Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ-ում կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետ Արսեն Հարությունյանին հարց ուղղեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա երկու հարց ուներ Հարությունյանին: Նախ հետաքրքրվեց, թե ձևավորվելիք լրացուցիչ միջոցները, որոնք գնալու են արտաբյուջետային հաշիվ և ծախսվելու են հատուկ նպատակներով, ո՞ր ուղղություններով են նախատեսում ծախսել ապագայում: Երկրորդը հարցը վերաբերում էր նրան, թե կառավարությունն այսօր արդյո՞ք կարող է պատասխանատվություն վերցնել, որ մինչև 2031 թվականը կարող ենք Սևանի մակարդակը բարձրացնել մինչև համապատասխան նիշը: «Երաշխիքներ կարո՞ղ ենք այսօրվանից տալ»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Հարությունյանը պատասխանեց, որ ինքը կցանկանար, որպեսզի արտաբյուջետային միջոցներն ամբողջությամբ ծախսվեին ոռոգման համակարգի բարելավման վրա: «Բայց ես չեմ որոշում կայացնողը, ես պատասխան չեմ կարող տալ, թե կոնկրետ որ ուղղությամբ են ծախսվելու: Սակայն կաթիլային համակարգն է այսօր առաջնային խնդիրը, որ պետք է լուծվի, ջրի հաշվառման սարքերն են: Այսօր ոռոգման համակարգում ունենք ընդամենը 79 հաշվառման սարք, սակայն անհրաժեշտ է ևս 2100 սարք, իսկ գումարը կկազմի շուրջ 3,5 մլն դոլար: Բայց այդ սարքերի տեղադրումով կունենանք ամբողջապես վերահսկելի և կառավարվելի ջրային համակարգ, կբացառվեն նաև կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին՝ Հարությունյանը նշեց, որ երաշխիք չի կարող տալ, որ 2031-ին կապահովվի վեց մետրը: «Ես երաշխիք չեմ կարող տալ, բայց մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք մեր առջև դրած նշաձողը բարձրացնել»,- ընդգծեց նա:
Վարդանյանն էլ արձագանքեց, որ բնական է, որ լրացուցիչ միջոցները կցանկանան ոռոգման համակարգի վրա ծախսել: «Եթե ինձ հարցնեք՝ ճիշտ կլինի, որ այդ գումարները մի մասով ծախսվեն ոռոգման համակարգի վրա, իսկ մի մասով էլ` Սևանա լճի կարիքների վրա՝ մաքրման, բազմաթիվ այլ խնդիրներ կան»,- ասաց նա:
Հարությունյանն էլ նշեց, որ պատգամավորի առաջարկը կներկայացնի կառավարությանը: