կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-26 14:47
Քաղաքական

Ճիշտ կլիներ` նախագահը ուղերձով դիմեր ժողովրդին. Աղվան Վարդանյան

Ճիշտ կլիներ` նախագահը ուղերձով դիմեր ժողովրդին. Աղվան Վարդանյան

Թվում է` քաղաքական ակտիվ գործընթացները դադարել են, ԱԺ-ն արձակուրդում է, ամառային անդորր է, հետընտրական փուլն ավարտվել է, եւ կարծես, քաղաքական հիմնական ուժերը դադարի մեջ են, բայց, մյուս կողմից, ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, երբեք այսքան ներքին մեծ լարվածություն հասարակական-քաղաքական կյանքում քիչ է եղել:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վարդանյանը ակնհայտ համարեց, որ երկրում բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ է, ազգային-պետական արժեքների նահանջ, հեռանկարի բացակայություն, արտագաղթի տրամադրություններ եւ այս ֆոնին նաեւ` կառավարության կամ իշխող մեծամասնության ներսում որոշակի գործընթացներ, ՎՊ-կառավարություն ակնհայտ հակասություն, օֆշորային սկանդալներ, խախտումներ մարզերում, ամեն օր հուզումներ գյուղերում, գազի, էլեկտրաէներգիայի խնդիր: ՀՅԴ-ական պատգամավորը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ում ակտիվ ներքին քննարկումներ են` վերաիմաստավորելու վերջին տարիների գործունեությունը, բացթողումները, սխալները, հասկանալու երկրի իրական վիճակը եւ ՀՅԴ-ի դերակատարությունը:

 

«Անկախ մեր երկրում կայացող ընտրությունների բնույթից` պարզ է, որ մենք դեռեւս չենք կարողացել մեր հասարակության լայն շերտերի մեջ վստահություն, հավատ եւ մեր կողքին կանգնելու վստահություն առաջացնել, եւ սա մեզ համար կարեւոր քննարկումների, ներքին բարեփոխումների մի շրջան է, եւ ես կարծում եմ` առաջիկայում նաեւ հասարակությունը մեր քննարկումներին` ավելի բաց, ականատես կլինի: Կարծում եմ, որ առնվազն առաջիկա մեկ տարում ճիշտ կլինի, որ առաջին հերթին զբաղվենք մեզանով, մեր ներքին բարեփոխումներով եւ փորձենք վերականգնել մեր քաղաքացիների, մեր հասարակության զգալի հատվածի վստահությունը: Որ դրա հիմքերը կան, ես վստահ եմ»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:

 

Նա իշխանության ներսում նկատում է տարաձայնություններ, տարակարծություններ եւ հակասություններ, բայց պարզ չէ, թե սա ուր է տանելու: Իսկ հիմնական պատճառներից մեկը, ըստ Վարդանյանի, այն է, որ մեր քաղաքական համակարգը գերմոնոպոլացված է` բոլորը սպասում են նախագահի խոսքին, թե ինչպես կկողմնորոշվի, ինչ կասի այս կամ այն անձի վերաբերյալ:

 

Այս լուռ ներքին հակամարտությունը, Վարդանյանի կարծիքով, շատ ջուր է քաշելու: «Իբրեւ քաղաքացի ես կուզենայի, որ գոնե առաջիկա աշնան սկզբին ՀՀ նախագահը ուղերձով դիմեր ժողովրդին: Ե'վ ներքին հարցերը, ե'ւ արտաքին մարտահրավերները այնքան են հասունացել, որ ուղղակի նման ելույթի անհրաժեշտություն կա: Պետք է տրվեն այս փուլի` մեր երկրի ուղենիշները եւ զարգացման հնարավորությունները, հստակ խաղի կանոններ թելադրվեն, որով պետք է այս երկիրը հնարավորություն ստանա բնականոն զարգանալու եւ այս վիճակից դուրս գալու»,- հայտարարեց դաշնակցական պատգամավորը եւ նշեց, որ նահանջում ենք նաեւ մեր հիմնական` բարոյական, մշակութային, հոգեւոր արժեքներից:

 

Վարդանյանը մեր մտավորականության մեջ հազիվ մի քանի անուն կարող է տալ, որոնք ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեն եւ մեր հոգեկերտվածքի կրողն են, օրինակ` Գագիկ Գինոսյան, Վահան Արծրունի, Ռուբեն Բաբայան:

 

Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ թեեւ ՀՅԴ-ից սպասելիքները հասարակության կողմից միշտ էլ մեծ են եղել, բայց ՀՅԴ-ում էլ կա ներքին խնդիրներ, դժվարություններ, բայց համոզված է, որ այս վիճակից դուրս են գալու, իսկ դրա համար ընտրությունների սպասել պետք չէ: