կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-11 13:56
Հասարակություն

Քիմիկոսները բողոքում են` գործադիրը գաղտագողի ինստիտուտից տարածք է «օտարել»

Քիմիկոսները բողոքում են` գործադիրը գաղտագողի ինստիտուտից տարածք է «օտարել»

Կառավարության մարտի 29-ի նիստում չզեկուցվող հարցերի մեջ ներառված է եղել նաև Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մասնաշենքերից մեկը «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» դեղագործական ընկերությանը տրամադրելու հարցը: Կառավարությունը որոշումը դեռ նախորդ տարվա նոյեմբերին էր ցանկանում  ընդունել, բայց կենտրոնի աշխատակիցների բողոքից հետո գործընթացը կանգ էր առել:

Խնդիրն առավել պարզ ներկայացնելու համար բացենք փակագծերը: Ըստ այս որոշման` կենտրոնի տարածքի 40 տոկոսը պետությունը տրամադրում է ներդրողներին: Այդպիսով` քիմիկոսների համար տարածքի խնդիր է առաջանում, օրինակ` տարբեր լաբորատորիաների մոտ  30-40 աշխատողներ ստիպված պետք է  տեղափոխվեն այլ մասնաշենքեր ու, «իրար գլխի հավաքված», աշխատեն, ինչը պահանջվող նորմատիվների կոպտագույն խախտում է: Գիտնական քիմիկոսներն իրենց խնդիրը բարձրացնելու համար այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջև ու գործադիրին ևս մեկ նամակ փոխանցել` հորդորելով չեղարկել մարտի 29-ի որոշումն ու տարածքն իրենց թողնել:

«Մեզ ասում են` ի՞նչ է եղել, ներդրողը գումար է բերում, երկրին օգուտ է բերում: Բան չունենք ասելու, բայց ներդրողը կարող է ուրիշ շենքում իր գործունեությունը ծավալել: Այս տրամաբանությամբ` ցանկացած ինստիտուտից ամեն պահի կարող են ինչ-որ մի մաս վերցնել ու ներդրողին տալ: Իհարկե, այս երկրին ներդրումներ պետք են, բայց ոչ` գիտության հաշվին: Մեր կռիվն այն է, որ գիտության հաշվին ոչ մի բան չտրամադրվի մասնավորին»,- Yerkir.am-ին ասաց ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռոբերտ Հակոբյանը:

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Մխիթար Մկրտչյանն էլ նշեց, որ կառավարության վերոնշյալ ձևակերպման մեջ տեղ է գտել մի կետ, ըստ որի` այդ շենքը մասնավորին են տրամադրում, որ գիտակրթական ծրագրեր իրականացնի: «Բայց այնտեղ գիտական ծրագրեր չեն իրականացվում: Մենք ուզում ենք` խնդիրը ճիշտ մատուցվի` մասնավորի  հետ համագործակցությունը շատ ճիշտ է ու պետք է, որովհետև այն տանում է ոլորտի առևտրայնացման, ֆունդամենտալից դեպի կիրառականի, բայց հարաբերությունները պետք է առողջ լինեն: Պետք է այնպես անել, որ մասնավոր հատված-գիտություն համագործակցությունը թե՛ գիտությանն օգտակար լինի, թե՛ մասնավոր ընկերությանը, իսկ այս դեպքում պետությունից պարզապես պոկում են` փոխարենը ոչինչ չտալով»,- ասաց նա:

«Խնդիրն այն է, որ պետական մոտեցում չկա գիտության նկատմամբ, հստակ չէ` այս պետությունն  ընդհանրապես ուզո՞ւմ է, որ գիտությունը մնա, թե՞ ոչ, ռազմավարություն չկա: 30 տարի շատ վատ սնված գիտությունից արդյունք պահանջելը լուրջ չէ»,- հավելեց Ռոբերտ Հակոբյանը:

Yerkir.am-ը պարզեց, որ ինստիտուտի տարածքը մասնավորին է հանձնվում  25 տարվա պայմանագրով: Նույն ինստիտուտից ժամանակին տարածք հատկացվել էր նաև «Արմենիկում» կենտրոնին, բայց այն հետո տեղափոխվեց, թեև տարածքը գիտական կենտրոնին չվերադարձվեց, փոխարենն այն ծառայեց Քննչական կոմիտեին: