Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ իսկապես խնդիրը մենեջմենթի ձախողումների մեջ է, բայց, չգիտես` ինչու, այդ կորուստների ամբողջ բեռը տեղափոխվում է սպառողի ուսերին:
«Ես այսօր զարմացած եմ` ճիշտն ասած: Այսօր ՀՀԿ մեծամասնությունը ամենամեծ քննադատությունը հասցրեց իրեն, երբ ակնարկեց կոռուպցիոն բացահայտումների մասին: Հերմինե Նաղդալյանի, Վարդան Այվազյանի հայտարարությունները ուղղակի փայլուն էին: Միայն մեկ հարց է ծագում՝ այնպիսի տպավորություն է` կարծես դուք քննադատում եք կարգավորող հանձնաժողովին, այն դեպքում, երբ դուք եք մեղավորն այդ ամեն ինչի: Դուք եք ստեղծել այդ օրենսդրությունը, դուք եք տվել հանձնաժողովին այնպիսի լիազորություններ, որ նա ոչ մի կերպ չի կարողանում մտնել այդ խնդիրների մեջ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով` բոլոր պատգամավորներն ընդունեցին, որ այդ իրավիճակը կոռուպցիայի, վատ մենեջմենթի հետևանք է, բայց ինչո՞ւ են այդ բեռը դնում ժողովրդի վրա: Պատգամավորն առաջարկեց կարգավորող հանձնաժողովին` մերժել հայտը, գինը չփոխել, և թող բոլոր սուբյեկտները, ովքեր մեղավոր են այդ ամենի համար, կրեն պատասխանատվություն:
«Եթե լիներ կառավարման ստաբիլիզացման ֆոնդ, որը ցածր տոկոսներով վարկեր կտար, մենք կկարողանայինք սահուն ստաբիլ պահել գները: Պարոն Նազարյանն էլ ընդունեց, որ սա լավ գաղափար է, և եթե պետք է` կարելի է անել: Փողի տեղն էլ ցույց կտանք` 2013 թվականի դեկտեմբերի 31-ին կառավարությունը իր տրամադրության տակ ունեցել է 189 միլիարդ դրամ, որից 145 միլիարդը դրված է ԿԲ դեպոզիտում»,- ասաց նա:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նշեց. «Շահույթի կեսը տալիս եք ճեղքվածքին, հարցը լուծվում է: Ամբողջ երկիրը խառնել եք: Ասում եք` շահույթը` 14 տոկոս, է հիմա թող լինի 8 տոկոս, բայց սպառողը չտուժի: Էլեկտրաէներգիայի թանկացումը բերելու է այլ ապրանքների թանկացման: ՀԷՑ-ը չափն անցել է, ՀԷՑ-ի արածը լկտիություն է, զսպել է պետք, ու հանձնաժողովի դերը հենց սա է»:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ ստեղծված իրավիճակում տեսնում է մութ գործարքներ: Նա նաև նշեց, որ քառյակը շուտով հայտարարություն է անելու` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված:
«Բնականաբար, դեմ ենք և ամեն ինչ անելու ենք, որ չլինի սակագնի բարձրացում: Ես հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը՝ եկեք, փորձենք լուծումներ գտնել` թանկացումն օգոստոսին չիրականացնելու համար»,- եզրափակեց Արամ Մանուկյանը: