կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-29 15:10
Աշխարհ

Հայաստանի անունը Վիլնյուսում գրեթե չշոշափվեց

Հայաստանի անունը Վիլնյուսում գրեթե չշոշափվեց

Քիչ առաջ ավարտվեց Արևելյան գործընկերության գագաթաժողովի լիագումար նիստը, որից հետո Լիտվայի նախագահը, Եվրահանձնաժողովի ղեկավարը և ԵԽ նախագահը կարճ ասուլիս տվեցին:

 

Հարկ է նշել, որ ողջ ասուլիսի ընթացքում կողմերն անդրադարձան միայն Ուկրաինայի որոշմանը, Հայաստանի անունն այդ ընթացքում շեշտվել է միայն մեկ անգամ՝ ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպույի կողմից:

 

Նա իր խոսքում նշեց, որ, ցավոք, ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց Ուկրաինայի եւ չնախաստորագրվեց Հայաստանի հետ: ԵԽ նախագահն ընդգծեց, որ ԵՄ-ն դեռ պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել համաձայնագիրը:

 

Նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն: «Մենք Ուկրաինայի կողքին ենք: ԵՄ-ն բաց է մնում Ուկրաինայի համար, այժմ ամեն ինչ կախված է քաղաքական էլիտայից, այն կարող է փոխել իր որոշումը: Այսօր 3 երկիր ավելի մոտեցավ ժողովրդավարությանը: Ես գիտեմ, որ ապագա տարիներն ավելի հաջող կլինեն Ադրբեջանի, Մոլդովայի և Վրաստանի համար,  և հույս ունեմ` Ուկրաինան ևս ապագայում իր համար ճիշտ որոշում կկայացնի»,- ասաց նա:

 

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն նշեց, որ այսօր նոր պատմություն գրվեց, եւ ապագայում դա կապացուցվի:

 

Խոսելով Ուկրաինայի մասին` նա ասաց, որ ուկրաինացի ժողովուրդը այդ օրերին ցույց տվեց, թե որքան է կարևորում Եվրոպան: «Եվ մենք  պատրաստ ենք շարունակել բանակցությունները մեր ուկրաինացի գործընկերների հետ՝ իհարկե, հարգելով Ուկրաինայի սուվերեն ընտրությունը»,- ասաց Բարոզուն:

 

Նա նաև նշեց, որ ասոցացման համաձայնագիրը գործընթաց է հանուն ժողովրդավարության և բարօրության: «Չեմ կարծում, որ ժողովրդավարությունը որևէ մեկին ի վնաս լինի»,- ասաց Բարոզուն: