կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-21 13:49
Քաղաքական

Փաշինյանի «նախաձեռնողականությունը» և Էրդողանի «ապտակը» ․ Անդրանիկ Թևանյան

Փաշինյանի «նախաձեռնողականությունը» և Էրդողանի «ապտակը» ․ Անդրանիկ Թևանյան
 
Նիկոլ Փաշինյանին հաջողվեց 3 տարվա ընթացքում գրեթե ոչնչացնել 30 տարվա, այսինքն՝ 1988–ի շարժման ձեռքբերումները։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
 
Նրա բերած ու նրա պարտված պատերազմի արդյունքում կորցրեցինք Արցախի պետականությունը, տարածքների զգալի մասը, ունեցանք հազարավոր զոհեր։ Դեռ կան չգտնված մարմիններ։ Բաքվում կտտանքների են ենթարկվում հայ գերիները։
Հարցականի տակ է հայտնվել Հայաստանի անկախ պետականությունը։ Թշնամին մտել է մեր երկրի տարածք՝ «խաղաղության դարաշրջանի» մասին ճամարտակությունների ներքո․ հաղթող ազգը վերածվեց թշնամուց խաղաղություն մուրացող ժողովրդի։
Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ այս ամենի ֆոնին Թուրքիայի նախագահ Էրդողանը ՀՀ անկախության օրվա առիթով «նվեր» է մատուցում Հայաստանին՝ գաղտնազերծելով Փաշինյանի «նախաձեռնողական» քայլերը։ Այս առումով մի քանի արձանագրում ու հարցադրում։
1․ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով կուլիսային առաջարկ է ներկայացնում Թուրքիայի ղեկավարին։ Վերջինս ոչ թե նույն փակ տարբերակով է պատասխանում Փաշինյանին, այլ՝ հրապարակային ձևով։ Սա դիվանագիտական առումով շառաչուն ապտակ է։ Էրդողանն ըստ այդմ նվաստացրել է Փաշինյանին։ Կենցաղային լեզվով ասած՝ «փչացրել»։
Միջպետական, այդ թվում՝ թշնամական երկրների միջև հարաբերություններում ընդունված են փակ շփումները։ Բայց երբ դու թշնամի երկրի ղեկավարին միջնորդավորված առաջարկ ես անում ու հանդիպում խնդրում, իսկ Էրդողանը հրապարակայնացնում է առաջարկդ ու դրա կատարման համար նախապայմաններ առաջ քաշում, ապա դա նշանակում է, որ դու խայտառակ պարտություն ես կրել քո «խաղաղասիրության», «նախաձեռնողականության» հարցերում ու հերթական պարտությանն ես տանում ՀՀ–ին։
Հայաստանն ու Թուրքիան ասիմետրիկ համակարգեր են։ Ու երբ թույլ ու պարտված կողմն է «նախաձեռնողականություն» ցուցաբերում, ապա դա «էն գլխից» երաշխավորում է պարտություն։
2. Հայաստանի ղեկավարի արած քայլերի մասին տեղեկանում ենք մեր զինվորների գլխին բայրաքթարներ ուղարկած թշնամի երկրի ղեկավարից։
Եվ սա ժողովրդից թաքուն չգործելու ՀՀ իշխանությունների դեմագոգիկ խոստումներից հետո։
3. Էրդողանը սահմանել է «խաղաղության դարաշրջանի» գինը՝ Սյունիքի միջանցք։ Մինչև այդ էլ հայտարարվել էր նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից ՀՀ–ի հրաժարվելու մասին։ Փաշինյանն այս ամենին պատասխանել է, որ ինքն անշեղորեն գնալու է «խաղաղության դարաշրջանի» ուղղությամբ։ Դա նույնն է, որ մեկը քեզ փողոցում հայհոյի ու ծեծի, բացի այդ՝ պահանջի նաև բնակարանիդ կարևոր հատվածները տալ իրեն, իսկ դու հայտարարես, որ անշեղորեն գնալու ես ծեծողի հետ «խաղաղության դարաշրջան» կառուցելու ուղղությամբ։
4․ ԱԺ մանդատային մեծամասնություն կազմող խմբակցությունից՝ «Պարտության» կուսակցությունից որևէ մեկը տեղյակ եղե՞լ է Փաշինյանի «նախաձեռնողականության» մասին։ Գիտակցո՞ւմ են նրանք, որ համատեղ պատասխանատվություն են կրում նրա քայլերի ու դրանց հետևանքների համար։
5․ Կառավարության անդամները տեղյակ եղե՞լ են Էրդողանին ուղղված խնդրանք–առաջարկի մասին։ Նույն հարցը վերաբերում է անվտանգության խորհրդի անդամներին։
6․ Հանրապետության նախագահ աշխատող Արմեն Սարգսյանը ի՞նչ կարծիքի է այս ամենի մասին։ Նա կրկին մամուլի՞ց է տեղեկացել Թուրքիայի ուղղությամբ «նախաձեռնողականության» մասին։
7. 2000–ականների սկզբում Էրդողանն էր փակ խնդրանք–նամակ գրում ՀՀ իշխանությանը։ Իսկ հիմա ՀՀ իշխանությունն է միջնորդավորված փակ խնդրանք ուղարկում Էրդողանին ու ստանում հրապարակային ապտակ։
8․ «Խաղաղության դարաշրջանի» գինը Հայաստանն է։ 680.000–ը դա՞ է ուզում։ Ի՞նչ են անելու 400 հազարը, որ Հայաստանի վերացում թույլ չտան։ Տանը մնացած 800 հազարը դեռ չի՞ ուզում տեղից շարժվել, թե՞ բոլորը որոշել են լքել Հայաստանը, պարզապես կորոնան թույլ չի տալիս։ Հարցերս ինչ–որ առումով հռետորական են։
Առայժմ այսքանը։
Հ․Գ․։ Տոնական տրամադրություն, բնականաբար, չկա, բայց այդուհանդերձ շնորհավորում եմ անկախականներին սեպտեմբերի 21–ի կապակցությամբ և ցանկանում, որ ազգը կարողանա ժողովրդին իրական անկախություն բերել ու ապահովել արժանապատիվ կյանք։