Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արձագանքում է Ռուսաստանի գլխավորած Մաքսային միություն մտնելու որոշմանը հետևած` եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններին և ներկայացնում է Հայաստանի հետագա դիրքորոշումը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի հարցում։
«Ազատություն».- Պարոն Սարգսյան, երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը հրաժարվեց Վիլնյուսում ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։
Վիգեն Սարգսյան.- Մաքսային միությանը` Հայաստանի Հանրապետության միանալու որոշումը ամենևին չի նշանակում Եվրոպական Միության հետ մեր քաղաքական երկխոսության դադարեցում կամ ընդհատում։ ՀՀ նախագահը բազմիցս հայտարարել և երեկ իր ռուս գործընկերոջ հետ տված համատեղ ասուլիսի ժամանակ հաստատեց, որ Հայաստանի համար այն բարեփոխումները, որ իրականացվում են Եվրամիության աջակցությամբ, չափազանց կարևոր են։ Դրանք հասարակական, քաղաքական արդիականացմանն ու պետական կառավարման համակարգի ուժեղացմանն ուղղված բարեփոխումներ են։ Մենք շատ շնորհակալ ենք եվրոպական գործընկերներին այն ճանապարհի համար, որ անցել ենք միասին և նպատակ ունենք շարունակելու այդ ճանապարհը։ Հետևաբար, մեր քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։ Իհարկե, հայտնի է այն կարծիքը և մոտեցումը, որ Մաքսային միությանը անդամակցությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ձևավորելու մասին համաձայնագրին։ ՀՀ-ի դիրքորոշումը հայտնի է. մենք միշտ համարել ենք, որ պետք է փորձել համադրել այդ դրույթները։ Դրա անհնարինության պարագայում մենք վերցնում ենք այդ համագործակցությունից այն ամենակարևորը, որ կար եվրոպական ուղղության վրա, այն է՝ մեր քաղաքական երկխոսությունը, արժեհամակարգային այն փոխգործակցությունը, որը թույլ է տալիս արդիականացնել երկիրը, և մենք համարում ենք, որ այդ դրույթները հիմնականում ամրագրված են Ասոցացման մասին համաձայնագրում։ Հետևաբար, մեր օրակարգում մնում է Վիլնյուսում նախաստորագրելու խնդիրը։
«Ազատություն».- Պարոն Սարգսյան, արդեն իսկ կան առաջին արձագանքները եվրոպական կառույցներից։ Մասնավորապես, տեսակետներ են հնչում, որ Հայաստանի վրա բավական լուրջ ճնշումներ են գործադրվել Ռուսաստանի կողմից։ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. «Ես շատ եմ ցավում այդ որոշման համար, քննարկել եմ այս հարցը Հայաստանի նախագահի հետ: Մենք գիտենք, որ Հայաստանի վրա ահռելի ճնշումներ են գործադրվել Ռուսաստանի կողմից` Ադրբեջանի և Ղարաբաղի շուրջ դժվար իրադրության հետ կապված, և որ այդ ճնշումները օգտագործվել են Հայաստանի նման փոքր պետությանը շանտաժի ենթարկելու համար»։ Կա՞ արդյոք շանտաժ, ճնշումներ Հայաստանի և Սերժ Սարգսյանի վրա։
Վիգեն Սարգսյան.- Իհարկե, հայտնի է շրջանառության մեջ եղած այն կարծիքը, որ Հայաստանը որոշումը կայացրել է ճնշման կամ վերջնագրերի ազդեցության տակ։ Ուզում եմ վստահեցնել բոլորին, որ Հայաստանի Հանրապետության գործընկերներից ոչ մեկը Հայաստանի հետ չի խոսում վերջնագրերի կամ պայմանների լեզվով։ Տվյալ դեպքում իրավիճակը ճիշտ հակառակն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ի սկզբանե շահագրգռված է եղել և հայտնել է հանրայնորեն այդ շահագրգռվածության մասին մասնակցելու Մաքսային միության ստեղծմանը։ Դեռ տարիներ առաջ այդ մասին խոսվել է բաց և հստակ։ Մեզ ասվել է այն ժամանակ, որ ընդհանուր սահմանի բացակայությունը լուրջ խոչընդոտ է այդ ճանապարհին և մենք աշխատանքային մակարդակում ունեցել ենք փորձագիտական խմբեր, որոնք աշխատել են՝ այդ իրավիճակում լուծումներ գտնելու համար։ Վերջին փուլում նրանք կարողացան ներկայացնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ են տալիս հաղթահարել այդ բարդությունը և դարձնել մասնակցությունը Մաքսային միությանը արդյունավետ և օգտակար Հայաստանի տնտեսության համար՝ հաշվի առնելով մեր տնտեսության այսօրվա կառուցվածքը և առաջիկա տարիների զարգացման հեռանկարները։ Հետևաբար, այս որոշումը կայացվել է Հայաստանի և Հայաստանի ժողովրդի շահերից ելնելով։ Ուզում եմ նորից կրկնել, որ մենք կարևորում ենք, որպեսզի տարանջատվի ԵՄ-ի հետ մեր փոխգործակցության տնտեսական և քաղաքական բաղադրիչը, որովհետև նպատակը և միջոցը պետք է իրարից միշտ տարբերվեն։ Եթե նպատակն է ստեղծել ավելի արդյունավետ, արդիական կառավարման համակարգ, իրականացնել բարեփոխումներ և դրանք արդյունավետ հասցնել եզրագծին, ապա Ասոցացման համաձայնագիրը ամբողջությամբ թույլ է տալիս հասնել այդ նպատակներին։