Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լսվելու է «քիմիկոսների» գործով բողոքը: Գործով ամբաստանյալներն են Սիրաժ Ղամբարյանը, Արմեն Բաղդասարյանը, Սամվել Մկրտումյանը, Հակոբ Համբարձումյանը, Արա Ռոստոմյանը, Աղվան Վարդանյանը, Աշոտ Առաքելյանը, Արմեն Լեբեջյանը և Սամվել Խաչատրյանը:
Ըստ մեղադրանքի` քիմիական գործարանի գիտաշխատողները 2005-2009թթ. «չպարզված հանգամանքներում», «չպարզված քանակությամբ» ելանյութից շուրջ 60 կգ ամֆետամին տեսակի թմրանյութ են արտադրել և իրացրել «անհայտ անձանց»:
Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 18-ի վճռով Սիրաժ Ղամբարյանին և Սամվել Մկրտումյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատարանը Արմեն Բաղդասարյանին, Հակոբ Համբարձումյանին, Աղվան Վարդանյանին, Արմեն Լեբեջյանին և Աշոտ Առաքելյանին դատապարտել է 10 տարվա ազատազրկման, իսկ Արա Ռոստոմյանին՝ 8 տարի ազատազրկման:
Ամենամեծ պատժաչափը՝ 12 տարի ժամկետով ազատազրկում, նշանակվել է «Քիմտեխ» գիտահետազոտական ընկերության տնօրենների խորհրդի անդամ Սամվել Խաչատրյանի նկատմամբ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արմեն Լեբեջյանի պաշտպան, փաստաբան Գագիկ Սարդարյանը թվեց այն բոլոր խախտումները, որոնք դատարանը կայացրել է այս գործով վճիռ կայացնելիս: Ըստ նրա՝ խախտվել են օրինականության սկզբունքը, արդար դատավարության, անմեղության կանխավարկածի և քրեական դատավարության բազմաթիվ այլ նորմեր: Նախաքննության ընթացքում հետախուզությունները կատարվել են առանց ընթերակաների, դատաքննության ընթացքում մերժվել են փորձաքննություններ անցկացնելու` պաշտպանների ներկայացրած միջնորդությունները, նախաքննության ընթացքում ամբաստանյալների նկատմամբ բռնություններ են կիրառվել, ինչի շնորհիվ նրանցից ինքնախոստովանական ցուցմունքներ են կորզվել և դրվել մեղադրանքի հիմքում:
Ըստ գործի նախապատմության՝ Արմեն Լեբեջյանն աշխատել է «Քիմտեխ» ընկերությունում, որը 2005-ին պետությունից հոգեմետ դեղեր արտադրելու թույլտվություն է ստացել: Փաստաբանի խոսքով՝ տարիներ առաջ արտադրամաս են եկել ռուս մասնագետներ, ովքեր արտադրամասի աշխատակիցներին՝ գործով ամբաստանյաներին, սովորեցրել են պատրաստել կետոն տեսակի հիմնանյութ, ինչից հետո աշխատակիցները սկսել են ինքնուրույն պատրաստել: Ըստ փաստաբանի` արտադրամասում 3 տարի շարունակ փորձեր են կատարվել, սակայն որակյալ հիմնանյութ չեն կարողացել ստանալ: Ի դեպ, աշխատակիցների մեծ մասը մասնագիտական կրթություն չեն ունեցել: «Լեբեջյանը, ում մեղադրանք է առաջադրվել ամֆետամին (դոպինգ է, որը կախվածություն չի առաջացնում) տեսակի հոգեմետ դեղ պատրաստելու և իրացնելու մեջ, սակայն նա, ունենալով 6-րդ դասարանի կրթություն, եթե ցանկանար էլ չէր կարող նման նյութ պատրաստել: Մեկ անգամ նրանց հաջողվել է 180 կգ նյութ ստանալ, որը պիտանի չի եղել և ոչնչացվել է»,- ասաց փաստաբանը:
Ըստ նրա՝ փորձագետները հաստատել են, որ ամֆետամին թմրամիջոց ստեղծելու համար անհրաժեշտ են բարդ մեխանիզմներ, որն այդ արտադրամասում գոյություն չունի:
Նշենք, որ այս գործով 10 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առաքելյանը, ով ժամանակին նաև «Նաիրիտ» գործարանի փոխտնօրենն է եղել, տառապում է բազմաթիվ հիվանդություններով, որոնցից 4-ն ընդգրկված են այն հիվանդությունների շարքում, որոնք խոչընդոտ են պատիժը կրելու համար:
Փաստաբանների խոսքով` եթե դատական ակտն օրինական ուժի մեջ մտնի, և ամբաստանյալներն իրենց սահմանված պատիժները կրեն, չեն դիմանա և ժամանակից շուտ կմահանան, քանի նրանք բոլորն էլ հիմնականում տարիքով մարդիկ են ՝ մինչև 80 տարեկան:
Այս գործով նախաքննությունն իրականացրել է Կարևորագույն գործերով վարչության քննիչ Արթուր Մելիքյանի գլխավորած քննչական խումբը: Հետաքրքրական է, որ, ըստ մեղադրանքի, ամբաստանյալները թմրանյութեր իրացնելու համար գործարքի մեջ են մտել թուրքերի հետ, ովքեր էլ եղել են թմրանյութերի պատվիրատուները, սակայն փատաբանները փաստում են, որ ամբաստանյալները հոգեմետ դեղեր պատրաստելու համար որևէ մեկից պատվեր չեն ստացել և պայմանագիր չեն կնքել: