Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման կապակցությամբ ծրագրավորողները նամակով պատրաստվում են դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ կարևորագույն խնդրի վրա` ակնկալելով Ձեր գործուն միջամտությունը դրա լուծման հարցում:
ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացմանը և սպասվում է, որ 2014թ. հունվարի 1-ից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը կմտնի ուժի մեջ: Հաշվի առնելով բազմաթիվ պատճառներ և հիմնավորումներ (դեմոգրաֆիկ, ֆինանսական և այլն) և լիովին գիտակցելով կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այնուհանդերձ վստահ ենք, որ օրենքում կան լուրջ բացթողումներ և թերի հիմնավորված կետեր, որոնք հարվածի տակ կդնեն հարկերից չխուսափող մեծաթիվ բարեխիղճ և օրինապահ քաղաքացիների: Մասնավորապես, այդ ռիսկային խմբի մեջ են մտնում ՀՀ-ում գերակա ճյուղ հայտարարված ողջ ՏՏ ոլորտի երիտասարդ աշխատակիցները:
Ձեր կողմից բազմիցս ընդգծվել է ՏՏ ոլորտի կարևորությունը ՀՀ տնտեսության զարգացման մեջ և այն հայտարարվել է որպես տնտեսության գերակա ճյուղ։ Այդ ոլորտի աջակցմանն են ուղղված ինչպես ՏՏ ոլորտում նախագահական կրթական պարգևները, այնպես էլ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Ձեր կողմից սահմանված ամենամյա մրցանակը, որին այս տարի արժանացավ «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն։
Սակայն տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն անտեղյակ են Ձեր կողմից նախանշված ոլորտի կարևորությանը և գերակայությանը։ Այսպես, նույն օրը, երբ պրն. Մակիմոտոն Ձեր կողմից արժանանում էր բարձր պարգևի՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար, խորհրդարանական մեծամասնությունը իր կոլեկտիվ բացակայությամբ բոյկոտում էր այդ նույն ՏՏ ոլորտի հայկական ընկերությունների աշխատակիցների համատարած բողոքը հարուցած օրենքի քննարկման համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստը։ Իսկ ՀՀ կառավարությունը սկզբունքորեն մերժում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ցանկացած հանրային քննարկում կամ երկխոսություն շահագրգիռ շրջանակների հետ՝ նույնիսկ ՏՏ ոլորտի 55 ընկերությունների հազարավոր աշխատակիցների ՀՀ վարչապետին ուղղված բողոք-նամակից հետո։
Որպես օրենքի հիմնավորում շեշտվում է, որ կենսաթոշակային բարեփոխումները անհրաժեշտ են, այլընտրանք չունեն, ցանկացած բարեփոխում դժվարությամբ է կյանքի կոչվում և այն որոշակի սոցիալական բեռ է ենթադրում ապահով ապագա ունենալու համար: Սակայն ինչու՞ է ենթադրվում, որ եթե բարեփոխումը անհրաժեշտ է, ապա համապատասխան օրենքի բոլոր կետերը անթերի են և չեն պարունակում ոչ բավարար գնահատականներ և ռիսկերի սխալ գնահատում: Բացի այդ, օրենքում կան ձևակերպումներ, որոնք մեր խորին համոզմամբ հակասում են ՀՀ Սահմանադրությանը։
Մասնավորապես՝
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածում պարզորոշ գրված է՝
Հոդված 31. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:
Իսկ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 13-րդ հոդվածը՝ «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի կարգավիճակը եւ դրանց սահմանափակումները», հենց սահմանափակում է անձի ըստ իր հայեցողության իր սեփականությունը տնօրինելու և օգտագործելու իրավունքը։ Ընդ որում անձը չի կարող ըստ իր հայեցողության տնօրինել իր սեփականությունը անգամ թոշակի անցնելուց հետո (օրինակ պարտադրվող անուիտետ և այլն):
Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Իսկ առաջարկվող օրենքի 5-րդ հոդվածով սոցիալական լրացուցիչ բեռը կիրառվում է միայն 1974թ-ից հետո ծնվածների նկատմամբ՝ վատթարացնելով նրանց սոցիալական վիճակը՝ կախված իրենց տարիքից: Բացի այդ, նույն օրենքի 7-րդ հոդվածով 500 հազարից ավել համախառն եկամուտ ունեցող քաղաքացիների համար նախատեսվում է պետության կողմից առավելագույնը 25000 դրամ մասնակցություն կենսաթոշակային ֆոնդին, այնինչ մինչև 500 հազար դրամը պետական մասնակցությունը կազմում է աշխատողի հետ հավասար՝ 5%։ Այսպիսով 500 հազարից ավել համախառն եկամուտ ունեցող քաղաքացիները, բացի իրենց կողմից վճարվող 5%-ից, հարկադրված են վճարել նաև պետության փոխարեն՝ լրացնելով կենսաթոշակային վճարը մինչև համախառն եկամտի 10%-ը։
Հոդված 42. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն:
Ի լրումն այս հոդվածի նաև արժե մեջբերել ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի 78-րդ հոդվածի առաջին կետը՝
Հոդված 78. Իրավական ակտերի գործողությունը ժամանակի ընթացքում
Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:
Իսկ առաջարկվող օրենքով, փաստացի, 1974թ-ից հետո ծնված քաղաքացիների պարտականությունները խստացվում են և իրավական վիճակը վատթարանում: Օրինակ տարիներ առաջ տուն գնած և իր աշխատավարձի մոտ 75%-ը հիփոթեքային և այլ վարկեր մուծող, ինչպես նաև ընտանիքի անգործունակ անդամներին պահող աշխատող քաղաքացին ուղղակի ի վիճակի չէ վճարելու ոչ միայն իր համախառն եկամտի 5%-ից ավելին, այլև այդ 5%-ը, ինչն իրականում 6.6% է, քանի որ հաշվարկվում է համախառն եկամտից և գանձվում զուտ եկամտից՝ հարկումից հետո: Եվ դեռ հաշվի չառած այն փաստը, որ եթե քաղաքացին ստանում է 500 հազարից ավել եկամուտ, ապա նրա մասնաբաժինը կգերազանցի 5%-ը։ Եվ նման օրինակները շատ են, ինչը փաստում է, որ սույն օրենքով սոցիալական բեռի ավելացման ռիսկերը պատշաճ չեն հաշվարկված և որոշ դեպքերում իրականության հետ որևէ աղերս չունեն: Որքանո՞վ է արդարացված՝ բարեկեցիկ ապագայի տեսլականով հարվածի տակ դնել ներկան:
Մեծարգո պարոն Նախագահ, հաշվի առնելով վերը նշված փաստարկները, ինչպես նաև խնդրո առարկա համակարգի կիրառման միջազգային փորձը և օբյեկտիվ արդյունքները, համարում ենք, որ այն պարտադիր կիրառելու պահանջը ժամանակավրեպ է և խիստ ռիսկային: Ուստի, խնդրում և առաջարկում ենք օրենքը հետ կանչել լրամշակումներ կատարելու համար, պարտադիր բաղադրիչը փոխարինել կամավորով (ինչպես արվում է շատ ժողովրդավարական երկրներում) և անցկացնել հանրային լայն քննարկումներ՝ համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Մենք սիրում և ցանկանում ենք շենացնել մեր երկիրն ու պետությունը, որը ոչ թե ժառանգություն ենք ստացել մեր ծնողներից, այլ պարտքով ենք վերցրել մեր երեխաներից»: