կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-15 17:06
Հասարակություն

Ամեն ընտանիք իր ծախսերի շրջանակում պիտի կարողանա ինչ-որ ձևով ելք գտնել. ՀՀԿ-ական պատգամավոր

Ամեն ընտանիք իր ծախսերի շրջանակում պիտի կարողանա ինչ-որ ձևով ելք գտնել. ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն անհանգստացած է ՀՀ քաղաքացիներ կոմունալ վարձավճարների խնդրով, որովհետև եթե մարդիկ հիմնականում կանխատեսում էին, թե որքան են վճարելու, ապա այս տարի բոլորի սպասումները գերազանցվել են: Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը կարծիք հայտնեց, որ կոմունալ վարձավճարների աճին նպաստեց անկանխատեսելի ցուրտ ձմեռը: «Այս տարվա գազի վարձը բոլորիս խնդիրն է: Չեմ կարծում, որ կա մեկը, որի համար հեշտ է վճարել կոմունալ վարձերը: Պարզապես ամեն ընտանիք իր ծախսերի շրջանակում պիտի կարողանա ինչ-որ ձևով ելք գտնել»,- ասաց Կարինե Աճեմյանը:

 

Հարցին` պե՞տք է, արդյոք, կառավարությունը միջամտի, որպեսզի քաղաքացիները գոնե որոշակի ժամանակի ընթացքում մաս-մաս մարեն այդ գումարները, պատգամավորը դժվարացավ պատասխանել, սակայն հիշեց, որ նախկինում էլ, էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված, եղել են դեպքեր, երբ անապահով ընտանիքները մաս-մաս են վճարել: Հիմա նաև միջին եկամուտներ ունեցող քաղաքացիները չեն կարողանալու վճարել, ուստի, պատգամավորի կարծիքով, գուցե կառավարությունը «Հայռուսգազարդ»-ի հետ մեկտեղ որոշում կայացնեն` ստեղծել այնպիսի մեխանիզմներ, գտնել այնպիսի լուծումներ, որ այս սոցիալական խնդիրը լուծվի: «Մարդիկ շատ են բողոքում, նրանց չի կարելի մեղադրել: Սաստիկ ցուրտ է եղել, և մարդիկ չեն կարողացել խնայել»,- ասաց Կարինե Աճեմյանը:

 

Հարցին` արդյո՞ք պատգամավորի համար անսպասելի են եղել իր ընտանիքի սպառած գազի հաշիվները, Կարինե Աճեմյանը պատասխանեց, որ իրենց ընտանիքի դեպքում դա այդպես չի եղել, որովհետև իրենց բնակարանը փոքր է, պատերը` հաստ, իսկ գազի սպառումը կանխատեսվածի շրջանակներում է եղել: «Գազի սպառումը կազմել է 38 հազար դրամ, որը, համեմատած մյուս ընտանիքների հետ, երևի այդքան էլ շատ չէ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

 

Ինչ վերաբերում է գազի կասկածելի որակին, ապա պատգամավորը նշեց, որ ինքն էլ է բարձրացրել գազի կալորիականության հարցը, ինչին էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանել է, որ յուրաքանչյուր ընտանիք կարող է գազի կալորիականությունը ստուգող սարք տեղադրել, որը ցույց կտա, որ որակի շեղումները չնչին են: « Գազի որակից ավելի շատ բողոքում են մարզերում»,- ասաց նա: