կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-08 12:44
Իրավական

Նոր օրինագիծ. կկրճատվեն երեխայի խնամքի նպաստի չափն ու ժամկետը

Նոր օրինագիծ. կկրճատվեն երեխայի խնամքի նպաստի չափն ու ժամկետը

Մինչծննդաբերական և հետծննդաբերական նպաստը, այնպես էլ ֆիզարձակուրդում գտնվելու ընթացքում երեխայի խնամքի նպաստը կկրճատվեն, եթե կառավարության օրենսդրական նոր նախաձեռնությունն ուժի մեջ մտնի:

 

Սեպտեմբերի 25-ին կառավարության կողմից ներկայացվել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների», ինչպեսև «Պետական նպաստների մասին» օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին նախագիծ:

 

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը հայտնեց, որ, օրինագծի համաձայն, ֆիզարձակուրդում գտնվելու դեպքում, երեխայի խնամքի համար ծնողը նպաստ է ստանալու ոչ թե մինչև երեխայի երկու տարեկան դառնալը, ինչպես ներկայում է, այլ մինչև մեկ տարեկանը:

 

Բացի սրանից` եթե ներկայումս մինչ- և հետծննդաբերական 140 օր վճարովի արձակուրդի դեպքում կնոջը վճարում են նրա միջին աշխատավարձի  չափով, ապա, օրինագծի համաձայն, այդ նպաստի չափը սահմանվելու է նրա վերջին աշխատավայրում աշխատանքի անցնելու փորձի տևողությամբ:

 

Փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ հայտնեց, որ օրինագծում չի տարբերակվում նպաստն ու փոխահատուցումը: Եթե կինն աշխատում է և գնում է ֆիզարձակուրդ, ապա նա ստանում է ոչ թե նպաստ, այլ փոխհատուցում: Այս դեպքում օրինագծի հեղինակները, փոխհատուցումը նպաստ համարելով, հնարավորություն են ունենում «ավելի ճկուն» դարձնել դրա չափն ու կարգը սահմանելը:

 

Իսկ չաշխատող կինը կարող է ստանալ երեխայի խնամքի նպաստ, այլ ոչ` փոխհատուցում: Ի դեպ, օրինագծի դրական կողմերից է համարվում այն, որ չաշխատող կանանց համար նույնպես նպաստ է սահմանվել, ինչը ներկայումս չկա: Սակայն բանախոսները նշում են, որ դա չպետք է արվի աշխատող կնոջ հաշվին:

 

Նվարդ Փիլիպոսյանը նշեց նաև, որ, բացի նյութական-ֆինանսական խնդիրներից, այս օրինագիծը կարող է ազդել նաև բնական աճի վրա: Ժողովրդագրական խնդիր ունեցող Հայաստանում պետք է աջակցել կնոջը: