Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի մայրը` Գայանե Ինջիղուլյանը, բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում ասված է.
«Հարգարժան պարոն Նախագահ,
Ձեզ դիմում է ձեր երկրի քաղաքացի, մի հայ մայր, հայ կին, ով ճակատագրի բերումով հայտնվել է անելանելի և սոսկալի իրավիճակում: Որդիս՝ Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, ով ժամկետային զինծառայող է, գերեվարվել է ադրբեջանցիների կողմից այս տարվա օգոստոսի 8-ին և մինչ օրս գտնվում է գերության մեջ: Միայն որդիս չէ, որ գերի է, այլ` մեր ողջ ընտանիքը, մեր հոգու անդորրը, վաղվա օրվա նկատմամբ մեր հավատը: Թերևս կարիք չկա նկարագրելու բոլորիս, բայց հատկապես իմ՝ Հակոբի մոր, հոգի ծվատող ապրումների ողջ ահավորությունը: Նշեմ, որ որդիս առողջական խնդիրներ ունի և նման պայմաններում այդ խնդիրներն ավելի կծանրանան: Դուք էլ եք ծնող և պատկերացնում եք՝ գերության մեջ գտնվող երեխայի համար ծնողի սիրտը ոնց կցավի: Գիտեմ, որ առանց այդ էլ և' Պաշտպանության նախարարությունը, և' ողջ պետությունը, ցանկություն ունեն անելու առավելագույնը: Բայց ես էլ մայր եմ, ում զավակը գտնվում է մահվան ու կյանքի սահմանագծին, ով տեղյակ է հակառակորդի վայրագ վարվելաոճին և ում համար սպասումը դարձել է դժոխային տանջանք: Ես պատրաստ եմ սեփական կյանքով փրկագնել որդուս, ցավոք` անհնար է:
Հակոբի 80-ամյա տատիկի, մեր ընտանիքի բոլոր անդամների և անձամբ իմ անունից թախանձագին խնդրում եմ` Ձեր բարձր հովանու տակ վերցնել այս խնդրի լուծումը: Հակոբը միայն իմ որդին չէ, այլ` հոժար կամքով հայկական բանակը համալրած զինվոր, ով իր կյանքը վստահել է պետությանը: Վստահ գիտեմ, որ գերեվարված զինվորի մոր արյուն-արցունքը անտարբեր չի թողնի ձեզ: Երկնքում Աստծուն ենք ապավինում, երկրի վրա` Ձեզ: Ավելի հեղինակավոր մեկին չենք ճանաչում: Հնարավորության դեպքում՝ Ադրբեջանի նախագահի հետ ձեր առաջիկա հանդիպման ժամանակ խնդրում ենք արծարծել նաև այս հարցը: Ձեր կենսագրության փառահեղ էջերին ծանոթ ենք, գիտենք, որ նախագահ լինելուց առաջ՝ առաջին հերթին ձեր ազգի նվիրյալ զինվորն եք եղել, ուստի` ավելի լավ կպատկերացնեք իրավիճակի ողջ սարսափը»:
Գերության մեջ է ձեր քաղաքացին, ձեր բանակի զինվորը, ձեր հայրենակիցը, ով կյանքի 22-րդ գարունը նոր է բոլորել, մի մատղաշ կյանք, որ այսօր ամենաշատը կարիք ունի օգնության: Գրիչս մայրական վիրավոր սրտի արյուն-արցունքի մեջ եմ թաթախել, մեր վշտի մեջ մեզ միայնակ մի' թողեք: Աստված զորավիգ լինի Ձեզ: Ակնկալում ենք Ձեր օգնությունը»: