Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Մաշտոցի պուրակում էին հավաքվել կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ բողոքող` բարձր տեխնոլոգիաների և ծրագրավորման ոլորտի աշխատակիցները: Նրանք ամփոփեցին նախօրեին կազմակերպած զանգվածային բողոքի ակցիայի արդյունքները և մտքեր փոխանակեցին հետագա անելիքների վերաբերյալ:
Նրանք արդեն բողոքի նամակներ են ուղարկել ՀՀ վարչապետին, կառավարությանը, պատրաստվում են նամակ ուղարկել նաև Սահմանադրական դատարան, Մարդու իրավունքների պաշտպանին, Փաստաբանական պալատ և Հանրային խորհուրդ:
Ծրագրավորողները փաստեցին, որ երեկվա բողոքի ակցիան որևէ կոնկրետ արդյունք չի տվել: Հավաքվածները կարևորեցին իրազեկման խնդիրը, որովհետև քաղաքացիների մեծ մասը տեղյակ չէ խնդրի մանրամասներին: Որոշվեց թռուցիկներ պատրաստել ու բաժանել ուսանողներին, ինչպես նաև կազմել աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն իրավական, տնտեսական ու բողոքի ակցիաների կազմակերպման հարցերով:
«Խորհրդարանում հնարավոր չէ հարցեր բարձրացնել, որովհետև մենք տեսնում ենք, որ մեծամասնությունը բոյկոտում է: Մենք կորցրել ենք խորհրդարանի միջոցով հարցին լուծում տալու հույսը: Հիմա մեր հույսը Սահմանադրական դատարանն է: Նաև ցույցեր կանենք նախագահականի դիմաց, որ նախագահը զբաղվի այս խնդրով»,- ասացին ծրագրավորողները` հավելելով, որ Սահմանադրական դատարան այդ հարցով կարող են դիմել թե' Մարդու իրավունքների պաշտպանը, թե' այն պատգամավորները, որոնք խորհրդարանում բարձրացրել են այդ խնդիրը:
Բողոքի ակցիայի նախաձեռնող անդամներից Տիգրան Մարտիրոսյանը նշեց, որ իրենք բազմաթիվ անպատասխան հարցեր ունեն` ինչո՞ւ է բարեփոխումը կրում պարտադիր բնույթ, ինչո՞ւ այն ունի տարիքային խտրական բաղադրիչ, ինչո՞ւ հինգ տոկոսի պահում և այլն: Հնչեցին բողոքի ակցիայի տարբեր առաջարկներ, դրանցից մեկն է` վերադարձնել նախագահի կողմից ստացված բոլոր պարգևատրումները, որովհետև, բողոքող քաղաքացիների խոսքով, նախագահը տունտունիկ է խաղում իրենց հետ` մրցանակ տալով ու հետո հարկերի ու վճարումների ձևով այդ գումարները հետ վերցնելով: Բոյկոտի մի ձևն էլ, ըստ բողոքող քաղաքացիների, գործադուլներն են: «Չենք պատրաստվում պարտադրողական ձևով աշխատավարձից մեկ դրամ վճարել, չենք էլ ուզում, որ գործատուն վնասներ կրի, որտե՞ղ է կոմպրոմիսը: Վստահ ենք` գործադուլները ճնշում գործադրելու լավ միջոց կլինեն»,- նշեցին քաղաքացիները: