Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք սպասում էր ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից նման վիրավորական քննադատություն իր ներկայացրած փաստաթղթի կապակցությամբ, որը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին էր, պատասխանեց. «Գիտե՞ք ինչ, վերջին իրադարձություններից հետո ես արդեն ամեն ինչ եմ սպասում ՀԱԿ ղեկավար կազմից: Թող Գագիկ Ջհանգիրյանը գրագետ փաստաթուղթ մշակի Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասով, և ես կստորագրեմ այդ նախագծի տակ»:
Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանն անգրագետ էր անվանել Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստաթուղթը և ասել, որ դեմ կքվեարկի դրան:
Հարցին, թե տարակուսելի չէ՞ր, որ իշխանափոխություն պահանջող ուժերը չմիացան այդ փաստաթղթին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իշխանափոխություն պահանջող որոշ ուժեր արդեն «մեծարգո Սերժ Սարգսյանին» բաց նամակներ գրող քաղաքական գործիչներ ու քաղաքական ուժեր են, ևս ես կարծում եմ, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է, ի վերջո, բավարար կամք ունենար դեռևս 2 տարի առաջ հայտարարելու, որ իր կողմից նշված բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը ավարտվելու է «մեծարգո Սերժ Սարգսյանին» ուղղված բաց նամակով»:
Լրագրողների այն հարցին` արդյո՞ք վերջին իրադարձությունները շոու չէին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Լինում են նաև ռեալիթի շոուներ»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Լևոն Տեր-Պետրոսյանի «Սրտի խոսք»-ը` ուղղված Գագիկ Ծառուկյանին, պատասխանեց. «Նա այդ նամակով փորձում է խուսափել, այսպես կոչված, բուրժուա-դեմոկրատական հեղափոխության խայտառակ ձախողման պատասխանատվությունից: Թվում է, թե ինքը ժեստ է անում Գագիկ Ծառուկյանին, բայց հակառակը` մեղմ ոճով փորձում է ամբողջ պատասխանատվությունը դնել Գագիկ Ծառուկյանի ուսերին»: