կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-14 14:57
Քաղաքական

ՀՀԿ-ական պատգամավորը Քոչարյանին հիշեցնում է ''Գույք պարտքի դիմաց'' գործարքը

ՀՀԿ-ական պատգամավորը Քոչարյանին հիշեցնում է ''Գույք պարտքի դիմաց'' գործարքը

Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճը երկու անձանց բանավեճ է, ովքեր միասին աշխատել են 10 տարի. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Պատգամավորը չի կարողանում պարզել, թե ինչ է այսօր փոխվել նրանց միջև, եթե Տիգրան Սարգսյանը երկար տարիներ աշխատել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին` որպես ԿԲ նախագահ, և ունեցել է իր աշխատանքի ուրույն գնահատականը Ռոբերտ Քոչարյանի կողմից:

 

Ինչ վերաբերում է «Գազպրոմ»-ին «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասի վաճառքի վերաբերյալ` Ռոբերտ Քոչարյանի գնահատականներին, պատգամավորը նշեց, որ Հայաստանը նախկինում էլ ունեցել է նմանատիպ իրավիճակներ, երբ իրականացվել են տարբեր գործարքներ` տվյալ ժամանակահատվածի համատեքստում առավել արդյունավետ քայլերի հասնելու նպատակով: Ռոբերտ Քոչարյանի գնահատականի վերաբերյալ, թե նման գործարքներով Հայաստանի տնտեսությունը պատանդ է դառնալու Ռուսաստանի ձեռքում, Հովհաննես Սահակյանը նշեց, որ ինքն անձամբ ավելի խնամքով ու զգուշությամբ է մոտենում այն մարդկանց գնահատականներին, որոնք մի ժամանակ ղեկավար բարձր պաշտոն են զբաղեցրել:

 

Ըստ նրա` նախկինում էլ եղել են նման իրավիճակներ, երբ իրականացվել է «Գույք պարտքի դիմաց» գործարքը, և երբ Ռուսաստանին 98 միլիոնի պարտքը հասել է մինչև 114 միլիոնի, որի դիմաց էլ Հայաստանը զիջել է էներգետիկ համակարգի որոշ մասը: «Տնտեսության պատանդ լինելու առումով` մի շարք իրավիճակներ մենք էլ կարող ենք հիշել ու հանդես գալ փոխադարձ մեղադրանքներով: Սակայն դա չէ, որ պետք է մեր ժողովրդին»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ եթե Ռոբերտ Քոչարյանը գիտեր, որ գազի գինը վաղուց է բարձրացել, ուրեմն պետք է բարձրաձայներ այդ ժամանակ, և գուցե այդ հարցը ավելի շուտ քննարկման առարկա դառնար:

 

Հովհաննես Սահակյանի համոզմամբ` կան ավելի կարևոր խնդիրներ` ԼՂ հարց, Մաքսային միություն, հայ-թուրքական հարաբերություններ, կա նաև վստահության խնդրի պակաս, հետևաբար` պետք է այդ խնդիրները լուծել:

 

Պատգամավորի կարծիքով` Ռոբերտ Քոչարյանը երբեք էլ չի բացառել մեծ քաղաքականություն վերադառնալու հավանականությունը, սակայն նա նաև ասել է, որ նման մտադրության դեպքում կասի ուղիղ և առանց միջնորդների: «Այսօր խոսքի ազատությունը ամենաթողության է վերածվել, այդ առումով` բոլորն ազատ են իրենց դիրքորոշումն արտահայտել կամ վերադառնալ քաղաքականություն, այդ թվում` նաև Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց նա:

 

Ըստ նրա` Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ չկար տնտեսական ճգնաժամ, Ռոբերտ Քոչարյանի կողքին էլ կանգնած էին Սերժ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, մարդիկ, ովքեր ունեին վստահության մեծ ռեսուրս: Կապ չունի` նախկին նախագահի՞, թե՞ ներկայիս նախագահի պաշտոնյայի մասին է խոսքը: Ըստ պատգամավորի` բոլորը պետք է համախմբվեն մեր երկրի ապագայի շուրջը: «Երբեմն կառուցողական ընդդիմությունը ավելի մեծ օգուտ կարող է բերել մեր երկրին, քան կիսատ-պռատ իշխանական լինելը, բայց չեմ տիրապետում ինֆորմացիայի` ուզո՞ւմ է, արդյոք, Ռոբերտ Քոչարյանը վերադառնալ քաղաքականություն, թե՞ ոչ, կամ ինչպե՞ս է ուզում վերադառնալ` որպես ընդդիմությո՞ւն, թե՞ որպես մտահոգ քաղաքացի»,- ասաց Հովհաննես Սահակյանը: