Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հիմա ամենակարևորն այն է, որ ժողովուրդը պետք է գա համերաշխության: Որքան էլ վատ վիճակում լինենք, Սարդարապատից վատ վիճակում չենք, երբ սոված և անօգնական էինք, բայց այդ ժամանակ եղավ հաղթանակ, քանի որ եղավ միասնություն, հիմա պառակտումը խորանում է, ես տեսնում եմ, որ դա ուղղորդված միտում է, ինչը նշանակում է, որ ինչ-որ մեկը մեզ պատերազմ է հայտարարել ներքին պառակտման միջոցով: Պառակտումը հայ ազգի համար քաղցկեղի նման մի բան է». Հայաստանի ներկա բարդ իրավիճակի և լուծման ճանապարհների վերաբերյալ Yerkir.am-ի հետ հարցազրույցում այսպիսի մոտեցում հայտնեց Տիգրան Բալոյանը։
Նա «Ստատուս հոլդինգի» համահիմնադիրն է, քաղցկեղով հիվանդ երեխաների փրկությանն ուղղված «FUND 100» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, Ռուս-հայկական սլավոնական համալսարանի դասախոս և Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի տնօրենը։ Տիգրան Բալոյանը մինչ օրս քաղաքական բոլոր զարգացումներին հետևել է կողքից, քանի որ հայոց բանակում ծառայությունից հետո սկսել է հիմնականում բիզնես ոլորտում գործունեություն ծավալել՝ սկզբում հիմնել է ուղևորափոխադրող ընկերություն, որից հետո՝ երկար տարիներ սիրելի աշխատանք գովազդի ոլորտում: Նրա եռանդն ու հայրենասիրությունը տեսնելով՝ շատերն են միշտ զարմացել, թե Տիգրանն ինչո՞ւ չի զբաղվում քաղաքականությամբ, բայց ինչպես ինքն է նշում. «Ամեն բան իր ժամանակն ունի»:
«Ես չէի զբաղվում քաղաքականությամբ, բայց միշտ հետաքրքրված եմ եղել, անհանգստացել եմ իմ երկրի համար, միշտ ունեցել եմ դիրքորոշումներ, որոնք երբեմն ճիշտ, որոշ դեպքերում նաև սխալ են եղել, բայց ես անուշադիր և երկրի հարցերին կողքից նայողի կարգավիճակում երբեք չեմ եղել: Տարբեր կուսակցություններում միշտ ունեցել եմ և ունեմ լավ ընկերներ, բայց քաղաքականությունից դուրս էի, և հենց այդպես էլ կմնար, եթե չհասունանար պահն առ այն, որ ես պետք է մասնակիցը լինեմ երկրի ապագայի կառուցման գործընթացում: Այս պահին իմ և շատերիս մասնակցությունն արդեն դարձել է անհերքելի անհրաժեշտություն»,-նշում է նա և հավելում, որ բիզնեսից հետո հեշտ չէ միանգամից փոխել ծանոթ ու հարազատ միջավայրը: Քաղաքականության մեջ ամեն քայլի համար պետք է կրկնակի մտածել, քանի որ հետևանքը բոլորինն է՝ դու պատասխանատվություն ես կրում մարդկանց համար:
Տիգրան Բալոյանն անդրադառնալով 2018-ի հեղափոխությունից իր և բոլորի սպասումներին՝ նշում է. «Ոգեշնչված էինք, որ կգան նոր փոփոխություններ, որոնք դեպի ապագան միտված կլինեն, բայց հեղափոխությունից հետո մենք պտտվեցինք և սկսեցինք նայել դեպի ետ: Ես չեմ ասում, որ նախորդիվ եղած հարցերով պետք չէր զբաղվել, բայց դա չպետք է դառնար քաղաքական գլխավոր օրակարգ: Փաստացի մեր օրակարգը դարձավ ոչ թե մեր ապագան, այլ՝ անցյալը: Նախկինների թերացումները հարկավոր էր ինստիտուցիոնալ ձևով քննել, այլ ոչ՝ քաղաքական, դրանով պետք է զբաղվեին համապատասխան մարմինները, եթե դատական մարմինն այդ պահին պատրաստ չէր, ապա պետք է զբաղվեին այն ժամանակ, երբ պատրաստ կլինեին: Մենք ետ նայելով քայլում էինք առաջ և դրա համար «ընկանք ձորը»:
Նրա խոսքով՝ Հայաստանի զարգացման համար գլխավոր խնդիրը կրթության, արժեհամակարգերի և մշակույթի պակասն է: Ինքն էլ երևանյան մշակութային, հայրենասեր և քաղաքակիրթ ընտանիքում է ծնվել: Հայրը՝ Սամվել Բալոյանը, երաժիշտ, մշակութային գործիչ է, մայրը՝ հոգեբան-մանկավարժ, քույրը ևս մշակութի ոլորտում է աշխատում: Հոր նախաձեռնությամբ ստեղծվել և գործունեություն են ծավալել մի շարք խմբեր, որոնցից են «Գանձասար» ժողովրդական երգի-պարի համույթը, «Մարաթուկ» համույթը, «Արարատ» փողային նվագախումբը, «Երևան» կանանց երգչախումբը: Հայրենասիրական ոգով լի ընտանիքի մոդելն աչքի առաջ ունենալով՝ ստեղծել է իր ընտանիքը, ունի տղա և աղջիկ: Հայաստանից դուրս լավ կյանք դասավորելու բազմաթիվ հնարավորություններն անտեսելով՝ Տիգրան Բալոյանը հիմա սեփական երկրում իրենից կախվածն անելու և համընդհանուր հաջողությունների մասնիկը դառնալու ցանկություն ունի:
Այն հարցին, թե ո՞ւմ է տեսնում Հայաստանի ղեկավարի պաշտոնում, նա շեշտում է, որ չի ուզում մեկ անձից կախված լինի երկրի ճակատագիրը, քանի որ մարդը խոցելի է, ունի իր թուլությունները:
«Ցանկացած մարդ կարող է գայթակղություների չդիմանալ՝ փառք, իշխանություն և փող, այդ իսկ պատճառով պետք է համակարգային լուծում տրվի, և իշխանության գա կուսակցություն, որտեղ կան անհատականություններ, առողջ խմորումներ և միասնական որոշումներ: Անձի պաշտամունքից Հայաստանը մի օր վերջապես պետք է դուրս գա, քանի որ ամենալավ անձն էլ կարող է ճանապարհից շեղվել: Եթե լինի համակարգ, որտեղ տարբեր ոլորտի մասնագետներ հավաքվեն ու որոշումներ կայացնեն հանուն Հայաստանի լավ ապագայի, հանուն մեր մշակույթի և ժողովրդի, ապա արդյունքը կդառնա շոշափելի»,- եզրափակում է նա: