Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարգելի պարոն նախագահ
Շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե, ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա, անկախ ԵԱՀԿ զեկույցի, գիտականորեն անհնար է թվում, նույնիսկ Ձեզ համար, պարոն նախագահ, իմանալ, թե` արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը, թե՞ ոչ:
Բավական ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞, որ Դուք՝ Հայաստանի նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, որ Դո՛ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեն այդ ընտրությունը:
Այլապես ես կտիրեի Հայաստանին և կկոչեի ինձ Հայաստանի Գլխավոր Մարզպետ կամ Դիկտատոր դե յուրե կամ որևէ այլ ինքնակոչ ածականներով՝ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի: Գուցե Ձեր կուսակցությունը հսկողությունից դո՞ւրս է եկել և օլիգարխների խավիարը վերջացել է, ու նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանա՞ն: Ինչևէ, ժամանակն է փոփոխության: Ազնվորե՞ն եք հաղթել, թե՞ ոչ, ինչ-որ կերպով Դուք այժմ նորից նախագահ եք:
Ի՞նչ է դա նշանակում Ձեզ համար: Այո, Արցախը կարևոր է բոլորիս համար և պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ, թե ինչպե՞ս եք պատրաստվում հայերի շահերը պաշտպանել Հայաստանում և աշխարհում: Ինչպե՞ս եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական և քաղաքական ճգնաժամից: Օբաման գոնե հույս է խոստանում՝ չնայած հիասթափեցրել է բոլորիս:
Տարիներ առաջ ես արշավ սկսեցի՝ խնդրելով նախագահ Օբամային հետևել իր խոստումին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դուք երդում եք ընդունել պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին և ներքին թշնամուց:
Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, համարվում են ներքին թշնամիներ և պետք է պատժվեն: Ձեր պարտքը պետք է լինի այն ի կատար ածել, եթե նույնիսկ ոմանց համար այն կեղծավորություն թվա: Դուք նաև պետք է նկատի ունենաք խորհրդարանի լուծարումը և լինեք այն առաջին հայ ռեֆորմիստ նախագահը, որը անում է ամեն ինչ` համոզվելու համար, որ ապագա ընտրություններն արդար և ներկայացուցչական կլինեն:
Սե'րժ, նրանք ովքեր ինձ գիտեն, գիտեն նաև որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Բազմաթիվ սփյուռքահայերի նման ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատել ուղղակիորեն և հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է Ձեր իշխանության տակ կաշառակերության և անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է բոլորիս համար: Դուք պետք է այս իմանաք:
Հայաստանն անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել, քան որևէ այլ բանի: Ոչ մեկը չի կարող լինել oրենքից բարձր:
Դուք կարող եք այն իրագործել հիմա, անձնական oրինակով և նախագահական հրովարտակով: Միացրե՛ք մեզ: Ոգևորե՛ք մեզ:
Խնդրում եմ՝ ընդունե՛ք այս կոչը:
Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար
Խաղաղություն`
Սերժ Թանգյան