կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-16 16:10
Քաղաքական

ԱԺ-ում քննարկվում է զինծառայությունից խուսափած քաղաքացիների համար սահմանված գումարի չափն ավելացնելու հարցը

ԱԺ-ում քննարկվում է զինծառայությունից խուսափած քաղաքացիների համար սահմանված գումարի չափն ավելացնելու հարցը

ԱԺ-ում քննարկվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախագծով օրենքի գործողության ժամկետն է երկարաձգվում, ինչն էլ հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից: Այսինքն՝ 1 մլն 800 հազար դրամից դառնում է 3 մլն 600 000 դրամ, որը վճարելով` կարող են ազատվել քրեական հետապնդումից: Իսկ օրենքից կարող են օգտվել 1992 թ. աշնանային զորակոչից մինչև 2017 թ. դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված կամ զորակոչից խուսափածները: Իսկ օրենքը գործելու է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը, ով էլ ներկայացրեց օրենքի նախագիծը: Պատգամավորն ասաց, որ կառավարությունը շեշտում էր, որ սա կարող է գործիք դառնալ, որ շատերը խուսափեն ծառայությունից: «Մենք բարի գործ ենք ուզում անել. մարդիկ տարբեր պատճառներով են հեռացել, և դռները նրանց առջև փակել տրամաբանական չէ: Հարյուրավոր քաղաքացիներ են վերադարձել ՀՀ և վճարել տուգանքները, և պետական բյուջե մոտ 8 մլրդ դրամ է մուծվել»,- ասաց նա:

Աճեմյանն ասաց նաև, որ կառավարությունը որոշել էր տուգանքը սահմանել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով` յուրաքանչյուր զորակոչի համար, բայց իրենք գրավոր առաջարկ են ներկայացրել այդ տուգանքը սահմանել երկուհարյուրապատիկի չափով:

Նրան հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ասացիք` մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, այսինքն` ենթադրվում է, որ սա «ռազովի» միջոցառում է, ու հետագայում նորից այս խնդրի առջև՞ ենք կանգնելու»,- հարցրեց պատգամավորը:

Աճեմյանը պատասխանեց, որ սա արդեն իններորդ անգամ է, որ փոփոխություն է առաջարկվում: «Մենք չենք կարող որևէ օրենքում ամրագրել դրույթ, որ սա վերջին անգամ է: Եթե հետագայում լինեն առաջարկներ, եթե այդ պահանջը լինի, և կառավարությունը դրական եզրակացություն տա, նորից կքննարկենք»,- ասաց նա, ապա կրկնեց, որ կառավարությունը համարում է, որ սա կարող է օգտագործվել ծառայությունից խուսափելու համար:

Աճեմյանի խոսքով` իրենք ամրագրել են դրույթ, որ սույն օրենքը գործում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը: «Օրենքի ժամկետը երկարացրել ենք, որպեսզի այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, կարողանան այս օրենքից օգտվել»,- եզրափակեց նա: