Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ արձագանքեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: Եվ չնայած հայտարարեց, թե չի պատրաստվում բանավեճի մեջ մտնել «անհույս» վարչապետի հետ, իրականում հենց վերջինիս հետ էլ բանավիճում էր: Քոչարյանի իրական ասելիքն ուղղված էր իշխանության իրական կրողին` Սերժ Սարգսյանին: Բայց իր ասելիքը նրան հասցնելու համար Քոչարյանը թիրախավորեց վարչապետին` նրան դարձնելով Սերժ Սարգսյանին դիմելու յուրօրինակ խողովակ: Դրանով երկրորդ նախագահն արհեստականորեն իր և ներկայիս վարչապետի կարգավիճակները ինչ-որ չափով հավասարեցրեց, որից ավելի շատ տուժեց հենց ինքը:
Հիմա արդեն հեռակա բանավեճը շարունակում է ոչ թե նույնիսկ Տիգրան Սարգսյանը, այլ ՀՀԿ-ական երրորդ էշելոնը, որի ներկայացուցիչների մեծ մասը դեռ ինքնահաստատվում է ֆեյսբուքյան գրառումներով` կուսակցությունում կատարելով կինտոյի` ոչ այնքան պատվաբեր գործը: Սերժ Սարգսյանն այդպես պատասխանեց իր վաղեմի գործընկերոջը: Նա ասելիքը Քոչարյանին հասցրեց ՀՀԿ մամուլի խոսնակի, համատեղության կարգով նաև ԱԺ փոխնախագահի, ինչպես նաև կուսակցության երիտթևի ղեկավարի միջոցով` ցույց տալով, որ եթե նախկին նախագահը որոշել է խոսել միջնորդավորված, ուրեմն ստիպված է համակերպվել այն միջնորդների հետ, որոնց ինքը դեմ կտա: Սա ապտակ էր Քոչարյանին, որը նաև նրան լռեցնելու և կրկին երիտասարդ թոշակառուի կարգավիճակին վերադարձնելու նպատակ էր հետապնդում: Եթե Քոչարյանը փորձի շարունակել երկխոսությունը, ապա, կամա, թե ակամա, արձագանքելու է արդեն Էդուարդ Շարմազանովին կամ Կարեն Ավագյանին:
Մյուս կողմից` Սերժ Սարգսյանը պարզորոշ հասկացրեց, որ առայժմ չի ուզում քննարկել իշխանությունը Քոչարյանի հետ կիսելու, ապա անխուսափելիորեն նրան հանձնելու հեռանկարի թեման: ՀՀԿ խոսնակը պատահական չնշեց, թե Քոչարյանի խոսքը հիշեցնում է «անցյալում մնացած քաղաքական գործչի վերլուծություններ, որոնք ժամանակավրեպ են»: Գործող նախագահը, փաստորեն, Քոչարյանին կամ նրա ակտիվացումը համարում է ժամանակավրեպ` դրանից բխող բոլոր հետրևանքներով: Եվ նրան կարելի է հասկանալ: Քոչարյանին վերադարձնելու ցանկացած փորձի պարագայում ինքը իշխանական համակարգում դառնալու է մոտավորապես այն ֆիգուրը, որը ներկայումս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է Պուտինի վարչակազմում: Այսինքն` մարդ, ով իշխանության եկավ դրա իրական տիրոջ ցանկությամբ և հեռանում է իրական տիրոջ նախաձեռնությամբ: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը, գոնե այս պահի դրությամբ, իշխանության ռոտացիոն փոխանցման սխեմային նախապատվություն տալ չի ուզում և փորձելու է խաղարկել իր սցենարը, որում Քոչարյանին ընդամենը կարող է հերթապահ դերակատարում վերապահել: Այդպիսով` նա ցանկանում է ուժեղ և իր ուժերի վրա վստահ առաջնորդի տպավորություն թողնել, ինչը ևս պատահական չէ: Թուլության անգամ թեթև ցուցադրության պարագայում նրա ստեղծած խաղաթղթե տնակը կարող է փուլ գալ, և ունեցած ֆինանսական, վարչական ռեսուրսը կարող է շատ արագ հայտնվել Քոչարյանի ձեռքում:
Սերժ Սարգսյանը, թերևս, չի ուզում լինել նախագահ, որը իշխանություն չունի: Եվ, որպես լավ շախմատիստ, նա ոչ թե մեկ, այլ միաժամանակ մի քանի քայլերի մասին է մտածում: Իշխանությունը Քոչարյանին հանձնելու տարբերակը միշտ էլ կա ու կա: Դա կխաղարկվի միայն այդ դեպքում, եթե սպառված լինեն մնացած բոլոր տարբերակները: Իսկ առաջնահերթորեն նա մտածելու է պաշտոնաթողությունից հետո իշխանությունն իր ձեռքում պահելու մասին: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որը նրա հրամանով ստեղծվեց անցած տարվա սեպտեմբերին, և առայժմ հասկանալի չէ, թե ինչ բարեփոխումների համար է ստեղծվել, այս սցենարը կիրառելու ամենակարևոր գործիքն է: Նա պետք է նախ Սահմանադրությամբ ուժեղացնի վարչապետի քաղաքական ու համակարգային կշիռը, հետո նոր, որպես իշխող ՀՀԿ-ի ղեկավար ստանձնելով այն, նախագահի ինստիտուտը դարձնի թանգարանային նմուշ: Այս իմաստով Քոչարյանի ակտիվացումը սույն սցենարի կիրառման լուրջ խթանի, մոտիվացիոն գործոնի դեր է կատարում:
Սերժ Սարգսյանի կողմից ինքնուրույն խաղի առաջմղումն իր հերթին դրդելու է Քոչարյանին կա'մ հրաժարվել վերադառնալու մտքից, կա'մ դրա համար այլընտրանքային ճանապարհներ որոնել, որոնք, ուզի, թե չուզի, անցնում են քաղաքական դաշտի մյուս բևեռի զարտուղիներով, որտեղ շատ բան կախված է ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի նախապատվությունից և այն հարցից` արդյոք վերջիններս և՞ս Քոչարյանին «անցյալում մնացած» և «ժամանակավրեպ» քաղաքական գործիչ են համարում, թե՞ ոչ: Բայց խնդիրը միայն ԲՀԿ-ն չէ: Ընդդիմադիր դաշտում` խորհրդարանական 4` ոչ իշխանական ուժերի շրջանում, ներկայումս տեղի են ունենում կոնսոլիդացմանն ուղղված նախնական, բջջային գործընթացներ: Եվ այստեղ, ԲՀԿ-ից բացի, ի հայտ է գալիս «Ժառանգության», ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի` այդ խաղի մասնակիցը դառնալու նպատակահարմարության հարցը: Քաղաքական կշեռքի վրա Քոչարյանն իր մտցրած ինտրիգով կշռաքարը տեղափոխում է ներիշխանական հարաբերությունների դաշտ, ստեղծում նոր օրակարգ, որի ստվերում են մնում քաղաքացիական շրջանակների և քաղաքական 4 ուժերի` առայժմ կարծես համեմատաբար առողջ նախաձեռնություններն ու դրանց շուրջ պրոցեսների հունավորման հնարավորությունը: Նման կտրուկ ակտիվացումը կարող է խանգարել «քառյակի» ձեռնարկումներին և բացել փոխադարձ վստահության հետ կապված հին վերքերը:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ