Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը նախօրեին սառը ջուր է լցրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին։ Վերջինս բացահայտ տեքստով ասել է, որ Փաշինյանը ստում է, երբ պնդում է իբր ռուսական կողմի ներկայացրած առաջարկներում Արցախի կարգավիճակի մասին որևէ բառ չի եղել։
«Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը», - նշել է ռուս դիվանագետը։
Վերջինս նաև փաստացի մեղադրել է Փաշինյանին բանակցային գործընթացը տապալելու և փաստացի հակահայկական խնդիրներ օրակարգ բերելու մեջ։ Այսպես, շարունակելով Արցախի հետագա կարգավիճակի և Լաչինի միջանցքի լայնության թեման՝ Իգոր Պոպովը մասնավորապես նշել է, որ «ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը չեն մերժել այդ առաջարկությունները, սակայն լիակատար համաձայնության հասնել չի հաջողվել, բայց կարևորն այն է, որ բանակցություններն ընթացել են պարբերական հիմքով: Ընդհուպ մինչ 2018թ., երբ Երևանն առաջ է քաշել նոր մոտեցումներ»։ Այսինքն, ըստ ռուսաստանցի համանախագահի, ամեն ինչ փչացել է հենց այն պահին, երբ Փաշինյանը որոշել է «զրոյից սկսել» բանակցությունները։ Դե իսկ հետևանքները չափազանց լավ են հայտնի…
ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահի այդ մեկնաբանությունն անմիջապես հետևել է Փաշինյանի Մոսկվայի այցին, որի ընթացքում ՀՀ վարչապետը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ միասին հայկական կողմի համար հերթական ստորացուցիչ հայտարարությունն է ստորագրել։ Պարզ է, որ Իգոր Պոպովը կարող էր շատ ավելի վաղ արձագանքել Փաշինյանի տխրահռչակ «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածի բացահայտ սուտ գնահատականներին։ Բայց ռուսական կողմը նախընտրել է սպասել այցի արդյունքներին, հետո արդեն՝ որպես հերթական պայմանավորվածությունները խախտելու պատիժ, ահա այդպիսի շառաչուն ապտակ հասցնել Փաշինյանին։
Իսկ ինչու՞ էր պետք Ռուսաստանին պատժել Փաշինյանին։ ԱԳՆ իմ բարձրաստիճան աղբյուրները պնդում են, որ մինչ Մոսկվա այցելելը ռուսական կողմը երկար աշխատանք է կատարել պաշտոնական Երևանի հետ՝ պահանջելով, որպեսզի Ալիևի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն անպայման պնդի գերիների ու զոհված զինծառայողների աճյունների փոխանակման խնդիրները շուտափույթ լուծելու անհրաժեշտությունը և այդ հարցը որպես մնացած բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու նախապայման ներկայացնի։ Ավելին, որպեսզի համոզված լինեն, որ Փաշինյանը չի շեղվի իրենց առաջարկած օրակարգից, ռուս դիվանագետներն առաջարկել են նրան գրառում անել այդ մասին և նախօրոք նշել իր բանակցային առաջնահերթությունները, ինչը և Փաշինյանն արել է։ Այդկերպ, ինչպես նշում են իմ աղբյուրները, պաշտոնական Մոսկվան ցանկանում էր որոշակիորեն կասեցնել թուրք-ադրբեջանական դաշինքի՝ մեր տարածաշրջանում այդքան ամրապնդվելու թափը՝ փորձելով հետագայում այստեղ իրավիճակ փոխող նոր լուծումներ գտնել։ Սակայն ամեն ինչ տապալվեց հենց այն պահին, երբ Մոսկվայում Ալիևը պահանջեց սկզբից լուծել իր համար կարևոր խնդիրները, հետո նոր խոսել մնացած բոլոր հարցերի մասին։ Ըստ իմ աղբյուրների, Նիկոլն անգամ ծպտուն չի հանել Ալիևի այդ պահանջի դեմ։ Արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք՝ հերթական խայտառակ համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է բացում թուրք-ադրբեջանական դաշինքի համար և ոչինչ չի տալիս ո՛չ Հայաստանին և ո՛չ էլ Ռուսաստանին։
Այն, որ Փաշինյանը վստահելի գործընկեր չէ Ռուսաստանի համար, կարծում եմ, վաղուց արդեն ակնհայտ փաստ է։ Բայց Մոսկվայում ենթադրել անգամ չէին կարող, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցբող անձը կարող է այդչափ անտարբեր լինել իր իսկ երկրի կենսական շահերի հանդեպ։ Վերջին ամիսների ընթացքում սա արդեն երկրորդ նման դեպքն էր։ Առաջինը հոկտեմբերի 9-ին պատերազմը կանգնեցնելու հնարավորության մերժումն էր Փաշինյանի կողմից։ Եվ հիմա արդեն փաստ է, որ ռուսական կողմն այլևս չի պատրաստվում հանդուրժել Փաշինյանի նման գործելաոճը։ Կարծում եմ՝ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահի նախօրեի պատասխանն այդ առումով բավական խոսուն է՝ Փաշինյանին այլևս չեն ներվում իր սխալները և նա դրանց համար կոնկրետ հարվածներ է ստանում։
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Աղբյուրը՝ Times.am