|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ Երեւանի կենտրոնում Շանթ Հարությունյանի կազմակերպված «Հեղափոխական պայքարը» վերածվեց բենզինի շշերի հեղափոխության, որն էլ ավարտվեց ձերբակալություններով: Եղան մարդիկ, այդ թվում` ոստիկաններ, որոնց տեղափոխեցին հիվանդանոց:
Շանթ Հարությունյանի «հեղափոխությունը» տարբեր գնահատականների արժանացավ. ոմանք ողջունեցին նրա արարքները, ոմանք էլ նրա քայլերը գնահատեցին որպես արկածախնդրություն, անգամ` խելահեղություն:
Yerkir.am-ը երեկվա դեպքերի վերաբերյալ լսել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կարծիքը:
«Մեր երկրի վերջին տարիների ձեռքբերումներից է քաղաքացիական դիրքորոշում ունեցող, իր իրավունքների, պետության ապագայի համար պայքարող, այս իրավիճակին չհարմարվող, օր օրի ավելացող՝ հատկապես երիտասարդ մարդկանց առկայությունը: Այսօր կացությունը և' ներքին, և' արտաքին քաղաքականության մեջ այնպիսին է, որ դժգոհության տարատեսակ դրսևորումներն անխուսափելի են»,- նշեց Վարդանյանը` հավելելով, որ թերևս դրանցից մեկն էլ նոյեմբերի 5-ին մայրաքաղաքի կենտրոնում կատարվածն էր:
Նա ասաց, որ ՀՅԴ-ի համար, սակայն, անհեռանկարային են անկազմակերպ, անընդունելի մեթոդներով այդօրինակ գործողությունները:
«Չբացառելով նաև հնարավոր սադրանքի տարրերը՝ գտնում ենք, որ այդ ճանապարհը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել: Հասարակությունը պետք է ինքնակազմակերպվի և համակարգային բարեփոխումներ պարտադրի իշխանություններին բացառապես սահմանադրական ուղիներով: ՀՅ Դաշնակցությունը այս առումով իր մոտեցումները շարադրել է յոթկետանոց ծրագրի տեսքով: Մենք աշխատել ու աշխատելու ենք այդ ուղղությամբ՝ մշտապես ապավինելով գիտակից, կազմակերպված, պետության ճակատագրով մտահոգ քաղաքացիներին»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը: