանգության երաշխիք է. ես հենց այսպես էլ դա ընկալում եմ։ Դա գործընկերային պարտավորությունների կատարում է, այդ թվում՝ այն համաձայնագրի, որ մենք ընդունեցինք Պետդումայի շրջանակում՝ համատեղ ռազմական խմբավորում ստեղծելու մասին։