կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-12 15:05
Քաղաքական

Տեր-Պետրոսյանի օրոք ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև լարվածությունն ինչ-որ չափով դրսևորվում էր, բայց այս անգամ չափն անցել ենք. Կիրո Մանոյան

Տեր-Պետրոսյանի օրոք ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև լարվածությունն ինչ-որ չափով դրսևորվում էր, բայց այս անգամ չափն անցել ենք. Կիրո Մանոյան

Ադրբեջանը վերադարձել է տասն ամիս առաջվա իր պահվածքին, և Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները վերջին շաբաթներին չեն աշխատում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Պարզ չէ, թե այն ուղղակի կապը, որ ստեղծվել էր պաշտոնական Երևանի և Բաքվի միջև՝ անհրաժեշտ հաղորդակցություն պահպանել շփման գծում զինադադարի խախտումների հետ կապված, աշխատո՞ւմ է, թե՞ ոչ»,- նշեց նա:

Ըստ Մանոյանի՝ ՀՀ-ի արտաքին հարաբերությունների և ԼՂ հիմնահարցի վրա  իրենց ազդեցությունն են թողնում տարածաշրջանային զարգացումները՝ Իրան-ԱՄՆ, Թուրքիա-ԱՄՆ և ԱՄՆ-ՌԴ լարվածությունը:

«Արցախի հարցի  հետ կապված, բացի Ադրբեջանի պահվածքից, գլխավոր մտահոգությունը ՀՀ-Արցախ հարաբերություններն են, որովհետև դրանք բավականին լարված են ներկայացվում՝ մի մասը իրական, մյուս մասը՝ սարքովի: Լրագրողները թող չնեղանան, բայց լրատվամիջոցների սարքածն է: Իհարկե, այդ լարվածության համար հիմք կա, որը վերջին 20 տարում աննախադեպ է: Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք կար ժամանակ, որ ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև հարաբերությունները լարված էին, դա ինչ-որ չափով դրսևորվում էր, սակայն այս անգամ չափն անցել ենք բավական, ինչը մտահոգիչ է: Չի բացառվում, որ այդ զարգացումները տեսնելով է Ադրբեջանը փորձում շփման գծում ինչ-որ բաներ ձեռնարկել, ուստի ունենք այն վիճակը, որն ունենք»,- շեշտեց Մանոյանը՝ սրան գումարած մտահոգիչ համարելով թուրք-ադրբեջանական զորավարժությունները Արցախի և Նախիջևանի հատվածում: 

Դաշնակցական գործչի խոսքով՝ լավ է, որ ՀՀ իշխանությունները հիշել են 2016-ին ձեռք բերված` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, բայց, ըստ նրա, այդ ուղղությամբ հիմա ինչ-որ բան անելը փոքր-քիչ դժվար է հիմա: 

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ի նոր առաջարկների մասին ակնարկին` Մանոյանը նշեց, որ 2007-ի նոյեմբերից ի վեր, երբ Մադրիդյան սկզբունքները կողմերին հանձնվեցին, բոլոր առաջարկներն էլ նույնն են՝ տարբեր շեշտադրումներով, ինչ-որ բաներ ետ ու առաջ տալով, հերթականություն փոխելով: «Այն է՝ հայկական կողմը տարածքներ պիտի տա, Արցախը միջանկյալ կարգավիճակ պիտի ունենա, նաև ՀՀ-ի հետ կապող ինչ-որ միջանցք պիտի լինի, և որոշ ժամանակ անց Արցախի քաղաքացիները պիտի որոշեն իրենց կարգավիճակը՝ ազատ կամաարտահայտությամբ»,- ներկայացրեց նա՝ լրացնելով,թեր վստահ չէ, որ վերջին հանդիպումներում կարգավորման հարցն է քննարկվում, որովհետև այսօր դարձյալ ՀՀ-ի համար առաջնահերթությունը անհրաժեշտ փոխվստահության մթնոլորտի ստեղծումն է, այսինքն՝ երբ Ադրբեջանի կողմից «վերելակային» պարզ պայմանավորվածությունները չեն հարգվում,  հնարավոր չէ ավելի բարդ հարցերի մասին պայմանավորվել: «Ես կարծում եմ՝ նման պայմանավորվածություն և քննարկում առայժմ չկա, այսօրվա քննարկումները փոխադարձ վստահությունը վերադարձնելու ուղղությամբ են, ինչը  եթե 2 ամիս առաջ սկսել էր տեղի ունենալ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ապա հիմա, կարելի է ասել, այդ վստահությունն այսօր չկա»,- ընդգծեց Մանոյանը: 

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, դաշնակցական գործիչն ասաց, որ Ադրբեջանը կարող է «վթարային» պահեր ստեղծել և հետո ասել, թե նպատակ չի ունեցել պատերազմական գործողություններ սկսելու, այսինքն՝ իրենց կողմից եթե մի բան գցեն մեր հողի վրա, հայկական կողմն էլ պիտի պատասխան տա, բնականաբար: Այլ կերպ՝ հնարավոր է, որ Ադրբեջանը զորավարժությունների ընթացքում ռազմական գործողություններ հրահրի: «Ադրբեջանն է շահագրգռված իրավիճակի փոփոխմամբ, բայց հենց Ադրբեջանն էլ չի  համարձակվում գնալ իրավիճակի փոփոխության: Իսկ հայկական կողմը շարունակում է խաղաղություն պարտադրել՝ շնորհիվ մեր պատրաստվածության»,- ամփոփեց Մանոյանը: